Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովրդագիրը՝ ՀՀՇ-ի ժամանակվա արտագաղթի, ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի նմանության մասին

Հոկտեմբեր 15,2012 14:38

Երբ ՀԱԿ-ը մտավ խորհրդարան, ՀՀԿ-ՀԱԿ պատգամավորների կողմից փոխադարձ մեղադրանքներ հնչեցին, թե ում իշխանության օրոք է մեծ եղել արտագաղթը՝ ՀՀՇ-ի՞, թե՞ ներկայիս իշխանության:

Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը արտագաղթի թեմայով հրավիրած ասուլիսում ժողովրդագիր Ռուբիկ Եգանյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ո՞ւմ իշխանության օրոք է մեծ եղել արտագաղթը: Նա պատասխանեց. «Էմիգրացիա ես կկոչեի, չնայած այսօր պարզվեց, որ իսկապես արտագաղթ է, որը սկսվել է դեռեւս 90-ականների սկզբներից՝ 92-ին 240 հազար մարդ է արտագաղթել, 93-ին՝ 180 հազար մարդ: Եթե 2000-ի սկզբներին  տարեկան  գնացող-եկողների տարբերությունը՝ միգրացիոն սալդոն կազմում էր մոտավորապես 30-40 հազար մարդ, ընդհանուր 90-ականների ողջ  ընթացքում, մինչեւ 2000-ի սկիզբը մոտավորապես 800-900 հազար մարդ գնացին՝ չվերադարձան: Վերջին հետմարդահամարային շրջանում, իմ գնահատմամբ, որը հիմնված է մարդահամարի առկա բնակչության նախնական գնահատականից ելնելով՝ հաշվարկված է մոտավորապես 250-260 հազար մարդ գնացել ու չի եկել վերջին 10 տարվա ընթացքում»:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանի դիտարկմամբ՝ «Այ մարդ, ի՞նչ կարեւոր է, թե ով երբ է գնում: Դա միայն կառավարության համար եւ գիտական ուսումնասիրության համար է կարեւոր: Մեզ միտումն է անհանգստացնում՝ կապ չունի՝ այս տարի գնացել է 10 հոգի՞, թե՞ 20 հոգի, բայց գնում են, չէ՞: Մենք կարող ենք չհավատալ վիճակագրությանը, դա էական չի, էականը միտումն է: Ժամանակին, երբ մարդիկ գնում էին, նրանք վերադառնալու երազ ունեին: Այսօրվա գնացողը հիմնահատակ գնացող է: Ես գիտեմ գյուղերից մարդիկ, որոնք երբեք տաք ջուր չեն տեսել, հիմա գնացել են Լենինգրադում տաք ջրով ապրում են, երեխեքը ռուսերեն են խոսում: Այդ մարդիկ գիտե՞ք ինչքան մարդ են արդեն իրենց զգում: Մարդիկ գոնե գնում են՝ էլի կաշխատեն, չի ժանգոտի իր գործիքը, իսկ այստեղի գյուղացին չի էլ ուզում արդեն աշխատել»:

Ռուբիկ Եգանյանի համոզմամբ՝ նախ, մեր երկրում 91-ից ի վեր իշխանության փոփոխություն չի եղել. «Որեւէ մեկը դա նկատե՞լ է: Եթե  մի մարդը փոխարինվում է մեկով, դա չի նշանակում իշխանության փոփոխություն: Եթե իրենց որդեգրած սկզբունքները բացարձակապես նույնն են, դա ընդամենը անձերի փոփոխություն է, որեւիցե բան չի փոխվել: Հավասար չափով իրենք մեղավոր են, հավասար չափով իրենց բոլորին ձեռնտու է  այս իրավիճակը»: Մենք ճշտեցինք՝ նաեւ ՀՀՇ-ի՞ն է ձեռնտու եղել արտագաղթը՝ ժողովրդագիրը պատասխանեց. «ՀԱԿ-ը հիմա ինչ է, այն մասն է, որը հիմա իշխանություն չի, բայց նրանք նույն մարդիկ են՝ իրենց մտածելակերպով, իրենց պատկերացումներով ու ցանկություններով: Եթե իրենք այսօր լինեին իշխանության, անձը փոխված չլիներ, իրենց վարքագիծը լինելու էր որակապես, սկզբունքայնորեն նույնը: Ես դա միանգամայն համոզված եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031