Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ չարենցյան հալածանքի մասին. 33-ին քաղաքական էր, հիմա՝ քաղքենիական

Հոկտեմբեր 15,2012 14:26

Գրականագետ Դավիթ Գասպարյանի կազմած «Գիրք մնացորդաց» ժողովածուն, որն ամփոփում է Չարենցի անտիպ ժառանգությունը, արգելանքի տակ է: Տպագրվել է գիրքը, եւ ուր որ է պետք է ուղարկվեր գրախանութներ, Դավիթ Գասպարյանի ասելով, մեկ էլ իրեն կանչել են մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումից եւ ասել, որ այն չի հասնելու ընթերցողին, քանի որ Չարենցի ժառանգները, մասնավորապես դուստրը՝ Անահիտ Չարենցը, նամակ է ուղարկել ՀՀ նախագահին եւ գրքի հետ կապված որոշ անհամաձայնություն հայտնել: Թե ինչպիսի՞, Դավիթ Գասպարյանը չի մանրամասնում, ասում է՝ չգիտեմ:

Aravot.am-ի հարցին, իսկ ինչո՞ւ չի ցանկանում զանգել Անահիտ Չարենցին, տեղեկանալ պատճառների մասին, Դավիթ Գասպարյանը պատասխանում է, թե կարիքը չկա, որովհետեւ օրեր առաջ միասին Գյումրիում կերել-խմել են՝ Չարենցի կիսանդրին էր բացվել:

Այսօր «Հայելի» ակումբում չարենցագետը ներկայացրեց «Գիրք մնացորդացը». այն իր 15 տարվա աշխատանքի արդյունքն է , նյութերը ձեռք են բերվել Հայաստանի արխիվներից, իսկ բուն գրական մասում այն նյութերն են, որոնք պետությունը գնել է Գեւորգ Էմինի որդուց՝ Արտաշես Էմինից: Գրքի առաջաբանը զբաղեցնում է հատորյակի 1/3-ը, գրքում զետեղված են 11 պոեմ, բանաստեղծություններ, պաշտոնական 44 գրություն, 7 նամակ եւ հեռագիր, 2 թարգմանություն Պուշկինից եւ այլն:

Դավիթ Գասպարյանը, որ մի նամակ էլ ինքն է գրել ՀՀ նախագահին, նեղսրտում է. «Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք է հայտարարված, ինչպե՞ս կարելի է մեր օրերում գիրք արգելել, մանավանդ սա գիտական հրատարակություն է, զանգվածային չէ…»: Ասում է. «Չարենցի «Գիրք ճանապարհին» 33 թվականին արգելանքի տակ մնաց մեկ տարով: Այն ժամանակ Չարենցի դեմ ուղղված հալածանքը քաղաքական էր, հիմա՝ քաղքենիական»:

Գրականագետը վստահեցնում է, որ գիրքի հրատարակման համար կոպեկ անգամ չի ստացել. «Միակ ուրախությունն այն է, որ գիրքը տպագրվել է պետպատվերով»: Որոշել է՝ վաղը-մյուս օրը հնարավոր է գիրքը հրատարակի իր միջոցներով՝ առանց որեւէ տառ փոփոխելու ու թեկուզ անվճար բաժանի ընթերցողին: Նա չի կարծում, թե Չարենցի ժառանգների դժգոհությունները կապված են հեղինակային իրավունքի խախտման հետ. Չարենցի մահից հետո 75 տարի է անցել: Գասպարյանը հավաստիացնում է, որ Չարենցի հոգեկան անհավասարակշիռ վիճակի մասին բժշկական փաստաթղթի հրապարակումը եւս չէր կարող դժգոհության տեղիք տալ, որովհետեւ այն մեկնաբանվել է: Ծանոթագրություններում ինչ-որ մեկին վիրավորելու մասին վարկածն էլ հերքեց:

Ասուլիսի ժամանակ պարոն Գասպարյանը չցանկացավ անուններ տալ եւ իր դժգոհությունների հասցեատիրոջը նշել, ընդամենն ասաց. «Եթե ձեզ հետաքրքիր է, գիրքը կարդացեք՝ իմացեք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031