Քաղաքապետարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ, Գյումրու նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը և գեներալ Մանվելի մտերիմներից է:
Քաղաքապետարանցիների ասելով, Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, նախքան իր հեռանալը, տրանսպորտի բաժնի պետ է նշանակել ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանին, որպեսզի գոնե այս ձևով կարողանա օգտակար լինել հաշմանդամ ազատամարտիկներին: Հաշվարկելով, որ կարելի է 30 անաշխատունակ ազատամարտիկների որպես դիսպետչեր տեղավորել աշխատանքի, նա այս պաշտոնը հանձնել է Յուրա Ալեքսանյանին: Սակայն, Գյումրու նորանշանակ քաղաքապետը ԵԿՄ-ի ղեկավարին առաջարկել է իր կամքով հեռանալ: Սա, ըստ մեր աղբյուրների, հարուցել է գեներալ Մանվելի զայրույթը, քանի որ ԵԿՄ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ պաշտոնապես սատարել է Սամվել Բալասանյանին:
Լուրեր են շրջում, որ գեներալը պատրաստվում է այս թեմայի շուրջ բացատրություն պահանջել պարոն Բալասանյանից:
Կարդացեք նաև
Մենք պարզաբանումներ խնդրեցինք Յուրա Ալեքսանյանից, որը սակայն փոխանցեց, թե ոչինչ դեռ հստակ չէ, իր հետագա պաշտոնավարման մասին դեռ ասելիք չունի:
Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանն էլ մեզ փոխանցեց, որ Յուրա Ալեքսանյանը գրանցված է եղել ժամանակավոր պաշտոնակատար, այժմ այդ հաստիքը թափուր է, և համաձայն «Համայնքային ծառայության մասին» օրենքի՝ փնտրվում է համապատասխան կադր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ