Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «ԱԺ ուսանողական նստարանից չեմ եկել, ունեմ գիտելիքների բազա, տիրապետում եմ օտար լեզուներին»

Հոկտեմբեր 15,2012 13:35

Այսօր «Ազդակ» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ ստեղծված լարվածությանը՝ այսպես մեկնաբանեց. «Լարվածություն բառը չէի օգտագործի, քանի որ ի սկզբանե կուսակցությունները եղել են առանձին քաղաքական ուժեր, ինչ-որ մի պահի կազմել են կոալիցիա, եւ ԲՀԿ-ն որոշել է, որ պետք է լինի այս ձեւաչափով: Հարգում եմ ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշումը, հարգում եմ նաեւ, որ իրենց պատգամավորին ի սատար կանգնելով՝ լքեցին նիստերի դահլիճը»: Նա Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկման ժամանակ կոշտ ելույթ ունեցավ: Ասուլիսում պատգամավորը բացատրեց, որ Վարդան Օսկանյան անձին իրոք շատ հարգում էր, իսկ իր ելույթը վերաբերում էր այդ գործընթացի քաղաքականացմանը. «Որպես մեղադրյալ անձը հնարավորություն է ունենում ունենալ փաստաբաններ, ավելի խորը ծանոթանալ նյութերին: Մենք բոլորս սպասում ենք, որ պարոն Օսկանյանը ցուցմունք կտա, այս հարցը, փառք Աստծո, կփակվի եւ կշարունակենք մեր աշխատանքները: Մենք ուղղակի ճանապարհ ենք տվել արդարադատությանը:

Հարցին՝ նա՞ էր Ձեր կարծիքով «ձկան մեծ գլուխը»՝ նա ասաց, որ ես խորհուրդ կտայի հարցնել այն մարդուն, որը օգտագործել է այդ արտահայտությունը. «Նախագահի ասելով՝ ես հասկացել եմ այդտեղ, երկրում կան խնդիրներ: Վազգեն Խաչիկյանն էլ է ձերբակալված եւ նա նույնպես չի ընդունում իր մեղքը»: Պատգամավորը վստահեցրեց, որ Վարդան Օսկանյանի հեռանալուց ու խոսքերից հուզվել է, բայց «կողմ» է քվեարկել:

Aravot.am-ի հարցին՝ կան տեսակետներ, որ ԲՀԿ-ի բոյկոտը սխալ էր, որ նրանք կարող էին միայն չմասնակցել Վարդան Օսկանյանի միջնորդագրի քվեարկությանը, իսկ բյուջեի կատարողականի քվեարկությանը մասնակցել, Դուք համաձա՞յն եք դրա հետ, որ թուլության նշան էր ԲՀԿ-ի կողմից՝ Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Համաձայն եմ դրա հետ: Պետք էր տարբերակել: Քառօրյայում քննարկվում էր երկու տարբեր հարց: Կոնկրետ ինձ համար հետաքրքիր կլիներ լսել ԲՀԿ-ի դիրքորոշումը եւ իմանալ, ինչու էին իրենք պատրաստվում դեմ քվեարկել, եթե, իհարկե, դեմ էին քվեարկելու»:

ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին խոսելով՝ նա նշեց. «Ցավում եմ, որ ԱՄՆ-ի պես պետությունը կարող է խորությամբ չուսումնասիրել հարցը եւ նման հայտարարություն անել»: Մեր հարցին՝ այդ հայտարարությունից Դուք ի՞նչ էիք հասկացել, կա՞ կապ առաջիկա ընտրությունների հետ եւ այդ հայտարարությունից չի՞ կարելի ենթադրել, որ ԱՄՆ-ն Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի թիկունքին է՝ Նաիրա Կարապետյանը բացառեց դրսի ուժերի ազդեցությունը մեր ընտրությունների վրա:

ԵԽԽՎ պատվիրակության կազմում Նաիրա Կարապետյանը փոխարինելու է Հերմինե Նաղդալյանին: Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ կարող է չարդարացնեք հույսերը, որովհետեւ նոր մարդ եք ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ԵԽԽՎ-ում՝ նա պատասխանեց. «ԱԺ ուսանողական նստարանից չեմ եկել,  ունեմ գիտելիքների բազա, տիրապետում եմ օտար լեզուներին»:

Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել, թե ինչպե՞ս է վերաբերում այն պատգամավորներին, որոնք նախկինում ընդդիմություն են եղել, հիմա՝ ՀՀԿ խմբակցությունում են, որոնք ճամբարից ճամբար են թռչում՝ Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Ճամբարից ճամբար թռչելը հստակեցնենք: Եթե մարդը ընդդիմությունում իր տեսակետներն օգտագործել է, չի ստացել որեւէ արտահայտում, նորմալ է, որ իր ներուժն օգտագործի՝ ի շահ պետության: Շատ են լինում դեպքեր, երբ ընդդիմությունն առաջարկ է անում՝ ասում է ես գամ, ինչ-որ բան անեմ, իրեն առաջարկում են անել դա, չի անում: Ես դա համարում եմ աթոռակռիվ: Կողքից նայելով՝ պարոն Գեղամյանը անցել է բավականին հետաքրքիր ժամանակաշրջան, նրանց ունեցած պոտենցիալը չօգտագործել՝ ես սխալ եմ գտնում: Չեմ ընդունում, երբ մարդ մի քանի անգամ մի քանի կուսակցութուն է փոխում: Բայց երբ մի կուսակցությունից մեկ ուրիշն է մտնում, դա առաջընթաց է: Գեղամյանն այսօր աշխատում է: Կատարում է լուրջ օրենսդիր աշխատանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031