Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի միջազգային իրադրությանը նվիրված քննարկումների շրջանակներում հոկտեմբերի 13-ին ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում հատուկ անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա ընդգծեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ, որը համահունչ է Հայաստանի մոտեցմանը, բազմիցս արտահայտել են կարգավորման գործընթացում միջազգային հանրության կողմից միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Այդ դիրքորոշման գլխավոր մոտեցումներն են առաջարկված ընդգրկելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։ Ցավոք, Ադրբեջանը շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը և մերժել միջնորդների կողմից հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկները։
Հոկտեմբերի 14-ին գագաթաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ ամրագրվեց ՖՄԿ անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 14-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ