Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են պարզաբանումներ բնապահպանության նախարարից. «Արդյոք Ձեր մեղքի բաժինը չեք տեսնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության ռեժիմի խախտման և բարձիթողի վիճակի համար»

Հոկտեմբեր 15,2012 12:31

ՀՀ բնապահպանության նախարար

պարոն Ա. Հարությունյանին

 

Հարգելի պարոն նախարար,

 

Արդեն մի քանի ամիս է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով  ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտման, իրական մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելը:

Ավաղ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմը՝ Ձեր ղեկավարությամբ, մինչև օրս որևէ ռեալ քայլ չի ձեռնարկել վերոնշյալ պահանջների կատարման ուղղությամբ. քարե շինությունը դեռևս շարունակում է մնալ արգելոցի տարածքում, Գիլան կոչվող բնակավայրի բնակիչները շարունակում են հատել արգելոցի տարածքը՝ փաստացի խախտելով արգելոցի պահպանման ռեժիմը, հակահրդեհային ճանապարհ ունենալու անվան տակ ծանր տեխնիկայի միջոցով հեռացվել է հողի բերրի շերտը և ավոտճանապարհ բացվել (վնասվել է լանդշաֆտը, ստեղծվել է սողանքավտանգ իրավիճակ, որը հետագայում հորդառատ անձրևների և ձնհալի դեպքում անդառնալի վնասներ կհասցնի արգելոցին):

Վերոնշյալ կարևորագույն հիմնախնդիրներին անդրադառնալու և իրավական լուծումներ տալու փոխարեն, դուք, որպես պետական լիազոր մարմնի ղեկավար, նպատակահարմար եք գտել աշխատանքից ազատել միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վ. Բարսեղյանին և մի շարք աշխատակիցների, իսկ այլ աշխատակիցների ենթարկել կարգապահական տույժերի: Բայց նույն արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պետը շարունակում է պաշտոնավարել, այն դեպքում, երբ որսագողությունը կատարվել էր տվյալ տեղամասում և նրա պաշտոնավարման ժամանակ: Զարմանալի է, թե ինչու աշխատանքից չեք ազատել ժ/պ Թամազյանին և Կաքավաբերդ տեղամասի պետին: Կատարվածն արդեն ապացուցում է տնօրենի ժ/պ Թամազյանի և Կաքավաբերդ տեղամասի պետի ոչ պրոֆեսիոնալ ու թերի աշխատանքը:

Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա շենքի ապամոնտաժման հարցի լուծման վերաբերյալ ս. թ. հուլիսի 30-ին Ձեր կողմից անցկացված աշխատանքային քննարկումից մի քանի օր հետո մեզ հայտնի դարձավ, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանը գտնվում էր արձակուրդում: Այսինքն այն ժամանակ, երբ արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանը եղել է արձակուրդում և նրա փոխարեն Ձեր կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ շինարար Հ. Թամազյանը, ում, ըստ պտտվող լուրերի, պատրաստվում եք հաստատել այդ պաշտոնում, կատարվել է որսագողություն և արգելոցի ռեժիմի խախտում:

Փաստորեն, արգելոցի տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիների սպանդը կատարվել է հենց այս անձնավորությունների՝ արգելոցի տնօրենի ժ/պ Թամազյանի և Կաքավաբերդի տեղամասի պետի պաշտոնավարման ժամանակ, այն պետի, ով նաև փաստացի տնտեսական գործունեություն է ծավալում արգելոցի տվյալ տեղամասում: Կաքավաբերդի տեղամասում ներկայումս առկա է հսկայական հնձված արտեր, մեղվապահության համար նախատեսված հնարավորություն և տեղադրված փեթակներ, ընտանի կենդանիներ, որոնք արածում են տվյալ տեղամասում:

Այսպիսով, բազմաթիվ հարցեր են առաջանում, ինչու արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանին անհրաժեշտ պահին արձակուրդ ուղարկելու և հետագայում աշխատանքից ազատելու մասին հրամաններ արձակեցիք, ինչու արգելոցի տնօրենի և տեղամասերի պետերի միջև անհավասար մոտեցում ցուցաբերեցիք, արդյո՞ք, ազատվելով արգելոցի տնօրեն Վ.Բարսեղյանից և մի քանի շարքային աշխատողներից և պահպանելով Կաքավաբերդ տեղամասի պետին, գտել եք արգելոցի փրկության և նրա ներսում առկա հիմնախնդիրների հնարավոր իրավաչափ լուծումներից մեկը:

Ելնելով սույն հարցի հանրային նշանակությունից, պահանջում ենք մեզ տրամադրել պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ՝

 

1)      Ե՞րբ, որքա՞ն ժամանակով և ի՞նչ հիմքով է արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանը մեկնել արձակուրդ:

2)      Ի՞նչ նպատակ էր հետապնդում արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանին կարևոր պահին արձակուրդ ուղարկելու մասին հրաման կայացնելը, այնուհետև՝ աշխատանքից ազատելը, որքանո՞վ են հիմնավորված Ձեր կողմից կայացված այդ հրամանները, արդյո՞ք դուք դրանով վտանգի տակ չեք թողել արգելոցը:

3)      Ինչու՞ է մինչև օրս շարունակում իր պաշտոնին մնալ նույն արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պետը, որքանո՞վ է նրա այդ պաշտոնին մնալը հիմնավոր և նպատակահարմար:

4)      Արդյո՞ք Ձեր մեղքի բաժինը չեք տեսնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության ռեժիմի խախտման և բարձիթողի վիճակի համար, եթե ոչ, ապա հիմնավորեք թե ինչու՞ չեք տեսնում:

 

Ակնկալում ենք հրապարակային պատասխան:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031