– Շատ լավ եմ հիշում մեր Այգեստան փողոցը Գետառի ափին, որտեղ հիմա ԵՊՀ-ն է կառուցված: Քաղաքի ամենամրգաշատ վայրերից մեկն էր, որը հարուստ էր իր խաղողի այգիներով, կանաչապատ բուսականությամբ: Մանկությունս քաղաքի այս հատվածում է անցել, -հիշում է 71-ամյա Աիդան, ով 1965թ. ամուսնացել ու տեղափոխվել է Գյումրի, որտեղ մինչ այսօր էլ խոսում է երևանյան բարբառով:
Նշում է, որ իր մանկության ու այսօրվա Երևանի միջև ահռելի տարբերություն է նկատում. «Օրինակ, նախկինում Երևան ասելով` պատկերացնում էինք միայն այսօրվա քաղաքի կենտրոնը, իսկ այժմ այն բավականին ընդլայնվել է, ինչն էլ շատ գովելի է, ինչպես նաև հաճելի է տեսնել, որ քաղաքը օրեցօր նոր տեսք է ստանում»:
71-ամյա տիկնոջ աչքից չվրիպած փոփոխությունները նկատում են բոլորը, անգամ կրտսեր սերնդի ներկայացուցիչները:
Արգիշտի Ա-ի կառուցած Էրեբունին այսօր այնքան է փոխվել, որ հնագույն ամրոցներից մեզ ժառանգություն են հասել միայն թանգարանային նմուշները, պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունները: Մեր վայելածն, իհարկե, իր տեսքով ավելի երիտասարդ պատմություն ունեցող Էրիվանին է մոտ, որը նույնպես 1924թ. ընդլայնվել է Թամանյանի կազմած հատակագծով: Այժմ Թամանյանի ձեռագիրն էլ է կարծես թե կամաց-կամաց կորցնում իր հետքը օրեցօր ավելացող ժամանակակից շինությունների արդյունքում:
Երևանի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր շենք իր պատմությունն ունի, որին քաջատեղյակ երևանցու համար, օրինակ, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի շենքը ինչ-որ չափով կարող է նաև ուխտատեղի լինել. այստեղ նախկինում եկեղեցի է եղել, իսկ արդյոք բոլորը գիտեն, որ այսօրվա Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակների մշտական ներկայացուցչության շենքում նախկինում նստում էին Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության անդամները:
Երևանն այսօր հարուստ է նաև թանգարաններով, գրադարաններով, եկեղեցիներով, պատմամշակութային այլ վայրերով: Երևանի պատմության մասին ամենալավ տեղեկատուն Էրեբունի թանգարանն է, որտեղ պահպանվում են ուրարտական ձեռագրերն ու արձանագրությունները: Ի դեպ, ուրարտական արձանագրյություններից պահպանվել է 13 տողանոց մի սեպագրություն, որը 1950 թ. հայտնաբերվել է Արին-Բերդում ու վերծանվել ուրարտագետ Մարգարիտ Իսրայելյանի կողմից: Այն Երևանի ծննդյան վկայականն է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին`Մենուա թագավորի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք`ի զորություն Բիայնայի և ի սարսափ թշնամյաց երկրների… Հողը այստեղ ամայի էր, և ես հզոր գործեր կատարեցի»:
Էրեբունիից վերածված վարդագույն Երևանը անգնահատելի է ոչ միայն իր հարուստ ու հին պատմությամբ, այլև հարազատ ու կենսուրախ մթնոլորտով:
Անի ՂՈՒԿԱՍՅԱՆ