Ռուսաստանի կողմից Հայաստանում 2007-ից իրականացվող վիճահարույց «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագրի շուրջ վերջին շրջանում հակասություններ են առաջացել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ: Այս առիթով անգամ ԱԺ-ում հոկտեմբերի 3-ին ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հայտարարեց, թե Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այդ ծրագիրը Հայաստանի համար ընդունելի չէ: Մանրամասնելով վարչապետը նշեց. «Այն ձեւով ու ֆորմատով, որ այդ ծրագիրն իրականացվում է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ: Եվ մենք համաձայնություն չենք տվել մեր Ռուսաստանի գործընկերներին, որ այս ծառայությունը իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետությունում»:
Այս հայտարարությանը հետևեց ՌԴ դեսպանի արձագանքը, այն բովանդակությամբ, թե Ռուսաստանը բռնի ուժով Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստան չի տանում:
ՀՀ-ում այս ծրագրի դեմ կրքերն այնքան են բորբոքվել, որ արդեն դրված է ծրագիրը դադարեցնելու հարցը: Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ հայկական կողմը հոկտեմբերի 12-ին արձանագրել է, որ կտրականապես դեմ է ՌԴ միգրացիոն ծառայության կողմից «Հայրենակիցներ» ծրագրի իրականացմանը Հայաստանում: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել էր. «Արձանագրության մեջ հստակ արտահայտվել են կողմերի դիրքորոշումները: Ռուսական կողմի պնդումով արձանագրության մեջ գրվել է, որ ինքը շահագրգիռ է այդ ուղղությամբ շարունակել աշխատանքները, իսկ հայկական կողմն արձանագրել է, որ կտրականապես դեմ է դրան: Հայաստանի տարածքում գործողությունները որոշում է Հայաստանը: Քանի որ մենք դեմ ենք արտահայտվել այդ ծրագրին, բնական է, որ այն չի կարող իրականացվել»:
Aravot.am-ը ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք նպատակահարմա՞ր է ծրագրի դադարեցումը և արդյոք այս կերպ է պետք պայքարել արտագաղթի դեմ: Տիկին Խառատյանը պատասխանեց. «Իհարկե, ծրագրի դադարեցումը նպատակահարմար չէ, ես գտնում եմ, որ դա սահմանները փակելու նման մի բան է: Այդ կերպ վարչական լծակներով սահմանափակվում է մարդկանց ելքը: Այդպիսով ընդամենը արտագաղթի ճանապարհներն են փակվում, բայց միևնույն ժամանակ մեծացվում են արտագաղթի պատճառները»:
Կարդացեք նաև
Տիկին Խառատյանը նկատում է, որ ծրագրի գործունեության պայմաններում մարդիկ քիչ թե շատ ապահով էին իրենց զգում այդ երկրում և մանրամասնում. «Գոնե ապահովվում էին նվազագույն պայմանները: Ռուսները ճիշտ են ասում, որ հայերն են խնդրում, դիմորդների թիվն այնքան մեծ էր, որ ռուսական կողմը նույնիսկ ընտրություն էր կատարում: Հայտարարվում է, թե ռուսները որպես ռազմավարական գործընկեր նման ծրագիր չպիտի իրականացնեին, բայց նույն հաջողությամբ դա կարող է անել ասենք Իտալիան, կամ Գերմանիան»:
Հ. Խառատյանը կարծում է, որ արտագաղթի խնդիրը լուծելու համար ոչ թե պետք է արտագաղթի ճանապարհները փակել, այլ մտածել պատճառները վերացնելու մասին:
Իսկ վարչապետի՝ ԱԺ-ում արված հայտարարության մասին ազգագրագետն այսպիսի կարծիք ունի. «Վարչապետը արտագաղթի բուն խնդիրները վերացնելու մասին ասելիք չուներ, ուստի հարմար առիթ էր ցույց տալու, թե որքան են մտահոգված այդ խնդրով: Սա ընդամենը ծաղր է: Կամ հաշմանդամների հետ կապված վերջին բացահայտումները, որ վարչապետը հայտարարում է, թե 65 հազար մարդ ինչ կմտածի իրենց մասին: 65 հազար մարդ նոր պե՞տք է մտածի նրանց մասին, մի՞թե այդ խախտումների մասին իրենք չգիտեին, հիմա նոր իմացա՞ն: Ծաղր է, ծաղր, գոնե, ձայները կտրած նստեն տեղները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ