Դամասկոսը շաբաթ օրը փակել է իր օդային տարածքը Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի համար
Թուրքիայի իշխանություններն արգելել են Սիրիայի մարդատար ինքնաթիռների մուտքը երկրի օդային տարածք:
Այս մասին Թուրքիայի իշխանությունները հայտնել են կիրակի օրը՝ Մոսկվայից Դամասկոս ուղևորվող մարդատար օդանավն Անկարայում վայրէջք կատարել ստիպելուց չորս օր անց:
Նման գործողությունների դիմելու անհրաժեշտությունն Անկարան հիմնավորել է՝ մեղադրելով Դամասկոսին մարդատար օդանավերի միջոցով կառավարական զինված ստորաբաժանումներին սպառազինություն առաքելու մեջ:
Կարդացեք նաև
Թուրքիայի իշխանությունների կողմից մարդատար ինքնաթիռը վայրէջք կատարել ստիպելու գործողություններին ի պատասխան Դամասկոսը շաբաթ օրը փակել էր իր օդային տարածքը Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի համար: Այս քայլը հիմնականում խորհրդանշական է, քանի որ Թուրքիան արդեն իսկ հրահանգել է, որպեսզի իր որևէ օդանավ մուտք չգործի Սիրիայի տարածք:
Այս ընթացքում ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերն ու ուղղաթիռները երկրի բնակավայրերը ռմբակոծելիս օգտագործում են դեռևս Խորհրդային Միությունում արտադրված կասետային ռումբեր:
Կազմակերպության կողմից կիրակի օրը հրապարակված զեկույցում նշվել է, որ Սիրիայի բնակավայրերում նման ռումբերի մնացորդներ են հայտնաբերվել խաղաղ բնակիչների կողմից:
Կազմակերպությունը հորդորել է Սիրիայի իշխանություններին անմիջապես դադարեցնել կլաստերային ռումբերի կիրառումը: Սիրիայի իշխանությունները դեռևս որևէ արձագանք չեն ներկայացրել կլաստերային ռումբեր օգտագործելու մասին մեղադրանքներին:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»