Ֆուտբոլի Կուբայի ազգային հավաքականի չորս ֆուտբոլիստներ Տորոնտոյում ինքնակամ լքել են հավաքականը, որը մեկնել էր Կանադա՝ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի հերթական հանդիպմանը:
Կուբացիները մեկնել էին 15 ֆուտբոլիստներով, սակայն թիմը հանդիպման ներկայացել էր ընդամենը 11-ով եւ խաղի ժամանակ պահեստայինների նստարանին գտնվել է միայն մարզչական կազմը: 0:3 հաշվով պարտվելուց հետո գլխավոր մարզիչ Չանդլեր Գոնսալեսը որքան էլ խուսափել է պատասխանել համառ լրագրողների հարցերին, այնուամենայնիվ, ստիպված խոստովանել է. «Ինչպես մյուս մարզաձեւերի ազգային հավաքականների անդամները, այնպես էլ ֆուտբոլիստները շատ են շրջագայել եւ «հիվանդ էին ամերիկյան երազանքով»: Հավատացեք, դժվար էր նրանց կապած պահել: Ինձ համար էլ դժվար է այդ մասին խոսել», – ասել է մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ