Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և բարձր է գնահատել Երևանի ու Ստավրոպոլի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները և ընդգծել է իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:
«Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար: Մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք նաև աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, ինչը կնպաստի քաղաքների միջև կապերի էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ համագործակցության ակտիվացմանը»-նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ վերջերս Երևանի քաղաքապետարանի պատվիրակության Ստավրոպոլ կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և հրավերի համար` Գեորգի Կոլյագինը նախ շնորհավորել է Էրեբունի-Երևանի 2794-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել է, որ կարևորում է քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերի շարքում համատեղ գործակցությունն ու առաջիկայում ակնկալում է Երևանի հետ ակտիվ և արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել նաև մասնագետների փոխայցեր` երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին ու ծրագրերին ծանոթանալու և համագործակցության եզրերն առավել հստակեցնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն