Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն ողջունում եմ մեր երկրների պետական իշխանության, բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին արդեն երկրորդ անգամ Երևանում հավաքող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և հյուրերին:
Հայաստանին և Ռուսաստանին միավորում են եղբայրության և բարեկամության բազմադարյա հարաբերությունները: Հենց այդ հարաբերություններն են դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության սկզբունքներով այսօր վստահորեն զարգացող հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմք կազմում:
Կարդացեք նաև
Մենք սերտորեն և համակարգված փոխգործակցում ենք միջազգային օրակարգի հարցերի շրջանակում, արգասաբեր համագործակցում ենք ամենատարբեր՝ տնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում: Բարձր ենք գնահատում ռուսաստանյան մեր բարեկամների հետ հաստատված բաց, կառուցողական և որոշակի արդյունքների ձեռքբերմանն ուղղված երկխոսությունը, որը միշտ նոր հնարավորություններ է ստեղծում մեր գործընկերության զարգացման համար:
Մեր պետությունների միջև փոխգործակցության ամենաարդյունավետ գործիքներից մեկը դարձել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց Հայաստանի և Ռուսաստանի պետական իշխանության, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների միջև բաց, կառուցողական երկխոսության պահանջված հարթակի հեղինակություն: Շատ կարևոր է, որ նման համագործակցությունը ներգրավում է Ռուսաստանի ավելի շատ տարածաշրջաններ՝ արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածից մինչև Սիբիր և Հեռավոր Արևելք:
Հեռանկարային նպատակը մենք տեսնում ենք կարևոր նախագծերի ակտիվ առաջխաղացման մեջ, որն ուղղված կլինի մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա բարձրացման ապահովմանը, համաշխարհային շուկաներում դրանց մրցունակության ամրապնդմանը՝ զարգացման նորարարական ուղուն և առաջատար տեխնոլոգիաների ներդրմանն անցնելու միջոցով:
Հուսով եմ՝ համաժողովի ընթացքում ձեզ սպասվում է կարծիքների արդյունավետ փոխանակում, որն ունակ է խթանելու պահանջարկ ունեցող նոր գաղափարների մշակումը, որոնք միասին կկարողանանք իրականացնել՝ ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների ստեղծագործ ներուժի աճի: Իսկ մշակված հանձնարարականները կնպաստեն գործարար կապերի, մշակութային և միջատարածաշրջանային փոխանակումների զարգացմանը, հասարակական, այդ թվում՝ երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության ընդլայնմանը:
Համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»: