2013թ.-ի պետական բյուջեի նախագծով Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսվում է տրամադրել 14 մլրդ 52,7 մլն դրամ, որից 13 մլրդ 710,3 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 342,4 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Ծրագրված գումարները 2012 թ.-ի հաստատված բյուջեի նկատմամբ աճել են 2 մլրդ 750,3 մլն դրամով:
Աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները ծրագրավորվել են 9 մլրդ 880,7 մլն դրամի չափով, որը 2012 թ.-ի պետական բյուջեի նկատմամբ ավել է նախատեսվել 2 մլրդ 708,2 մլն դրամով: Այս գումարից 2 մլրդ 424,9 մլն դրամի չափով աճը պայմանավորված է 2013 թ.-ի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» օրենքի կիրառմամբ, իսկ 40,3 մլն դրամը` ենթասպայական անձնակազմի 35-ով ավելացմամբ, 243 մլն դրամը` Ազգային անվտանգության ծառայության համակարգի գլխավոր և միջին խմբերի ծառայողների միջին ամսական աշխատավարձերը ՀՀ ոստիկանության համակարգի նույն խմբի ծառայողների միջին ամսական աշխատավարձերին հավասարեցմամբ:
Ենթասպայական անձնակազմի ավելացմամբ պայմանավորված` 2012 թ.-ի պետական բյուջեի նկատմամբ 4,2 մլն դրամով աճել են նաև այլ վարձատրությունների գումարները: 2013թ.-ի համար գումարը նախատեսվել է 511,1 մլն դրամի չափով: Այն ուղղվելու է ազգային անվտանգության համակարգի սպաների և ենթասպաների պարենի փոխհատուցմանը և ազգային անվտանգության համակարգի զինծառայողներին համազգեստի դիմաց դրամական փոխհատուցմանը:
Սոցիալական նպաստները հաշվարկվել են 33.4 մլն դրամի չափով: Այս գումարները նախատեսվում է ուղղել ազգային անվտանգության ծառայության համակարգի ծառայողների առողջության, տարիքային ժամկետը լրանալու, հաստիքների կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու և կենսաթոշակի անցնելու արձակման նպաստների վճարմանը:
Կարդացեք նաև
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը 2013 թ.-ին նախատեսվել են 342,4 մլն դրամի չափով: Այդ գումարից 59 մլն դրամ նախատեսվում է ուղղել տրանսպորտային միջոցների` 10 մարդատար ավտոմեքենաների, իսկ 283,4 մլն դրամը` վարչական սարքավորումների ձեռքբերմանը: