Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Հարությունյան. «Արժի, որ Կեսայանցի «Աստծո պատիժ» սցենարով ֆիլմ նկարահանվի, դա մեծ նվաճում կլինի կինոյի համար»

Հոկտեմբեր 13,2012 15:42

«Նաիրի » կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ ռեժիսոր, սցենարիստ Դմիտրի Կեսայանցի`անվանի կինոգործչի մասին հրատարակված «Աստծո պատիժ » գրքի շնորհանդեսը եւ «Ավդոյի ավտոմեքնենան » ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը:

Ազգային կինոկենտրոնը որոշել է ռեժիսորի հոբելյանի կապակցությամբ գզրոցից հանել ու տպագրության արժանացնել «Աստծո պատիժը » սցենարը այն համոզմունքով, որ այդ կերպ կկարողանա ինչ-որ չափով թեթեւացնել իր պարտքի բեռը կինոգործչի հիշատակի առջեւ եւ հավատով, որ ռեժիսորի վերջին ֆիլմը դեռ օրակարգում է: Հայ անվանի կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի 80-ամյակի կապակցությամբ պատրաստված այս գրքում ներկայացված է նրա «Աստծո պատիժ» սցենարը` հայերեն թարգմանությամբ, ինչպես նաեւ համառոտ ակնարկ նրա անցած ստեղծագործական ուղու մասին:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով գիրքը հրատարակվել է անցյալ տարի. « Դժբախտաբար, թե բարեբախտաբար գրքի շնորհանդեսը այսօր է: Ռեժիսորը մեծ երազանք ուներ նկարահանելու այս սցենարը, սակայն իր երազանքը չիրականացավ:

Մենք այսօր գրքի տեսքով փորձեցինք այն իրականացանել եւ հանձնել ձեր դատին»:

Գրքի թարգմանչուհի եւ առաջաբանի հեղինակ Անահիտ Հարությունյանը նշեց, որ գիրքը հրատարակելուց հետո, հրատարակիչը ասելիք չունի, միայն շնորհակալություն է ցանկանում հայտնել, քանի որ գրքում դա չի արել.

«Բազմաթիվ գրքեր եմ հրատարակել, սակայն սա այն քչերից մեկն է, որը սիրով եմ արել: Շնորհակալություն եմ հայտնում գրքի մեղավորին` Դմիտրի Կենայանցին, նա շատ լավ ռեժիսոր էր:  Պնդեցի, որ այս սցենարը թարգմանվի, քանի որ բազմաթիվ կինոգետներ, ռեժիսորներ ու օպերատորներ կարծում են, որ այսօր կինոյում սցենարների քաղց կա, չունենք սցենարիստներ, լավ սցենարներ եւ կինոյի ոչ լավ վիճակը դրանից է գալիս: Սա մի նյութ է, որին մեր հայ կինոն չի անդրադարձել, ուզում ենք ասել, որ այսպիսի սցենար կա եւ անպայման արժի, որ ֆիլմ նկարահանվի, դա մեծ նվաճում կլինի կինոյի համար»:

Թարգմանչուհու համոզմամբ մեր առջեւ մի բացառիկ ստեղծագործություն է, որը ոչ թե սոսկ արվեստագետի երեւակայության արդյունքն է, այլ ապրածի, զգացածի, տեսածի գեղարվեստական վերարտադրություն, ու անկախ այն հանգամանքից` երբեւէ կնկարահանվի, թե ոչ, միանգամայն արժանի է հարատեւելու որպես ինքնուրույն գրական գործ:

Կինոգործչի կինը` Անահիտ Կեսայանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` Ազգային կինոկենտրոնին, Անահիտ Հարությունյանին եւ ներկաներին.

«Շնորհակալություն, որ սիրում եւ հիշում եք Դմիտրի Կեսայանցին »:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031