Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա. Այսօրվա թարգմանիչներին պետք չէ համեմատել Մեսրոպ Մաշտոցի կամ Դավիթ Անհաղթի հետ

Հոկտեմբեր 13,2012 15:29

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը: «Արմատ» ակումբում Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Թովմա քահանա Անդրեասյանը ներկայացրեց տոնի նախապատմությունն ու խորհուրդը. «Մեսրոպ Մաշտոցը եւ Մովսես Խորենացին ունեին իրենց տոները, բայց թարգմանիչների հավաքական տոն որպես այդպիսին չկար: Թարգմանչաց տոն ասելով` տոնացույցում նշվում է վեց անուն` Մովսես Խորենացի, Մեսրոպ Մաշտոց, Դավիթ Անհաղթ, Եղիշե, Ներսես Շնորհալի եւ Գրիգոր Նարեկացի, բայց տոնը նշելիս հիշատակում ենք այն բոլոր թարգմանիչներին, ովքեր գրերի գյուտից ի վեր մեծ սխրանք են կատարել հայ ժողովրդի համար` գրի միջոցով պահպանելով մեր գոյությունը: Դա չափազանցություն չէ, այլ իրականություն: Երբ Մաշտոցը մտնում է Վաղարշապատ` նրան մեծ ցնծությամբ են դիմավորում, քանի որ գիտակցում էին գրերի գյուտի կարեւորությունն այն պայմաններում, երբ Հայաստանը մասնատված էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ»:

Քահանան փաստեց, որ գրերի գյուտը եւ թարգմանչաց գործը հայերին ետ են պահել իշխող ազգերին ձուլվելուց. «Պատմիչները գրում են, որ հայերի Աստվածն իրենց գրերի մեջ է, այդ իսկ պատճառով հատկապես մահմեդականները փորձում էին ոչնչացնել գրերը, սակայն թարգմանիչները դարեր շարունակ տաժանակիր աշխատանքի գնով շարունակում էին արտագրել եւ թարգմանել: Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ թարգմանեց Աստվածաշունչը` «թարգմանությունների թագուհին»: Թարգմանչաց գործը համախմբեց ժոցովրդին եւ նրա գոյության շարունականության երաշխիքը դարձավ, այդ իսկ պատճառով Առաքելական եկեղեցին սահմանեց Թարգմանչաց տոնը` սուրբ թարգմանիչների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:  Բացի սուրբ գրքերից, նախկինում թարգմանվել են նաեւ հույն եւ ասորի ակնառու հոգեւորականների գործերը»:

Տեր Թովմայի խոսքով` ներկայումս մի քանի լեզուների իմացությունը բավարար է թարգմանիչ կոչվելու համար, սակայն պետք չե համեմատել մերօրյա թարգմանիչներին Մեսրոպ Մաշտոցի կամ Դավիթ Անհաղթի հետ. «Նրանք գործում էին բավական ծանր ժամանակաշրջանում եւ ապրում օրհասական պահեր, իսկ հիմա մենք ապրում ենք համեմատաբար խաղաղ պայմաններում: Միաժամանակ, ներկայիս թարգմանություններն իրենց ուրույն դերն ունեն»:

Հավելենք, որ այսօր սուրբ Պատարագ մատուցվեց Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեցեցում: Իսկ երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից դուրս կբերվեն Գրիգոր Նարեկացու մասունքները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031