Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկինում Իջեւանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռադիկ Պապյանի դատավարությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` Ռ. Պապյանը հանդիսանալով ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, Էդվարդ Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց, ապա ստանալով վերջինիս համաձայնությունը, 2010 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ հափշտակել է վերջինիս 3000 ԱՄՆ դոլլար գումարը:
Ռ. Պապյանը 2011թ. փետրվարին չարաշահելով Սերժիկ Քոսակյանի վստահությունը, իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու և պաշտպանյալ Էդվարդ Քոսակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով Սերժիկ Քոսակյանից պահանջել է 5000 ԱՄՆ դոլար գումար, ապա նրա վստահությունն ամրապնդելու նպատակով 2011թ. փետրվարի 28-ին Էդվարդ Քոսակյանին է վերադարձրել վերջինիս անձնագիրը, հավաստիացնելով, որ քրեական գործը կարճվել է: Հետագայում, Էդվարդ Քոսակյանը ստանալով իր անձնագիրը, ՀՀ ՙԲագրատաշենի մաքսային անցակետով լքել է ՀՀ-ի տարածքը, որի համար վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այդ ամենին տեղեկանալով` Ս. Քոսակյանը հրաժարվել է Պապյանին 5000 դոլար գումար տալ: 2012թ. մայիսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ռ. Պապյանին դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման եւ կիրառել ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը և նշանակված ազատազրկման ձևով պատժի չկրած մասը կրճատել մեկ քառորդով`հաշվարկը թողնելով ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկին:
Դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը`ստորագրություն չհեռանալու մասին, թողել է անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Ռադիկ Պապյանը բողոքարկելու է իր նկատմամբ կայացված դատավճիռը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ռ. Պապյանի կնոջ` Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության` գործով տուժողները 16 հոգի են, Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ զինվորական թոշակներ: Բացի այդ, նա 3-4 քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել, մեկից 80 հազար դրամ,մյուսից 450 դոլար եւ այլն: Հրանուշ Ներկարարյանը դատարանում իր մեղքն ընդունել է մասնակիորեն: Նա ընդունում է, որ յուրացրել է թոշակների գումարները, սակայն չի ընդունում, որ քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել եւ չի վերադարձրել: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին:
Թագեր-Տավուշ, փաստաբան, Ռադիկ Պապյան, դատարան, Հրանուշ Ներկարարյան, քրեական, օրենսգիրք, դատել
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ