Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ ՀՀ նախագահի դիտողությունները Վճռաբեկ դատարանի համար նշանակություն չունեն

Հոկտեմբեր 13,2012 13:33

Վերջերս ՀՀ նախագահը դատական իշխանության վերնախավի հետ հանդիպման ընթացքում կրկին անգամ անհանգստություն հայտնեց առկա դատական համակարգի անվստահության վերաբերյալ, որի համար հիմք էին հանդիսացել նաեւ փաստաբանների համատեղ դժգոհությունները՝ ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանին: Թվում էր, թե նախագահի դիտողությունները ընդունելի էին, սակայն կարծում եմ՝ սայլը տեղից չշարժվեց: ՀՀ վճռաբեկ դատարանը միշտ իր որոշումներում բերում է այն ձեւական հիմնավորումը, որ փաստաբանները չեն կարողանում հիմնավորել իրենց վճռաբեկ բողոքները, ինչի հետեւանքով էլ դրանք վերադարձվում են: Սակայն մի հետաքրքիր փաստ է արձանագրվում, որի մասին հայտնել են նաեւ իմ գործընկերները. այսպես, ինչպե՞ս է ստացվում, որ նույն փաստաբանի գրած հիմնավոր վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը չի ընդունում, սակայն այդ նույն փաստաբանի գրած եվրոպական գանգատը ոչ միայն ընդունվում է Եվրոպական դատարանի կողմից, այլ նաեւ ակնհայտ եւ կոպիտ սխալներ արձանագրվում մարդու իրավունքների խախտման ոլորտում: Ինչ է սա նշանակում, մի՞թե ՀՀ վճռաբեկ դատարանը չի տեսնում այն խախտումները, որոնք ակնհայտ են, որոնցում առկա են նաեւ դատական ակտերի, այդ թվում՝ իրենց որոշումներին հակասող ակտեր: Իհարկե՝ տեսնում է, սակայն…. մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին: Ես՝ որպես քաղաքացի, լավատես եմ եւ հավատում եմ, որ ՀՀ նախագահի դիտողությունները ոչ միայն ընդունելի են, այլ դրանք բեմականություն չեն, սակայն ինչ է ստացվում, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իրեն վեր է դասել ամեն ինչից եւ շարժվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝ այդ ճանապարհին անտեսելով եւ իր իսկ կողմից ընդունված որոշումները, եւ փաստաբանների դժգոհությունները, եւ երկրի ղեկավարի անհանգստությունը, եւ օրենսդրությունը: Արդյունքում՝ համատարած խախտվում են մարդու իրավունքները, ինչը շատ անգամ պատճառ է հանդիսանում, որպեսզի Հայաստանի դեմ միջազգային ատյանների կողմից կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք ոչ միայն հարված են հասցնում մեր երկրի համբավին, այլեւ՝ անմիջապես քաղաքացուն: Դատական իշխանության դեմ վստահությունը գալիս է հասարակական հարաբերություններում առկա քննվող վեճերի լուծումից: Ստորեւ հակիրճ ներկայացնեմ այն դատական գործը, որը վերաբերում է դատական ատյանների, ադ թվում՝ Վճռաբեկ դատարանի կողմից «ՀայՌուսգազարդ» ընկերության ապօրինի գործողությունների կատարման թողտվությանը եւ դատական հակասական որոշումներին: Բազմիցս այդ դատական գործի մասին հրապարակումներ են եղել տարբեր լրատվամիջոցներում («Առավոտ» օրաթերթ, www.hetq.am, www.aravot. am, www.advocates.am կայքեր եւ այլն):

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը անհիմն դադարեցրել էր իմ բնակարանի գազամատակարարումը, առանց իմ ներկայությամբ տարել էր գազահաշվիչը: Այդ գործով (ԵԱՔԴ/2225/

02/11 քաղ. գործ) առաջին ատյանի դատարանը համարել էր, որ իսկապես խախտում կատարվել է եւ ապօրինի է հանվել գազահաշվիչը, անգամ մի փոքր վնաս է բավարարվել հօգուտ ինձ, սակայն, միեւնույն ժամանակ, դատարանը գտել էր, որ չպետք է վերականգնվի իմ բնակարանի գազամատակարարումը: Գործը (ԵԱՔԴ/2225/02/11 քաղ. գործ) տեղափոխվեց վերաքննիչ դատարան, որը մերժեց իմ բողոքը, փաստորեն համարելով, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը չպետք է վերականգնի իմ բնակարանի գազամատակարարումը, անկախ նրանից, որ եւ օրենքով, եւ նույն դատարանի որոշմամբ հաստատված է համարվել, որ ընկերության ներկայացուցիչները խախտմամբ են հանել իմ բնակարանի գազահաշվիչը, որ բացակայում է իմ մեղավորությունը, որ գազահաշվիչի պահպանման հոգսը պատկանում է «ՀայՌուսգազարդին»: Ահա եւ վերաքննիչը իր այդ որոշմամբ ուղղակի ձեւով հակասեց իր՝ վերջերս ընդունած որոշումներից մեկին, այն է՝ 16.02.2012թ. թիվ ԵԿԴ /2589/02/10 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած որոշմանը, որի դեմ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը չէր ընդունվել Վճռաբեկ դատարանի 18.04.2012թ. վերադարձի մասին որոշմամբ:

Եվ ահա իմ գործով (ԵԱՔԴ/2225/02/11 քաղ. գործ) ներկայացվեց վճռաբեկ բողոք, որում, բացի մյուս հիմնարար խախտումներից, հիշատակվեց նաեւ այն մասին, որ սույն գործով (ԵԱՔԴ/2225/02/11 քաղ. գործ) վերաքննիչ դատարանի որոշումը ուղղակի եւ անմիջական հակասում է ԵԿԴ /2589/02/10 քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի որոշմանը եւ այդ նույն գործով Վճռաբեկի 18.04.2012թ. վերադարձի մասին որոշմանը: Սակայն զավեշտն այն է, որ Վճռաբեկ դատարանը ոչինչ հաշվի չառավ, անգամ չհարգեց իր իսկ կողմից կայացված 18.04.2012թ. վերադարձի մասին որոշումը, որով փաստացի ընդունել էր ԵԿԴ /2589/02/10 քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ թիվ ԵԿԴ /2589/02/ գործով վերաքննիչի որոշման եւ նույն գործով Վճռաբեկ բողոքի վերադարձի որոշման մասին հիշատակվել է մամուլի վերջին հրապարակումներում: Եվս մեկ անգամ հիշատակենք վերաքննիչի այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման մասին, որին, ի տարբերություն իմ գործի, ՀՀ վճռաբեկ դատարանը համամիտ էր: Այսպես՝ «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Էներգամատակարարման պայմանագրով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ)»: Այսինքն՝ օրենսդիրն էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում եւս քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ուղղակի կախման մեջ է դնում մեղքի առկայությունից: Այսինքն՝ քանի դեռ չի ապացուցվել կողմի մեղավոր գործողությունը (անգործությունը), նրա նկատմամբ էներգամատակարարման պայմանագրային իրավահարաբերություններում չի կարող առաջ գալ քաղաքացիաիրավական պատասխանատվություն:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 555-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, էներգետիկ ցանցերի, ինչպես նաեւ էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի եւ անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով»: Փաստորեն, վերը ներկայացված իրավանորմերի ուժով՝ սույն քաղաքացիական վեճին լուծում տալու համար դեռեւս բավարար չէ գազահաշվիչի շրջանցմամբ բնական գազը հայցվորի կողմից օգտագործված լինելու հանգամանքի հաստատված լինելը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է պարզել, թե հաշվիչ սարքի պատշաճ տեխնիկական վիճակի եւ անվտանգության ապահովման պարտականությունն, արդյոք, օրենսդրությամբ դրվա՞ծ է եղել հայցվորի վրա: Եվ բացի այդ, եթե նման պարտականություն օրենսդրորեն դրված է եղել հայցվորի վրա, ապա, արդյոք, հաշվիչի անսարքության մեջ առկա՞ է եղել նրա մեղավորությունը: Նշվածի առումով դատարանը քննություն չի իրականացրել, որի արդյունքում՝ կայացրել է չհիմնավորված դատական ակտ:

Ինչ է ստացվում, որ Վճռաբեկ դատարանն իմ գործով այլ դիրքորոշում ունի, իսկ ավելի վաղ կայացված գործով՝ այլ դիրքորոշում, այսինքն՝ հակասում է ինքն իրեն: Սակայն մեկ փաստ եւս. երկու գործերի վերաբերյալ Վճռաբեկը որոշումները կայացրել է նույն կազմով, բացառությամբ դատավոր  Մ. Դրմեյանի, որի փոխարեն իմ գործով հանդես էր գալիս դատավոր Ա. Բարսեղյանը: Ինչպես վերաքննիչը, այնպես էլ Վճռաբեկ դատարանը անտեսել են օրենքը, նյութական խախտման առումով որեւէ օրենք իմ նկատմամբ չեն կիրառել, այլ կիրառվել է ԳՄՕԿ կանոնները (գազամատակարարման վերաբերյալ կանոններ)՝ հաստատված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ընդ որում՝ այն էլ սխալ կիրառմամբ եւ մեկնաբանությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին շարունակում է չպատճառաբանել իր վերադարձի որոշումները, այլ բավարարվում է միայն արդեն իսկ ֆորմալ դարձած դատավարական նորմերի մեջբերմամբ, ինչով անտեսում է ոչ միայն օրենքը, այլեւ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը:

Հետաքրքիրն այն է, որ նախորդ հրապարակմամբ ես դիմել էի ՀՀ նախագահին, որին հետեւեց նաեւ ՀՀ նախագահի վերջերս կայացված հանդիպումը դատական համակարգի պաշտոնյաների հետ: Ենթադրում եմ, որ այդ հանդիպման հիմքում ընկած դժգոհությունների մեջ ներառված է եղել նաեւ իմ՝ որպես փաստաբանի, դժգոհությունը, սակայն ինչին ենք ականատես լինում՝ դատական համակարգի էլ ավելի վատթարացման…

Այնուհանդերձ, այս հրապարակումը նույնպես ահազանգող դիմում է Հայաստանի Հանրապետության նախագահին, արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ մյուս առնչվող պաշտոնատար անձանց:

Եվս մեկ անգամ փաստեմ, որ շարունակելու եմ պայքարը նման ապօրինությունների դեմ, նման դատական համակարգի գործելաոճի դեմ՝ անկախ դրա տեսանելի արդյունքից, քանզի քաջ գիտակցում եմ, որ պայքարը արդեն իսկ մարդու իրավունքների պաշտպանության հաղթանակն է, առաջընթացն է եւ նպաստում է արդարադատության կայացմանը:

ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ

փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031