Բալետմայստերը մի բան է ասում, տնօրենը՝ մեկ այլ
Երեկ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ Ազգային օպերային թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ասուլիսը:
Ասուլիսի թեման՝ «Թատրոնի բալետային խումբը մնացել է առանց տանիքի», տարօրինակ էր, քանի որ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը ժամանակին մեզ եւ այլ լրատվամիջոցների հավաստիացրել էր, թե բեմը նորագույն եւ բարձրակարգ տեխնիկայով վերազինելու պատճառով կոլեկտիվները՝ նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը, մենակատարները, պարապուրդի չեն մատնվի, ավելին՝ երեւանյան ու մարզերի այն բեմերում, որտեղ հնարավորություն կա՝ թատրոնը կներկայացնի օպերային եւ բալետային ներկայացումներ: Պարոն Հովհաննիսյանը հավելել էր նաեւ, որ եթե վերազինման աշխատանքների հետ կապված անհրաժեշտություն լինի, ապա հնարավոր է՝ թատրոնը ընդամենը մի քանի ամսով նույնիսկ փակվի, ինչը չի խաթարի ստեղծագործական աշխատանքները: Ասվածի վկայությունն է այն է, որ դեռեւս անցյալ թատերաշրջանի ավարտին, երբ արդեն սկսվել էին բեմի նորոգման նախապատրաստական աշխատանքները, Վանաձորում հանդես եկավ բալետային խումբը, Արարատի մարզում ներկայացվեց Տիգրանյանի «Անուշը» եւ այլն: Այս թատերաշրջանի սկզբում Մայր թատրոնում ներկայացվեց Խաչատրյանի «Գայանե» բալետը, նոր ֆորմատով անցկացվեցին գալա համերգներ, որտեղ ընդգրկված էին նվագախումբը ու վերջինիս արտիստներից կազմված կամերային տարբեր անսամբլները, մենակատարները եւ այլն: Օրերս էլ թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը մեզ տված հարցազրույցում ասել էր, որ առաջիկա գալա համերգներում ցանկություն ունեն ներգրավել նաեւ բալետի արտիստներին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ասուլիսին՝ նշենք, որ 4-րդ թատերաշրջանը Երեւանի օպերային թատրոնում սկսած գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը մանրակրկիտ ներկայացրեց իր առաջին օրվանից մինչ օրս կատարած աշխատանքը, նաեւ դրա այն մասը, որը իրեն անհայտ պատճառներով չի իրականացվել. «Օրերս նախարարն ասաց, որ մենք դուրս ենք գալու թատրոնից: Թե երկուշաբթի օրվանից ինչ է լինելու 86 հոգանոց բալետային խմբի հետագա ճակատագիրը, այս պահի դրությամբ ինձ անհայտ է: Մյուս կողմից՝ ներկայացնում եմ պլաններ, այդ թվում՝ նաեւ նախարարին, նշելով, թե որն է այն բալետային ներկայացումների անհրաժեշտությունը, ինչով պետք է երեւա հայկական բալետի դեմքը, հետո ինչ-ինչ պատճառներով ծրագրերս չեն իրականանում: Գուցե նախարարին հասնում է բալետային խմբի հետ կապված ապատեղեկատվություն… Թատրոնում իրականացրել եմ 7 մեկ գործողությամբ բալետներ եւ անցյալ տարի՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը»: Ընդ որում, մեկ տարի աշխատում եմ Պրոկոֆեւի բալետի վրա ու չգիտեմ՝ վերջում ֆինանսավորում կլինի՞, թե՞ ոչ: Ասեմ նաեւ, որ ինչ բեմադրություն էլ որ իրականացրել եմ այստեղ, դրանք արվել են փոքր բյուջեով: Մշտապես հնչում են հորդորներ, թե ինչու բալետը չի մեկնում հյուրախաղերի: Օրինակ, այս տարվա ապրիլի 8-ին մենք պետք է լինեինք Իտալիայում, բայց հյուրախաղերը չկայացան, չգիտեմ… Թատրոնում 2009 թվականից անցկացվել է գեղարվեստական խորհրդի 3 նիստ, ինչն, իմ կարծիքով, ինքնագործ բնույթ է կրում»: Պարոն Խառատյանն ասաց նաեւ, որ տխուր վիճակ է բալետի արտիստների կարգուկանոնի մասով. «20 օր արտիստը չի գալիս աշխատանքի, տեղյակ եմ պահում տնօրենին, դե, նա էլ խղճով մարդ է, ասում է՝ ինչ անենք, մեղք ա, հո աշխատանքից չե՞նք ազատի: Եվ նույն պահին հրավիրում է այդ արտիստին: Փաստորեն՝ ես վատամարդ եմ դուրս գալիս, ինքը՝ լավամարդ: Խնդրեմ, սա արդեն կոնֆլիկտ է առաջացնում իմ եւ տնօրենի միջեւ: Երկու օր առաջ էլ կարգուկանոնի առիթով երբ նախարարին ասացի՝ եթե ձեր աշխատողը 20 օր բացակայի, ինչպե՞ս կվարվեք, տիկին Հասմիկ Պողոսյանը պատասխանեց մեկ բառով՝ կհեռացնեմ»:
«Առավոտը» Ռուդոլֆ Խառատյանին «տեղեկացրեց», որ բալետի արտիստները մեզ փոխանցել են, թե իրենց փորձերը պետք է տեղի ունենան Պարարվեստի քոլեջում: Նաեւ հիշեցնելով, որ այս տարի Սարդարապատում մեկ պարային համար բեմադրելու համար պահանջել է մեկուկես միլիոն դրամ, հարցրինք՝ իսկ մտածո՞ւմ է իր արտիստների ցածր աշխատավարձի մասին, օրինակ՝ բալետի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը ապրում է վարձակալած բնակարանում: Պարոն Խառատյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դուք ինչ խողովակներով եք լսել, որ բալետն իր փորձերն անցկացնելու է Պարարվեստի ուսումնարանում, համենայնդեպս՝ ինձ ոչ մեկը ոչինչ չի ասել: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, բալետի արտիստի միջին աշխատավարձը մեզ մոտ կազմում է 90.000 դրամ»:
Կապվեցինք նաեւ Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ: Նա հավաստիացրեց, որ բանակցություններ են ընթանում Պարարվեստի քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանի հետ, ով սիրահոժար համաձայնել է տրամադրել դահլիճ, եւ «երկուշաբթի օրը պաշտոնապես կհայտարարվի»: Հավելեց նաեւ, որ բանակցություններ են ընթանում նաեւ նվագախմբի, երգչախմբի, մենակատարների փորձատեղերի առիթով՝ Ամերիկյան համալսարանի, Երաժշտական ընկերության ղեկավարության հետ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ