Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյանն այն քաղաքական ֆիգուրը չէ, որ քաղաքական հալածանքների ենթարկվեր»

Հոկտեմբեր 13,2012 13:17

ՀՀԿ-ական պատգամավորն «արտաքին դիվանագետներին» հորդորում է առավել զուսպ լինել իրենց գնահատականներում:

Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել է դեկտեմբեր ամսին կուսակցության արտահերթ համագումար կամ համաժողով հրավիրել, որի ժամանակ էլ իշխող կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Երեկ «Առավոտը» ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է կուսակցությունը դեկտեմբերին պատրաստվում հայտարարել Սերժ Սարգսյանի առաջադրման մասին, երբ ՀՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչներ 2008-ի նախագահական ընտրություններից հետո էլ հայտարարում էին, որ 2013-ին ՀՀԿ-ի թեկնածուն դարձյալ Սերժ Սարգսյանն է լինելու: Իրավիճակային փոփոխություննե՞ր են ակնկալվում, հնարավո՞ր են ՀՀԿ-ական այլ թեկնածուների տարբերակները՝ մեր հարցին պարոն Սահակյանն արձագանքեց. «Կարծում եմ, որ երկրի նախագահի թեկնածու առաջադրելը բավականին լուրջ, կարեւոր, ներկայացուցչական խնդիր է, եւ այդ է պատճառը, որ գործադիր մարմինը որոշում է կայացրել, որպեսզի դեկտեմբեր ամսին համագումար հրավիրվի եւ համագումարով առաջադրի Սերժ Սարգսյանին: Բայց դա չի ենթադրում, որ կարող է անձերի կամ ինչ-որ փոփոխությունների խնդիրներ լինեն: Ուղղակի այդպես է նպատակահարմար»:

Հետաքրքրվեցինք՝ իշխող կուսակցությունում պատրաստվո՞ւմ են այլ քաղաքական ուժերի, մասնավորաբար՝ ԲՀԿ-ին դիմել, բանակցություններ տանել՝ ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու համար: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական գործիչներն անընդհատ վկայակոչում են Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան եռանկյունու ստորագրած փաստաթուղթը, համաձայն  որի՝ նրանք պարտավորվում են 2013-ին սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն վերջին շրջանում ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները կարծես այլ տարբերակների հավանականություններ են հուշում, մանավանդ, որ ԲՀԿ-ականները դեռ չեն շտապում նախագահական ընտրությունների առիթով հստակեցնել իրենց դիրքորոշումները: «Ես չէի օգտագործի «ինչ-որ մեկին դիմել» եզրույթը: Սա այն խնդիրն է, որ բոլորը տեսնում են, եւ եթե որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ կարող է կիսել մեր տեսակետները եւ նախագահական ընտրությունների ժամանակ սատարել նախագահ Սարգսյանի թեկնածությունը, դա մեր կողմից միայն ողջունելի կլինի: Ես չեմ կարծում, որ դրա համար պետք է դիմել, խնդրել, հատկապես այն ժամանակահատվածում, երբ ամեն ինչ պարզ եւ թափանցիկ է, եւ առաջիկա հինգ տարիների ծրագիրը կլինի հանրության առջեւ, տեսանելի, քննարկելու առարկա կդառնա: Մնացածը քաղաքական ուժերի եւ գործիչների խնդիրն է»:

Վերջին շրջանի վերլուծությունների համաձայն՝ Վարդան Օսկանյանին Արեւմուտքը տեսնում է նախագահի իր նախընտրելի թեկնածուի դերում: Նման հավակնությունների մասին ակնարկեց նաեւ Վարդան Օսկանյանը: Տեսնո՞ւմ է ՀՀԿ խմբակցության քարտուղարը պարոն Օսկանյանին նախագահի հավակնորդների շարքում՝ «Առավոտի» հարցին պարոն Սահակյանը պատասխանեց. «Հավանական թեկնածու, ըստ մեր Սահմանադրության, ՀՀ այն բոլոր քաղաքացիներն են, ովքեր համապատասխանում են սահմանադրական պահանջներին: Եվ այստեղ տվյալ անձն է, որ պետք է կարողանա հասկանալ՝ առաջադրվելով՝ ինքն ի՞նչ խնդիր է լուծում: Առաջադրվում է ընդամենն առաջադրվելո՞ւ համար, իր ամբիցիաները բավարարելո՞ւ, թե՞ իր կոմպլեքսները հաղթահարելու: Այլապես մեր ազգաբնակչության մեջ պոտենցիալ առաջադրվողները 100-200 հազար կարող են լինել»:

Վարդան Օսկանյանի հարցի խորհրդարանական քննարկումների ժամանակ որքան էլ ԲՀԿ-ականները կոշտ արտահայտություններ հնչեցրին, բոյկոտ հայտարարեցին, այնուհանդերձ՝ հետաքրքրական էր ԲՀԿ առաջնորդի լռությունը: Ինչպե՞ս է մեր զրուցակիցը գնահատում Գագիկ Ծառուկյանի կեցվածքը՝ հարցին հնչեց հետեւյալ պատասխանը. «Դա բացառապես ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշելիք գործառույթն է: Ես չեմ կարող ասել՝ ինչո՞ւ չեկավ կամ պետք է գար: Դա իրենց ռազմավարությունն ու մարտավարությունն է»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ այս ընթացքում կուսակցական պարսավանքների եւ տույժերի չե՞ն ենթարկվել այն ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր «դեմ» էին քվեարկել Վարդան Օսկանյանի դեմ ներկայացրած ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: «ՀՀԿ-ն բավականին դեմոկրատ մոտեցումներ ունի: Մեզ մոտ վախեցնելով, շանտաժով կամ այլ կերպ որոշակի խնդիրներ չեն լուծում: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր «կողմ» էին քվեարկել, համոզված էին իրենց որոշման մեջ, ովքեր «դեմ»՝ իրենց: Այստեղ պատժելու կամ չպատժելու խնդիր չկա»:

Քանի որ Հովհաննես Սահակյանը Վարդան Օսկանյանի շուրջ զարգացումները համարում է իրավական, նրանից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞վ է ինքը բացատրում այն, որ նախկին արտգործնախարարին հայրենի իրավապահները մեղադրանք չառաջադրեցին «պաշտոնեական դիրքի չարաշահում» հոդվածով, ինչը, կարծես, ավելի էր համընկնում տվյալ պարագային, քանի որ պաշտոնավարման ընթացքում նա իրավունք չուներ հիմնադրամ ձեւավորելու, ղեկավարելու, առավել եւս՝ օտար կապիտալի ներգրավվածությամբ: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ արտգործնախարար չլինելուց հետո Վարդան Օսկանյանն այն քաղաքական դեմքը կամ ֆիգուրն էր, որը պետք է ենթարկվեր քաղաքական հալածանքների: Եթե նման խնդիր լիներ, եթե ԲՀԿ-ի ուղղությամբ եք սլաքը տանում՝ այնտեղ կային ավելի քաղաքականացված դեմքեր, մարդիկ, որոնց հետ կապված կարելի էր նման տեսակետ հայտնել կամ գործողություններ կատարել»: Մեր զրուցակիցն իրավապահների խնդիրն է համարում այն, թե ի՞նչ հոդվածներով մեղադրանք կառաջադրեն: «Այս պահին տալ քաղաքական գնահատականներ՝ կդիտարկվի որպես ճնշում իրավապահների վրա եւ ուղղորդում»,- գտնում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցության քարտուղարին խնդրեցինք մեկնաբանել նաեւ Վարդան Օսկանյանի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի եւ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողի արած հայտարարությունները, որոնցում հստակ խոսվում է գործի քաղաքական լինելու մասին: Հովհաննես Սահակյանը գտնում է, որ այդ հայտարարությունները որեւէ կերպ Հայաստանի միջազգային հեղինակության վրա չեն կարող անդրադառնալ, ավելին. «Եթե մենք մեկ վայրկյան կասկածեինք, որ գոնե 0,01 տոկոսով հարցն իրավական հարթությունից դուրս է, նման մտավախություն կարող էինք ունենալ: Բայց այդ խնդիրը բացառապես իրավական հարթության մեջ է: Քաղաքական գնահատականները, առավել եւս նման բարձրաստիճան արտաքին դիվանագիտություն վարող անձանց կողմից, կարծում եմ՝ այս պահին այդքան էլ տեղին չեն: Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում եւ իրավիճակում, երբ պահի տակ արված ցանկացած հայտարարություն կամ գործողություն կարող է վնասել ամբողջ գործընթացը: Մանավանդ, երբ գործը իրավական փուլում է: Ես հորդորում եմ մեր հարգարժան դիվանագետներին, որպեսզի կարողանանք զերծ մնալ նման որակումներից՝ հետագայում առավել խորաթափանց գնահատական տալու համար: Այլապես կստացվի մի շիլաշփոթ, որտեղից իրական պատկերը վեր հանելը դժվար կլինի»: Հովհաննես Սահակյանը չի հիշում դեպք, երբ նման, իր ձեւակերպմամբ, անձնական գործերի հետ կապված հայտարարություններ լինեն. «Ես չէի ցանկանա, որ նման քայլերով հարվածի տակ գցեինք նաեւ Վարդան Օսկանյանին: Իրավապահները թող իրենց աշխատանքը կատարեն, մանավանդ, որ այն լինելու է հրապարակային: Երբ կլինի դատարանի կողմից ուժի մեջ մտած վճիռ՝ կարելի է տարանջատել, գնահատականներ տալ: Այս պարագայում, երբ ամբողջական պատկեր չկա, նման հայտարարությունները նույնպես կարող են դիտվել ուղղորդում կամ ճնշում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031