Լրահոս
Օրվա լրահոսը

Կատոնից մինչեւ Քոքոբելյան

Հոկտեմբեր 13,2012 13:09

Մեր թվարկությունից առաջ Հռոմում ապրում էր մի պետական գործիչ եւ գրող՝ Մարկուս Պորցիուս Կատոնը, որին անվանում են նաեւ Կատոն Ավագ: Եվ ահա, երբ այդ վաստակաշատ ու իմաստուն մարդուն՝ արդեն առաջացած տարիքում հարցրեցին, թե ինչո՞ւ Հռոմում չկա նրա արձանը, նա պատասխանեց՝ ավելի լավ է հարցնեն, թե ինչո՞ւ նման արձան չկա, քան՝ հակառակը: Այսինքն՝ ավելի լավ է, դու չունենաս այն, ինչին գուցեեւ արժանի ես, քան ունենաս այն, ինչի վերաբերյալ կան կասկածներ, որ դու դա չես վաստակել: «Ունենալ եւ չունենալ»՝ այդպես է կոչվում նաեւ Հեմինգուեյի հրաշալի վեպը՝ նույն թեմայով:

Ես այդ ամենը հիշեցի, բնականաբար, Խաչատուր Քոքոբելյանի հետ կապված: Ես չգիտեմ, թե ինչ են նրանք պայմանավորվել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ չնայած ինձ թվում է, որ նման խնդիրների շուրջ պետք է պայմանավորվել գրավոր: Բայց պարոն Քոքոբելյանը հնարավորություն ունի ապացուցելու, որ Րաֆֆին սխալ է: Եվ այդ ճանապարհը մեկն է՝ պատգամավորական մանդատը վայր դնելը: Մնացած բոլոր բացատրությունները, արդարացումները, ակնարկները «ներդրումների» մասին (նյութակա՞ն), չեն օգնի, որքան էլ պերճախոս լինեն եւ տրամաբանված խոսեն պարոն Քոքոբելյանը կամ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները: Միեւնույն է՝ միշտ հնարավորություն կլինի ասելու, որ նա պատգամավոր դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» շնորհիվ ու հիմա կառչում է այդ մանդատից: Եթե այդ պնդումը նույնիսկ մեկ տոկոսով ճիշտ է (իսկ ես վստահ եմ, որ տոկոսների թիվն ավելի մեծ է), դա արդեն հիմք է՝ պատգամավորությունից հրաժարվելու համար: Դուք կասեք, որ այդ տրամաբանությամբ ներկայիս պատգամավորների մեծ մասը պիտի հրաժարվի մանդատից: Տեսականորեն՝ այո: Բայց այդ «մեծ մասին» ես նման խորհուրդ չեմ տա, որովհետեւ նրանցից այն ակնկալիքները չունեմ, որոնք ունեմ ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգության» խմբակցություններից՝ նրանք գոնե ինչ-որ չափով պետք է հակադրվեն «վերնախավում» տիրող ցինիզմին եւ ամբարտավանությանը:

Ինձ համար օրինակելի է այդ առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Ով ինչ ուզում է՝ ասի, 98-ին նա ապացուցեց, որ նախագահական պաշտոնն իր համար զրո է, եւ նա չի պատրաստվում անբարո մեթոդներով պայքարել դրա համար:

Հիմա ավելի ցածր մակարդակով նմանատիպ խնդիր ունի Խաչատուր Քոքոբելյանը: Կամ նա պիտի հրաժարվի մանդատից, ինչը նրան հնարավորություն կտա շարունակելու զբաղվել քաղաքականությամբ, կամ նա կմնա խորհրդարանում, բայց չի վայելի հասարակության վստահությունն ու հեղինակությունը: Ընտրությունն իրենն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031