Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Օսկանյանի գործում չկա իրավացի ու մեղավոր կողմ»

Հոկտեմբեր 13,2012 12:25

ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի գնահատմամբ, նախընտրական շրջանում գործող իշխանության թեկնածուն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լավագույն դիրքերում է: «Մեր քաղաքական համակարգին նոր որակ է անհրաժեշտ, բայց  գործող իշխանությունն այդ որակը ապահովելու ունակ չէ: Իշխանական վերնախավի ցուցադրական փորձերը քաղաքացիներին հավատացնելու,  թե իշխանությունը պատրաստ է գնալ կտրուկ փոփոխությունների,   կադրային ջարդ իրականացնել, ապարդյուն են լինելու, որովհետեւ ոչ թե ձուկն են գլխից բռնել, այլ գործն  են սխալ բռնել: Անհրաժեշտ են խորքային փոփոխություններ, որոնք այս իշխանությունը չի կարող իրականացնել » ,- այսօր ասուլիսում ասաց պարոն Մելիքյանը:

Նրա դիտարկմամբ,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որակներով չի տարբերվում իշխող կուսակցությունից.  «Այն, որ իշխանական թեւը ճեղքվեց երկու մասի, դեռ չի նշանակում, որ իշխանությունից հեռացած քաղաքական ուժը ձեռք է բերել նոր քաղաքական որակներ: Ամեն ինչ ցույց է տալիս, որ առայժմ այդ որակները դեռ ձեռք բերված չեն» : Պարոն Մելիքյանի կարծիքով, Հայաստանում հիմնական ընդդիմադիր ուժերը թուլացել են ու գնում են տրոհման ճանապարհով. «Նախկինում ակտիվ    ընդդիմադիր կեցվածք որդեգրած կուսակցությունները սպառել են իրենց քաղաքական պոտենցիալը , սպառել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները ընդունելով ու գլխիկոր հայտնվել խորհրդարանում :  Սա նրանց հաղթանակի միակ ու վերջին պտուղն է այս փուլում: Այն վիճակում են, որ  ԲՀԿ-ին  դիտարկում են ավագ եղբայր»:

Պարոն Մելիքյանի համար անհասկանալի  է ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը: Նա հիշեցրեց, որ  ԲՀԿ-ն,  ստորագրելով Սերժ Սարգսյանին սատարելու պարտավորագիրը, դեռեւս հակառակի մասին հայտարարություն  չի արել:

Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի  հնարավորությանը, պարոն Մելիքյանն  ասաց,  որ չի գտնում, թե ընդդիմության  թեկանծուն անգամ արդար ընտրությունների դեպքում կկարողանա հաղթել իշխանությանը.«Ընդդիմության մեջ շատ է նեղացածությունը, փոխադարձ մեղադրանքները: Միակ շանսն այն է, որ լինի չեզոք անձ,  որը ունենա անցած քաղաքական լուրջ ճանապարհ ու  ընկալելի լինի քաղաքական ուժերի համար ու հավասարապես հեռու լինի  նրանցից: Այսօր ոչ Լեւոն Տեր Պետրոսյանը ոչ ԲՀԿ ից առաջադրվող հավանական թեկնածուներից որեւէ  մեկը՝ նկատի ունեմ Գագիկ Ծառուկյանին կամ Օսկանյանին , թե Դաշնակցությունը  միանձնյա չեն կարողանա որեւէ բան անել ու չունեն այն թեկնածուն, որ ընդունելի լինի բոլոր մնացածների համար»:

Հարցին, արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում ինքը կառաջադրվի, պարոն Մելիքյանն ասաց՝  վերջնական կպատասխանի առաջիկա ամիսներին :

Անդրադառնալով Օսկանյանի դեմ սկսված գործին, պարոն Մելիքյանն ասաց.«Հայաստանը իավական պետություն չէ: Ցանկացած մարդ քաղաքական հայացքնների համար կարող  է քրեական հանցագործի պիտակ ստանալ իշխանությունների կողմից… Այս պատմության մեջ չկա իրավացի ու մեղավոր կողմ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031