Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետ. Աղքատության տեսակարար կշռի ցուցանիշը խիստ վտանգավոր է

Հոկտեմբեր 13,2012 11:59

Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված 2012 թվականի տարեկան գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հայ տնտեսագետներից բացի` գիտաժողովին մասնակցում են նաեւ տարբեր երկրների տնտեսական հետազոտություններով զբաղվող մասնագետներ. այսպիսի համախումբը բացառիկ հնարավորություն է` Հայաստանի Հանրապետության տնտեսության առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ` Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն ունեցող տարածաշրջանի եւ աշխարհի իրադարձությունները քննարկելու համար»:

Վարչապետի խոսքով. «Տնտեսական քաղաքականության ոլորտում կատարվել են լրջագույն փոփոխություններ: Հայաստանի նոր պատմության ընթացքում առաջին անգամ տնտեսական քաղաքականության մեջ ներդրեցինք  սկզբունք, համաձայն որի` պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բարենպաստ մրցակցային դաշտ ստեղծելու համար, այլեւ պարտավոր է մասնավոր հատվածի հետ համագործակցելով` իրականացնել արդյունաբերական հստակ քաղաքականություն: Այդ սկզբունքի ներքո մշակեցինք եւ ներկայացրեցինք նոր հայեցակարգ, որը բավական բուռն քննարկվեց տարբեր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, բայց ընդհանուր առմամբ` մոտեցումն արժանցավ հավանության:

Տնտեսության տասնմեկ ճյուղ, որոնցում Հայաստանն ունի առավելություններ եւ արտահանման մեծ պոտենցիալ, համարվում են առաջնահերթություն: Այդ ճյուղերի համար մշակվում են զարգացման համապատասխան ծրագրեր` մասնավոր հատվածի մասնակցությամբ եւ համաֆինանսավորմամբ»: Պարոն Սարգսյանը հավելեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընտրվեց կազմակերպչական խնդիրները ստանձնող հայկական կազմակերպություն. «Արդեն մի շարք ոլորտներում  ստորագրվել են համագործակցության պայմանագրեր, իսկ  ճշգրիտ հաստոցաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների այլ ուղղություններով ծրագրերը մշակման փուլում են` մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ: Կարեւոր է այն հանգամանքը, որ այդ համաձայնագրերով սահմանվում են մի շարք պարտավորություններ. մասնավորապես, պետությունը հստակ սահմանում է, թե ինչ միջավայր է ստեղծելու, ինչ հարկային-մաքսային արտոնություններ է սահմանելու ոլորտի ձեռնարկությունների համար եւ ինչ ներդրումներ է կատարելու: Իսկ մասնավոր հատվածը ստանձնում է պարտավորություններ` մրցակցային պայմանների ներքո իրականացնել լրացուցիչ մասնավոր ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր եւ ավելացնել արտահանման ծավալները»:

Ամփոփելով նոր մոտեցման արդյունքները` վարչապետն ասաց, որ արդեն իսկ ակնառու են դրական արդյունքները. «2012թ-ի առաջին ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է ութ ամբողջ երեք  տասնորդական տոկոս, իսկ գնաճը` երկու ամբողջ երկու տասնորդական տոկոս: Հասկանալի է, որ տնտեսական աճն ու ակտիվության ինդեքսը կարեւոր ցուցանիշներ են, բայց առավել կարեւոր է, որ մեր քաղաքացիները զգան տնտեսական աճը իրենց կենսամակարդակում: Այդ տեսակետից դեռեւս մեծ անելիքներ կան. պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը, որի տեսակարար կշիռը շուրջ երեսուն տոկոս է, ինչը խիստ վտանգավոր ցուցանիշ է: Բացի այդ` մեծ ճեղքվածք ունի առեւտրային հաշվեկշիռը»:

 

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ գիտաժողովում քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության տարբեր հարցեր. «Զեկույցները վերաբերվելու են տնտեսական զարգացմանը եւ մրցունակությանը, ֆինանսատնտեսական հատվածի  հիմնախնդիրներին: Մասնակիցները հնարավուոթյուն կունենան  համապարփակ լուծումներ առաջադրել`  տնտեսության երկարաժամկետ եւ կարճաժամկետ զարզացման խնդրի շուրջ, իսկ թեմաների բազմազանությունը թույլ կտա ճշգրտել մեր դիրքորոշումները եւ դրանք ներկայացնել կառավարությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031