Երեկ դեռ Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ, որում Հենրիխ Մխիթարյանն իր գոլը խփեց ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող մրցակցի դարպասը, Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի խոսքերը՝ կապված ակումբի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» միջեւ Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերման շուրջ չկայացած գործարքի մասին:
«Զենիթի» ղեկավարությությունը, պարզապես, հեռախոսազանգով է հետաքրքրվել Մխիթարյանով: Պաշտոնական ոչ մի թուղթ չի եղել: Անգամ գնի քննարկման թեմային չենք հասել: Հենրիխն էլ երբեք չի ասել, թե ուզում է տեղափոխվել «Զենիթ»… «Շատյորը» պատրաստ է բանակցել ցանկացած ֆուտբոլիստի հարցով: Գլխավորը, որ դրանք բավարարեն բոլոր կողմերին: Իհարկե, մենք չենք ցանկանում բաժանվել Մխիթարյանից: Բայց հանկարծ գալիս է ինչ-որ մի ակումբ եւ առաջարկում 40 միլիոն եվրո: Ես սա օրինակի համար եմ ասում: Բայց հաշվի առնելով, թե «Զենիթը» ինչ գներով է ֆուտբոլիստներ ձեռք բերում, Մխիթարյանի համար 40 միլիոնն ընդհանրապես գումար չէ», – ասել է Սերգեյ Պալկինը:
Հիշեցնենք, որ վերջերս «Զենիթը» Հալկին եւ Աքսել Վիտցելին ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ վճարել է 100 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ