Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին և Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին: Հյուրերին ուղեկցել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրերին` մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը երևանցիների հետ միասին նշելու նրանց ցանկության համար և հավելել, որ հյուրընկալ Երևանի դռները միշտ բաց են բոլոր բարեկամների առջև: «Մեր քաղաքի տոնը մեզ հետ նշելու ձեր ցանկությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ դուք Երևանի իսկական բարեկամներ եք: Եվ որպես Երևանի քաղաքապետ վստահեցնում եմ, որ հատկապես այս առիթով Երևանում ձեր անցկացրած օրերը դեռ երկար կմնա ձեր հուշերում ու, համոզված եմ, այնքան կսիրեք Երևանը, որ այսուհետ ավելի հաճախ կայցելեք մեր հյուրընկալ քաղաք:» – նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարի խոսքերի համար, Ալեքսանդր Իվանչենկովը և Սերգեյ Տրեշչովը անկեղծորեն խոստովանել են, որ մեկ օր է, ինչ Երևանում են ու արդեն հասցրել են սիրել Հայաստանի մայրաքաղաքը: «Ձեր քաղաքն իսկապես հրաշք է պարոն քաղաքապետ և Դուք իրոք հպարտանալու իրավունք ունեք: Մեր այստեղ գտնվելու մեկ օրն էլ բավարար էր զգալու և հասկանալու այն ջերմությունն ու բարությունը, որն իսկապես առկա է Ձեր հիասքանչ քաղաքում: Իսկ գիշերային Երևանով մենք ուղղակի հիացած ենք ու վստահաբար կարող ենք ասել, որ մենք արդեն իսկ սիրում ենք Երևանը: » – նշել են հյուրերն ու հավելել, որ այս այցը հաստատ վերջինը չի լինելու:
Այնուհետ, օգտվելով առիթից, հյուրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանին են նվիրել տիեզերքից կատարված Երևան քաղաքի լուսանկարը և վստահեցրել, որ այսուհետ տիեզերքից Երևանին նայելիս այլևս ընդմիշտ հոգով զգալու են այն ջերմությունը, որը տվել է նրանց Հայոց հնամենի մայրաքաղաքը:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով աննախադեպ նվերի և ջերմ խոսքերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է, հնարավորության դեպքում, տիեզերք տանել Երևանի խորհրդանիշերով զարդարված հուշանվեր-հարթաքանդակը, ապա վերադարձնել այն ու նվիրել Երևանի պատմության թանգարանին: Տիեզերագնացները խոստացել են անել դա հենց առաջիկա թռիչքի ժամանակ:
Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Ալեքսանդր Իվանչենկովը և Սերգեյ Տրեշչովը պարբերաբար կայցելեն Երևան ու այդ այցերի շրջանակում նաև հանդիպումներ կունենան երևանյան դպրոցների աշակերտների և տեխնիկական բուհերի ուսանողների հետ: Հյուրերը խոստացել են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել և կյանքի կոչել քաղաքապետի առաջարկը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն