Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեսպանների աշխատավարձերը

Հոկտեմբեր 13,2012 10:32

Իլհամ Ալիեւի որոշման համաձայնՙ եկող տարվա հունվարի 1-ին կբարձրացվեն արտերկրում եւ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամսական աշխատավարձերը: Հավանաբար Իլհամ Հեյդարօղլուն նոր համաշխարհային PR-ակցիա է կազմակերպում` աշխարհին Ադրբեջանն առավել ճանաչելի դարձնելու նպատակով, իսկ սրա համար, անշուշտ, դեսպանները պետք է խրախուսվեն:

Ամենաբարձր աշխատավարձը կստանա Ճապոնիայում Ադրբեջանի դեսպանը` ամսեկան մոտ 8242 ամերիկյան դոլար: Իսկ ամենացածրը կստանան Ղրղզստանում, Ուզբեսկտանում եւ Թուրքմենստանում ադրբեջանցի դեսպաննները` յուրաքանչյուրը 3600-ական դոլար: Ուշագրավ է, որ կոնկրետ ՀԱՊԿ անդամ, հետեւաբար Հայաստանի ռազմավարական դաշնակից Ուզբեկստանում Բաքուն սեփական հեղինակության բարձրացման խնդիր այդքան էլ չի տեսնում, հակառակ պարագայում կբարձրացներ նաեւ Տաշքենդում հավատարմագրված դեսպանի աշխատավարձը:

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավարը կստանա 4200 եվրո աշխատավարձ: Սա ավելի շատ է, քան Մոսկվայում աշխատող ադրբեջանցի դեսպանի աշխատավարձը` 5200 դոլար: Սա այն պարագայում, երբ Բրյուսելում ծախսերը հաստատ շատ ավելի բարձր չեն, քան Մոսկվայում: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը կստանա 5100 դոլար աշխատավարձ, ավելի քիչ, քան Մոսկվայի դեսպանը ու շատ ավելի քիչ, քան ՆԱՏՕ-ում Բաքվի մշտական ներկայացուցիչը: Վերջինից շատ` ճիշտ 4200 եվրո ամսական, կստանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից մշտական ներկայացուցչության ղեկավարը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդին կից մշտական ներկայացուցչության ղեկավարը:

Ադրբեջանցի դեսպաննները` Ուկրաինայում, Ղազախստանում եւ Տաջիկստանում ավելի բարձր աշխատավարձ կստանան` 4000-ական դոլար, քան դեսպանները Բելառուսում եւ Մոլդովայում: Սա այն պարագայում, երբ Տաջիկստանում, օրինակ, կենսապայմանները չեն կարող ավելի ծախսատար լինել դեսպանի համար, քան Մոլդովայում ու Բելառուսում, որտեղ Բաքվի դեսպանները կստանան 3750 դոլար:

Ուշագրավ է պատկերը նաեւ հարեւան երկրներում Ադրբեջանի դեսպանների աշխատավարձերի չափերի առումով: Օրինակ, այստեղ ամենաբարձրը կվարձատրվի Իրանում Ադրբեջանի դեսպանը` 3500 եվրո: Եթե առաջնորդվենք տրամաբանությամբ, թե որքան բարձր է դեսպանի աշխատավարձը, այնքան պարտականություն նա ունի, ապա հատկանշական է, որ Ադրբեջանի դեսպանը Թուրքիայում ավելի բարձր աշխատավարձ կստանա` 4000 դոլար, քան Թբիլիսիում աշխատող դեսպանը` 3750 դոլար: Արաբական երկրներից ամենաբարձրը կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող Բաքվի դեսպանի աշխատավարձը` 4500 դոլար, Հորդանանում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Օմանում եւ Լիբանանում Ադրբեջանի դեսպանները կստանան ամսական 3850-ական դոլար, Իրաքումՙ ավելի քիչ` 3750 դոլար: Կորեայի Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանն ավելի բարձր կվարձատրվի, քան Պեկինում հավատարմագրված դեսպանը` համապատասխանաբար` 5200 դոլար եւ 4200 դոլար:

Պատկերը պակաս հետաքրքրական չէ Եվրոպայում: Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը կստանա 3000 ֆունտ ստեռլինգ ամսական, Շվեյցարիայում` 5000 շվեյցարական ֆրանկ: Իսկ, օրինակ, Հունգարիայում ադրբեջանցի «հանրահայտ դեսպանը» կստանա 4050 եվրո, ճիշտ այնքան, որքան Իսպանիայում, Խորվաթիայում հավատարմագրվածները, եւ ավելի քիչ, քան Չեխիայում, Էստոնիայում, Հունաստանում աշխատող դեսպանները, որոնք կստանան 4000-ական եվրո, եւ Լատվիայում, Լիտվայում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ Սերբիայում հավատարմագրված դեսպանները` 3900 եվրո:

ԱՄՆ-ում դեսպանն ավելի քիչ կստանա, քան Մոսկվայի իր գործընկերը: Եթե վերջինս ստանալու է 5200 ամերիկյան դոլար, ապա Վաշինգտոնում դեսպանը կստանա ուղիղ 5000 դոլար, Կանադայում` 4950 դոլար, Բրազիլիայում` 4300 դոլար, Մեքսիկայում` 4000 դոլար, Արգենտինայում` 3850 ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ ներկայացված դեսպանններին միայն աշխատավարձ տալու համար Ադրբեջանի պետական բյուջեն ամեն ամիս կհատկացնի 119. 442 ամերիկյան դոլար, 59. 750 եվրո, 3000 անգլիական ֆունտ ստեռլինգ եւ 5000 շվեյցարական ֆրանկ: Եթե այս ամբողջն էլ իրար գումարենք, ապա կստացվի, որ միայն դեսպան պահելու համար Բաքուն ամեն ամիս ծախսում է շուրջ կես միլիոն ամերիկյան դոլար…:

Հովիկ ԱՖՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031