Բավական էր վերահսկողական ծառայությունները սկսեին լայնածավալ ստուգումներ տարբեր ոլորտներում, որոնց ընթացքում բացահայտվեցին աղաղակող փաստեր, իսկ մամուլը լուսաբաներ այդ ամենը, երբ մեղադրանքների տարափ տեղաց… մամուլի հասցեին։
«Երկրորդ հնագույն մասնագիտություն»,- սիրում են ծաղրել մամուլին գող պաշտոնյաները, ծախու քաղաքական գործիչները եւ բոլոր նրանք, ումից նորմալ մարդու սիրտը խառնում է, բայց իրենք իրենց անվանում են էլիտա։ Կասեն այլանդակությունը «երկրորդ հնագույնի» մասին, ու գոհ են. ո՜նց դրեցին տեղը։
Այդ նրանք հիմարությունից են ուրախանում։ Ուզում են անպատվել եւ վստահ են, թե հաջողվեց, համոզված են, թե անպատվեցին։ Մեղադրանքների տակից փորձում են դուրս գալ հայհոյանքով։ Դա, իբր, երկրորդ հնագույնն է գրել, թե ես գող եմ…
Իսկ ի՞նչ տարբերություն։ Թեկուզ առաջին հնագույնը։
Բացեք Աստվածաշունչը՝ հնագույն գրքերից մեկը։ Այնտեղ ռազմիկներ են, հովիվներ, հոգեւորականներ, դատավորներ, պոռնիկներ, շինարարներ, բժիշկներ… Բացեք Պլուտարքոսին… Ամենուր կկարդաք ծախու աստիճանավորների, ստախոս դատավորների, դավաճան զորավարների մասին. նրանցից ամեն մեկը կարող էր հավակնել «երկրորդ հնագույնի» տիտղոսին։ Վաղեմի ժամանակներում անչափ շատ մասնագիտություններ կային։ Իսկ լրագրողներ՝ ոչ։
Կդիպչես բարձրաստիճան պարոնին, իսկ նա արհամարհական քմծիծաղով կարտաբերի. «Շունը հաչում է, քարավանը՝ գնում»։ Ուրեմն լրագրողը շուն է, իսկ պարոնի գերատեսչությունը՝ վեհաշուք քարավան։
Բայց շունը լավ կենդանի է, մարդու բարեկամ։ Շունը պահակ է, փրկարար։ Շունը բռնում է ավազակներին, գողերին, թմրավաճառներին։ Իսկ քարավա՞նը։ Հիմնականում թմրանյութեր է տեղափոխում։ Կամ զենք՝ թշնամու համար։ Լավ է, եթե այդ քարավանը տանում է մեզ դապի լուսավոր ապագա։ Իսկ եթե՝ դեպի խավա՞ր։
Գողություն անելիս բազմիցս բռնված, ստի ու հիմարության մեջ մերկացված… թեեւ՝ ոչ, դա հիմարություն չէ, դա առանձնահատուկ խելք է։ Բոլոր բարեփոխումները ձախողվում են, մարդիկ՝ սնանկանում, բնակչության թիվը կրճատվում է, իսկ բարեփոխիչները՝ աներեւակայելի հարստանում. դա առանձնահատուկ խելք է։
Եվ առանձնակի խելքով խելացի այդ պարոնները, հնարավորություն չունենալով արդարանալ ըստ գործի բուն էության, ներշնչում են երկրին. մամուլը երկրորդ հնագույնն է, «շունը հաչում է, քարավանը՝ գնում»։
Եթե լրագրողը նույնքան քերականական սխալներ թույլ տար (ընդամենը քերականական), որքան գործեր սրանք ձախողել են, ապա այդպիսի լրագրողին պարզապես կվռնդեին։ Իսկ սրանք հարուստ են, բարեկեցիկ եւ առաջվա պես ինչ-որ բան ղեկավարում են։
Շան առումով, կրկնում ենք, չենք վիճի։ Մենք շարունակ հաչում ենք, իսկ քարավանը շարունակ տանում ու տանում է միլիոնները երկրից։ Կարդացեք հանրապետության նախագահի եւ վարչապետի վերահսկողական ծառայությունների, Վերահսկիչ պալատի բացահայտումները։
Մանկական գրքերում ամեն ինչ մի տեսակ այլ է։
-Կառլո հայրիկ,- ասաց Բուրատինոն,- իսկ ինչպե՞ս եմ դպրոց գնալու առանց «Այբբենարանի»։
-Օհո՜, այ դա ճիշտ ես ասում, փոքրիկ…
Կառլո հայրիկը քորեց ծոծրակը։ Ուսերին գցեց իր միակ հին բաճկոնն ու դուրս եկավ։
Նա շուտով վերադարձավ, բայց առանց բաճկոնի։ Ձեռքին գիրք էր՝ մեծ-մեծ տառերով։
-Ահա քեզ «Այբբենարան»։ Բարով սովորես։
-Կառլո հայրիկ, իսկ ո՞ւր է բաճկոնդ։
-Բաճկոնը վաճառեցի… Ոչինչ, այսպես էլ յոլա կգնամ… Միայն թե դու լավ ապրես։
Լավ մարդ էր, միակ բաճկոնը վաճառեց։ Եվ հանուն ո՞ւմ։ Հանուն տաշեղի։ Իսկ մեզանում ահա վերջերս բռնեցին տականքների, որոնք կարագի անվան տակ սփրեդ էին մատակարարում մանկապարտեզներին։
Ինչ վերաբերում է երկրորդ հնագույնին… Աստվածաշնչում, եգիպտական պապիրուսներում ու չինական գլանաթղթերում, ամենահին սեպագրերում խոսվում է գող չինովնիկների, դավաճան զորավարների, հարուստի եւ հզորի օգտին վճիռ կայացնող դատավորների, բարոյազուրկ քրմերի եւ շատ ուրիշների մասին…
Այ, հենց նրանք էլ թող վիճեն միմյանց հետ. ով է իրենցից երկրորդ հնագույնը, իսկ ով՝ առաջինը։ Գլխավոր դժբախտությունները նրանցից են, այլ ոչ թե լրագրողներից։ Լրագրողները, ժամանակակից լրագրության ողջ անասնականությամբ հանդերձ, չեն ընդգրկվի նույնիսկ առաջին տասնյակում։
Այո, շատ աղբ է թափանցել մամուլ։ Ոմանց առանց նողկանքի նայել անհնար է։ Բայց չէ՞ որ դա մամուլ չէ։ Դա այլանդակություն է, որ ձեւանում է մամուլ եւ թաքնվում նրա դիմակի ներքո։ Մի՞թե դժվար է տարբերել։
Ցավոք, շատերի համար դժվար է։ Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք. քննադատում ես ինչ-որ մեկին՝ դա պատվեր է, դրվատում ես՝ դա գովազդ է։
Հաճախ հարկ է լինում լսել, թե սրիկա լրագրողները գոռում են առանձին դժբախտների մասին, որոնք սակավաթիվ են, եւ չեն նկատում, չեն գովերգում երջանիկ ամբոխներին։
Բայց սովորական մարդը առավել հաճախ կառուցված է հենց մամուլի պես։ Նայեք. ցավում է ընդամենը մեկ ատամ, իսկ մարդը (ամբողջությա՛մբ) պատերն է ճանկռում։ Քեզ ի՞նչ է պատահել։ Ատամը, եթե հաշվենք ըստ քաշի, կազմում է ընդամենը 0,002 տոկոս։ Նշանակում է՝ քո 99,998%-ը կարգին է, գերակշիռ մասդ առողջ է, ուրեմն ինչո՞ւ ես նվնվում։ Տես. աչքերդ թարթում են, ականջներդ լսում, ոտքերդ քայլում, ուրեմն ուրախացի՛ր։ Ոչ, նա տնքում է, չգիտես ինչու։
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մամուլն իր արտահայտությունների մեջ երբեմն անցնում է պարկեշտության սահմանները…
Այ, ասա, ընթերցող, ասա ազնվորեն, ի՞նչ խոսքեր կարտաբերես հստակ, պարզորոշ ու կրքոտ, եթե ուղիղ քթիդ տակ հինգերորդ հարկից ընկնի ինչ-որ ծանր առարկա։ Մի՞թե կասես. «Այո, բարեկամներս, կան դեռ թույլ օղակներ հայրենի նանոտեխնոլոգիաների զարգացման գործում»։
Մի տեսակ չեմ հավատում դրան, եթե անկեղծ։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ կասես միանգամայն այլ խոսքեր։ Կարող ես չպատասխանել, թե հատկապես ինչ։ Ինքս էլ գիտեմ։
«Հայոց աշխարհ»