«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այսօր կայացավ Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» ներկայացման պրեմիերան: Aravot.am-ի հետ զրույցում բեմադրիչ Գառնիկ Սեյրանյանը նշեց, որ ներկայացման պատրաստման աշխատանքների վրա ծախսվել է 2,5 ամիս. «Պիեսի կերպար Նիկը ուներ պանդոկ, որտեղ հավաքվում էին տարբեր բնավորությունների տեր մարդիկ, եւ եթե մենք հիմա դուրս գանք փողոց, ապա նույնպես կտեսնենք միմյանցից շատ տարբեր մարդկանց: Վիլյամ Սարոյանը մեծ բարություն է, նա իր ստեղծագործություններով նամակ է ուղղարկում աշխարհին եւ ասում, որ սթափվենք: Ամենուր պատերազմ ու թշնամանք է, արդյոք կարո՞ղ է հայը հայի նկատմամբ այդքան ոխերիմ տրամադրված լինել, մենք երբեմն նման կերպ ենք վարվում մեր իսկ հասարակության մեջ մեկս մյուսի հանդեպ. չէ որ արյունակից ենք, պետք է սթափվել եւ բռունցք դառնալ: Վիլյամ Սարոյանի հանճարեղությունը կայանում է հենց նրանում, որ նա գրել է բոլոր ժամանակների համար եւ գերխնդիրն այն է, որ մեր հասարակության միջից պետք է վերացնել չարիքը, այլապես այդ հասարակությունը զարգացում չի ունենա»:
Բեմադրիչի խոսքով` նա լավ գիտի իր աշխատանքի թերություններն ու առավելությունները, սակայն պրեմիերան սպասվածից լավ եղավ. «Հանդիսատեսը զգում էր ներկայացումը` ծափահարում ու արձագանքում էր հենց այն տեղերում, երբ բեմ ու հանդիսատես կապը ստացվում էր: Բեմադրելու ընթացքում ես երբեք չէի մտածի, որ նման արձագանքներ կլինեն, հանդիսատեսը իսկապես սիրեց ներկայացումը»:
«Դերասաններն իմ զավակներն են, նրանց մեջ կան այնպիսիները, ովքեր այս ներկայացման մեջ դեռ կաճեն: Ներկայացումը չի կարելի դատել առաջին խաղով, այն պետք է եփվի ու եփվի»,-հավելեց բեմադրիչը:
Գլխավոր դերերից մեկում նույն թատրոնի դերասան Վահագն Գասպարյանն էր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ խաղում է պրոֆեսիոնալ դերասանների հետ եւ, լինելով երիտասարդ, դա համարում է մեծ պատիվ. «Ներկայացումն ու իմ կերպարը շատ սիրեցի, չնայած Սարոյան չսիրելը հիմարություն է: Առաջին անգամ խաղալը մեծ դժվարություն է, սակայն ինչքան գնա այն կբացվի ու կբացվի: Կերպարս բացել ու ստեղծել եմ իմ ձեւով, հուսով եմ ստացվեց»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ