Այսօր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր եւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի մեջ մեծ տարբերություն կա. «Նմանությունը գիտեք ինչումն է՝ ես էլ եմ քաղաքական գործիչ, Օսկանյան Վարդանն էլ է քաղաքական գործիչ, երկուսին էլ զրկել են անձեռնմխելիությունից: Բայց մեզ շատ պարզ բանի համար են զրկել: Ընտրությունների ժամանակ մենք հաղթեցինք, մենք այնտեղ չափառ ջարդեցինք, կռիվ եղավ, այսինքն՝ զուտ քաղաքական խնդիր էր: Այս դեպքում հիմքում ընկած է նաեւ ֆինանսական հարց: Ես որպես դատավոր չեմ ուզում խառնվել հիմա՝ ո՞վ էր ճիշտ, ով ճիշտ չէր, բայց քաղաքական դաշտում միշտ էլ այդ ֆինանսական հարցերի համար այդպիսի պրոբլեմներ լինում են: Շիրակի հետ էլ եղավ, Գերմանիայի կանցլերի հետ էլ եղավ, Բերլուսկոնիի հետ էլ էր լինում: Բոլոր քաղաքական գործիչների հետ այդ ֆինանսական հարցերը հիմնականում կապված են լինում ընտրություններին ոչ օրինական գումարներ վերցնելու եւ նման թեմաներով, ստանդարտ մի դաշտ է: Իմը ստանդարտի մյուս դաշտից էր, բայց նմանությունը միայն այն է, որ քաղաքական գործչին զրկեցին անձեռնմխելիությունից: Նմանությունը միայն դա է»:
Մեր հարցին՝ բայց ձեզ երկուսիդ էլ քաղաքական դրդապատճառներով են, չէ՞, զրկել անձեռնմխելիությունից՝ պարոն Մանուկյանը պատասխանեց. «Քաղաքական դրդապատճառ ես ընդունում եմ մենակ այն դեպքում, երբ մարդը մեղք չի գործել, քաղաքական դրդապատճառով ինչ-որ բան ես անում: Բայց այստեղ պարզ էլ չի՝ մարդը մեղքը գործե՞լ է, թե՞ չի գործել: Համենայնդեպս, պաշտոնական տվյալներով՝ ոնց որ թե սխալներ արել է: Ես, օրինակ, գտնում եմ, որ Օսկանյան Վարդանն իրեն սխալ է պահել: Ինքը պիտի վեր կենար, ասեր հա, իսկապես, ոնց որ թե բաց երեւում է, իսկապես այս գումարը այս հաշվի վրա պիտի չլիներ, այն հաշվի վրա պիտի լիներ: Սխալվել եմ, ներողություն, եթե սխալի համար պատիժ կա, տուգանք… բան պիտի վճարեմ, հարկեր կվճարեմ, անձեռնմխելիությունից ուզում եք զրկե՞ք՝ կարիքը չկա, բայց եթե ուզում եք՝ ես եմ դիմում՝ ինձ անձեռնմխելիությունից զրկեք, ի՞նչն է պրոբլեմը: Ի՞նչն է պրոբլեմը, իրեն պիտի տանեին անօրինական բա՞նտ նստեցնեին: Ինքը եթե բաց ձեւով գնար, այսպես աղմուկ չէր բարձրանա: Ի՞նչ է, դուք մտածում եք իրեն պիտի բռնեին, նստեցնեին, հետո մենք պիտի պերեդաչի՞ տանեինք Օսկանյանին: Չէ, էլի: Այս մեր պետությունը վաղուց այդ վիճակից դուրս է եկել, որ ինքը կարող է որեւիցե քաղաքական գործչի առանց որեւիցե հիմքերի, սխալ, կեղծ մեղադրանքով նստեցնի բանտ: Այդպիսի բան հիմա Հայաստանում լինել չի կարող: Ոչ միայն, որ իշխանություններն են փոխվել ու ավելի լավն են, Հայաստանի իշխանությունները, Հայաստանում գործառույթները լրիվ խոշորացույցով նայվում են Եվրոպայի խորհրդի կողմից: Ներսում փոփոխություններ են տեղի ունեցել: Մարդուն կարող են տհաճություն պատճառել, բայց եթե հանցագործություն արած չլինի, ո՞նց կարող են բանտ նստեցնել: Ես կարծում եմ, որ այս աղմուկը Օսկանյան Վարդանը ինքը պետք է ընդուներ, որ ինքը սխալ է արել ինչ-որ բաներ եւ փորձեր այդ սխալները շտկել՝ վերջանար գնար»:
Մեր դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանը նախագահի պոտենցիալ թեկնածու է՝ պարոն Մանուկյանը պատասխանեց, որ եթե ռեալ նայենք՝ ցանկացած մարդ էլ պոտենցիալ թեկնածու է. «Ինքը կարո՞ղ է դառնալ նախագահ: Եթե ինձ եք հարցնում, ես որպես քաղաքական գործիչ, որպես մասնագետ կարող եմ ասել, որ` ոչ: Այնպես որ այստեղ վտանգը այն չի, որ կարող էր նախագահ դառնար, իրեն դիտմամբ այդ վիճակի մեջ են գցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև