«Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եվ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» ուսումնասիրությունը, համաձայն որի, Հայաստանի պետական կառավարման համակարգում ամեն աշխատողի կցված է մեկ համակարգիչ, իսկ ահա տեղական ինքնակառավարման համակարգում երեք հոգուն՝ մեկ համակարգիչ:
Էլեկտրոնային հասարակություն կառուցող մեր պետությունում «ՏԻՄ-երը հիմնականում ազատ են իրենց գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կամ առանց դրանց կազմակերպելու հարցում եւ, ընդհանրապես, չկան օրենսդրական պարտավորություններ էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին ծառայություններ մատուցելու, տեղեկատվություն տրամադրելու եւ մասնակցային գործընթաց ապահովելու առումով… «Հարկերի մասին» ՀՀ օրենքում ներառված` «ՀՀ հարկային oրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը» վերաբերում է միայն պետական հարկերի գծով եկամուտների հավաքագրում և հաշվառում իրականացնող հարկային մարմիններին, իսկ ՏԻՄ-երին` ոչ… գործող օրենսդրությունը չի նպաստում ՏԻՄ-երի կողմից էլեկտրոնային ստորագրության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման ակտիվացմանը…
2012թ. հունվարի տվյալներով, ՀՀ 10 մարզերի 914 համայնքապետարաններից միայն 400-ը կամ 43.7%-ն են ապահովված համացանցային կապով: Պաշտոնական համացանցային կայք ունեն միայն 55-ը կամ 6.0%-ը »:
Կարդացեք նաև
Զեկույցի հեղինակները նկատում են, որ ՏԻՄ-երին պետք է մոտ 5000 համակարգիչ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ