Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին:
Էրեբունի թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին է ներկայացվել գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները: Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի հարակից հրապարակն ամբողջությամբ կվերածվի թատերական հարթակի: Ռուբեն Հովհաննիսյանը նաև նշել է, որ ներկայացման որոշ հատվածներ հաճելի անակնկալ կլինեն տոնակատարության բոլոր մասնակիցների համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բեմահարթակներին հարակից տարածքներում ավելացնել տոնական ձևավորման պարագաները:
Տեխնիկական վերջին շտկումներն են արվում նաև Հանրապետության Հրապարակում տեղակայված տոնական գլխավոր միջոցառման բեմահարթակում:
Աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթանալով բեմերում ընթացող աշխատանքների ընթացքին Տարոն Մարգարյանն ընդհանուր առմամբ գոհ է մնացել նախապատրաստական գործընթացից. <<Հոկտեմբերի 14-ին մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրն է և մենք` բոլորս միասին, բարձր տրամադրությամբ պետք է նշենք Երևանի տոնը: Բոլոր գլխավոր բեմահարթակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 14-ին Երևանն իսկապես կլինի տոնական և մենք կկարողանանք ապահովել բարձր տրամադրություն: Մեզ համար նաև շատ կարևոր է, որ այդ օրը երևանցին դառնա տոնախմբության անմիջական մասնակիցը: Մեկ անգամ ևս հոկտեմբերի 14-ին բոլորին հրավիրում եմ քաղաքի փոքր կենտրոն, մասնակցելու բազմաթիվ և բազմաբնույթ տոնական միջոցառումներին>>, – նշել է Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն