«Կարելի է պատկերացնել, որ Հայաստանում կուսաթաղանթով աղջիկներ չեն մնացել: Դժվար թե այդքան շատ արհեստական կուսաթաղանթների կարիք լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը, անդրադառնալով օրերս մամուլում շրջանառվող այն լուրին, թե Հայաստան մեծ քանակությամբ արհեստական կուսաթաղանթներ են ներկրվել, որովհետեւ պահանջարկ կա:
Զաքարյանը գտնում է, որ կուսության խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ իբրեւ փակ թեմա,եւ դեռ մի 30 տարի էլ այդ խնդիրը արդիական կլինի, չնայած, որ 90-ականներից հետո այն սկսվել է լավ լուսաբանել. «Հայկական ընտանիքներում աղջկա կուսաթաղանթի հարցը հոգեբանական տրավմա է սկեսուրների համար: Ըստ նրանց՝ հարցը աղջկա անարատ լինելն է: Մինչեւ հիմա էլ մեզ մոտ պարբերաբար սկեսուրներ են գալիս հարսներին բերում, ասում բժիշկ մի հատ ստուգիր, տես աղջիկ է, թե ոչ: Շատ տհաճ է այդ պահը, հատկապես, երբ նրանց տղաներն էլ խեղճ-խեղճ կանգնած հետեւում են մոր հրահանգներին, քայլերին: Կուսության խնդիր եվրոպական երկրներում չկա: Միայն Կովկասում է, որ աղջիկը պետք է անարատ մնա մինչ ամուսնությունը, պահպանի կուսությունը: Այդ պատճառով էլ մեզ մոտ մինչ օրս կան 50 տարեկան կույսեր, չնայած կուսության պահպանումը առողջության համար վտանգավոր չէ»,- հավելեց Զաքարյանը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ