76-ամյա Ռոզա Դավթյանը մոտ 20 օր առաջ է Էջմիածնից Կապան եկել, ավելի ճիշտ, իր պատմելով, որդին իր պայուսակի մեջ մի քանի իր ու անձնագիր է դրել եւ ճանապարհել Կապան: Բայց Ռոզա տատիկը Կապանում մնալու տեղ չուներ, ոտքն էլ վնասված էր` ջարդված, տաքսու վարորդը ստիպված էր ոստիկանություն տանել միայնակ տատիկին, որտեղից էլ նրան բերեցին Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք: Արդեն մի քանի շաբաթ է Ռոզա Դավթյանը հիվանդանոցում է, վնասված ոտքն են վիրակապի մեջ դրել, համապատասխան բուժօգնություն տրամադրել, բայց դուրս գրվելուց հետո էլ միայնակ տատիկը շարունակում է հիվանդանոցում ապրել եւ բուժքույրերի խնամքի տակ մնալ, նրանց հաց ու ջրից օգտվել, գնալու տեղ չունի: Արմատներով կապանցի է, բայց վերջին տարիներին Էջմիածնում էր ապրում որդու հետ: Տատի կցկտուր պատմածներով` նա տղաներ ունի, մեկն Էջմիածնում է բնակվում, մյուսները` արտերկրում, Կապանում նաեւ բարեկամներ ունի, բայց 76-ամյա Ռոզա Դավթյանին այսօրվա դրությամբ ո’չ տիրություն անող կա, ո’չ էլ խնամող, ուստի ստիպված շարունակում է մնալ հիվանդանոցում: Դեռեւս պարզ չէ, թե ինչքան ժամանակ կմնա նա բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում կամ դուրս գալուց հետո որտե՞ղ եւ ո՞ւմ մոտ պետք է տեղափոխվի, եթե հարազատների կողմից այսքան ժամանակ դեռեւս ոչ մի դրական արձագանք չի եղել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ