Հարցը վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մինչև 2020 թվականի համագործակցության ծրագիրն իր մեջ ներառում է մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և ֆիքսվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանգամանքները և գործողություններն այդ ուղղությամբ, թե ինչ ռազմավարությամբ մենք պետք է հասնենք նպատակներին: Շատ համալիր ծրագիր է, որի վրա բավական երկար աշխատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների աշխատանքային խմբերը, և այսօր բոլոր կետերը համաձայնեցված ձևով ներառվել են ծրագրի մեջ: Չկա գրեթե որևիցե ոլորտ` տնտեսական, մշակութային, սոցիալական, որն այս փաստաթղթում արձանագրված և արծարծված չլինի:
Հարգելի գործընկերներ, հարցը վերաբերում էր մինչ 2020 թվականը տնտեսական համագործակցության համաձայնագրին, որը մենք այսօր ստորագրեցինք: Հարցն այդ փաստաթղթի էության մասին էր: Ես պատասխանեցի, որ այդ փաստաթուղթը գործնականում իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության բոլոր ուղղությունները, ներառյալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, հումանիտար հարցերը: Արտացոլված են երկու կողմերի սկզբունքային դիրքորոշումները, արտացոլված են հենց այն դրույթները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:
Հարցը վերաբերում է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին և ներդրումներին:
Կարդացեք նաև
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլով – Հարգելի պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ընդհանրապես մեր երկրների առևտրատնտեսական համագործակցությունը բավական դինամիկ է զարգանում, և անցած տարի մոտեցանք մեր ապրանքաշրջանառության 1 միլիարդ դոլարի շեմին: Այս տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ 8 ամսվա արդյունքով մենք արդեն գերազանցել ենք 800 միլիոնը և այդպիսով այս տարի դուրս կգանք 1 միլիարդ դոլարի շրջանակներից: Ինչ վերաբերում է ուղղակի ներդրումներին, կամ էլ ընդհանուր առմամբ, ապա վերջին 20 տարում դրանց ծավալը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար, որոնցից ուղղակի ներդրումները Ռուսաստանից դեպի Հայաստանի տնտեսություն կազմել է մոտ 2.5 միլիարդ դոլար: Այսպիսով, մենք տեսնում ենք ներդրումների որոշակի ծավալ և, ինչը հատկապես ուրախալի է, որ այդ ներդրումները հիմնականում ուղղակի բնույթ են կրում: Այսինքն, կոնկրետ ներդրումներ են կատարվում ձեռնարկություններում` նյութատեխնիկական բազայի և բիզնեսի զարգացման ուղղությամբ, այլ ոչ թե կրում է, այսպես ասած, պորտֆելային բնույթ: Ինչ վերաբերում է ծավալի հարաբերական նվազմանը ըստ ընթացիկ տարվա դինամիկայի, ապա կարծում եմ, որ դեռ շուտ է եզրակացություններ անել: Մենք կտեսնենք տարեվերջյան վիճակագրությունը. ներդրումային գործընթացն ընդհատվող բնույթ ունի, և ներդրողները, որպես կանոն, տարեվերջին են կառուցում իրենց ֆինանսական ծրագրերը` ելնելով ներդրումներից և, ռեսուրսների, այսպես ասած, առավելագույն կենտրոնացումից, այդ պատճառով այդ մասին կարելի խոսել միայն օրացուցային 2012 տարվա արդյունքներով: Շնորհակալություն:
Հարց- Գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ ինչպիսին է իրավիճակը:
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլով – Այդ հարցը դիտարկել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստում: Բանակցությունները շարունակվում են: Այստեղ են գտնվում «Գազպրոմ»–ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչները: Մենք դինամիկ առաջ ենք շարժվում այդ հարցում, և վստահ եմ, որ, ինչպես միշտ, կհասնենք բոլորին ձեռնտու պայմանավորվածությունների: