Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանում

Հոկտեմբեր 12,2012 15:53

Համացանցում հայտնված տեսանյութի հերոսները սակարկում են խորհրդարանական տեղերը:

Սեյմուր Քազիմով, Կովկաս
Տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը կաշառք պահանջում՝խորհրդարանական տեղը վաճառելով, անսովոր հասարակական արձագանք ստացած կոռուպցիոն սկանդալ է առաջացրել:

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական գործիչ Գյուլար Ահմեդովան 2 միլիոն մանաթի (շուրջ 2,5 միլիոն դոլար) չափով կաշառք է պահանջել՝Միլի Մեջլիսում նրա համար տեղ ապահովելու համար:

Թաքնված տեսախցիկով նկարահանված նյութը ներկայացնում է Աբդուլլաեւի, Ահմեդովայի եւ մեկ այլ կնոջ՝ Սեւինջ Բաբաեւայի խոսակցությունը 2005թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

«Ես եմ նկարահանել այս տեսանյութը եւ ձայնագրել իմ հանդիպումներն ու հեռախոսազրույցները Գյուլար Ահմեդովայի եւ Սեւինջ Բաբաեւայի հետ: Գլխավոր դատախազին ուղարկել եմ տեսանյութը պարունակող տեսասկավառակը եւ դիմում ներկայացրել Գյուլար Ահմեդովայի դեմ քրեական գործ հարուցելու համար», – ասում է Աբդուլլաեւը, որը ներկայում Ֆրանսիայում է:

Աբդուլլաեւը զրկվեց աշխատանքից երկու տարի առաջ, երբ կառավարությունը որոշեց փակել նրա ղեկավարած բուհը:
Համալսարանի նախկին ռեկտորի խոսքերով, նա որոշեց համացանցում տարածել տեսանյութը, երբ դատախազությունը մերժեց դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցել:

Տեսանյութի տարածմանը հաջորդող վրդովմունքի ալիքը ստիպեց Ահմեդովային հրաժարվել խորհրդարանական մանդատից, իսկ Բաբաեւային ազատեցին Բաքվի քաղաքային գրադարանի տնօրենի պաշտոնից:

Ահմեդովան հերքել է կաշառակերության վերաբերյալ մեղադրանքները՝ նշելով «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում, որ տեսանյութը կեղծիք է:

Երբ աղմկահարույց տեսանյութը հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց, դեպքի կապակցությամբ, ի վերջո, քրեական գործ հարուցվեց:

Սեպտեմբերի 28-ին Ահմեդովան հայտարարեց, որ հրաժարվում է խորհրդարանական մանդատից, որպեսզի իր պաշտոնը չդիտվեր որպես գործի արդար նախաքննության խոչընդոտում:

Սակայն դեռեւս մինչեւ նախաքննության սկիզբը, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը շտապեց քննադատել Ահմեդովային՝հայտարարելով, որ վերջինս կորցրել է կուսակցությունը ներկայացնելու բարոյական իրավունքը:

Համացանցում հայտնված տեսանյութում հիշատակվում է նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի անունը: Վերջինս, ելույթ ունենալով հոկտեմբերի 3-ին, հերքեց, թե որեւէ կապ ունի տեղի ունեցածի հետ: Մեհդիեւի խոսքերով, այս ամենը Ադրբեջանի կառավարությանը հեղինակազրկելու նպատակով կազմակերպված արշավ է, որը, միեւնույն է, ձախողվելու է:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031