Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի (Ռուսաստանի Դաշնություն) միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Արտյուխին:
Ողջունելով հյուրին` Նորին Սրբությունը նշեց, որ նման այցերը համայն հայության հոգևոր կենտրոն հնարավորություն են ընձեռում լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին և նրա հոգևոր արժեքները: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները ջերմ են ինչպես պետական, այնպես էլ հոգևոր մակարդակում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, ինչպես նաև ՌԴ-ում հայ համայնքի և Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմի կյանքին: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Յուրի Արտյուխին` Մոսկվայի հայ համայնքին և հայոց թեմին ցուցաբերվող զորակցության համար:
Կարդացեք նաև
Իր հերթին Յ. Արտյուխը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, Նորին Սրբությանը փոխանցեց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ողջույններն ու մաղթանքները: Իր խոսքում Յ. Արտյուխը նաև ընդգծեց Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական ընդարձակ համալիրի և առաջնորդանիստ տաճարի կարևորությունը` նշելով, որ այն զգալի դերակատարություն կունենա հայ համայնքի հոգևոր կյանքում:
Հանդիպմանը ներկա էր նաև Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: