Այսօր մամուլում նամակներ հրապարակվեցին ու լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնական լիազորությունները ստանձնելուց մեկ օր առաջ, նրա թիկնապահները Շիրակացի փողոցի միջնամասում ընտանիքի անդամների ու հարևանների ներկայությամբ ծեծի են ենթարկել Արթուրին ու Ռուբենին: Պատճառը եղել է այն, որ Արթուրը, աշխատելով թիկնապահ Բալասանյանի օբյեկտներից մեկում` Անուշարանում, ու իրեն անհասկանալի պատճառով աշխատանքից ազատվելով, պահանջել է իր աշխատավարձը, որն էլ պատճառ է դարձել ծեծուջարդի:
Այս մասին Շիրակի մարզային ոստիկանությունը ահազանգ չէր ստացել, սակայն մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը մամուլում հրապարկվելուց հետո հանձնարարել էր հետաքրքրվել այդ հարցով: Մենք փորձեցինք ճշտել, թե ոստիկանությունը որևէ բացահայտում կատարե՞լ է, սակայն երկար ժամանակ անհասանելի էր ինչպես Կարեն Բաբակեխյանի, այնպես էլ ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հեռախոսահամարները, իսկ Շիրակի մարզի նորանշանակ քննչականի պետ պարոն Երիցյանը մեկնել էր մայրաքաղաք: Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը, ով առաջին օրն է Գյումրու քաղաքապետարան ներկայանում աշխատանքի, մեզ փոխանցեց, որ քաղաքապետը թիկնապահներ չունի, և չի ճանաչում նշված անձանց, չգիտի ո՞ւմ մասին է խոսքը:
Այդ դեպքում ի՞նչպես կմեկնաբանեն այս լուրերը, ուզո՞ւմ են առաջին օրով վարկաբեկել Սամվել Բալասանյանին, մամլո քարտուղարը, չշտապելով որևէ գնահատակ տալ, փոխանցեց, թե ընթացքում կպարզեն, սա չարամտորե՞ն է կատարված: Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանցոցից էլ մեզ փոխանցեցին, թե այս երկու օրվա ընթացքում ծեծված մարդու չեն ընդունել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև