Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԿԵՆԱՑ

Հոկտեմբեր 12,2012 15:42

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ վեցերորդ

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԿԵՆԱՑ

 Եվ Ֆերեշեթը քթի տակ փնթփնթալով ասաց՝ «ես մի հատ կենաց եմ ուզում ասեմ», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ես իմ կենացը դեռ չեմ ավարտել, պարոն մուսա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ իմ կենացի միայն առաջին արարն եմ ավարտել» եւ ոտքի կանգնելով ասաց՝ «ինչպես մեր նախնիներն էին ասում՝ ձեր ոտքը թող խերով լինի» ու էդ ասելով՝ մինչեւ վերջ խմեց, եւ բոլորս խմեցինք, եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու չափազանց խիստ տոնով հարցրեց՝ «պարոն մուսա, գոնե պատկերացնո՞ւմ եք՝ մեր նախնիներն ինչպիսին էին», եւ չեմ հիշում Ֆերեշեթն ինչ ասաց, եւ Ներսիսյանը գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «մեր նախնիներն ինձ պես հաղթանդամ էին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց ո՛չ ինձ պես ճաղատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եւ ոչ էլ՝ ինձ պես վատառողջ», եւ Ֆերեշեթը կմկմալով ասաց՝ «բժիշկն ասեց, որ կամաց-կամաց դզվում ես», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «բժշկությունը միանգամայն անզոր է», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «ի՞նչ առումով ա անզոր», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Վարդանին ու հեգնանքով ասաց՝ «ձեր լավատեսական նոպաների առումով, հարգարժան մուսա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իսկ այժմ վերադառնանք մեր նախնիներին» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մեր նախնիներն ինձ պես հաղթանդամ էին եւ պարոն Շեկունցի հանգույն՝ շեկ», եւ Վարդանը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «հիմի կարա՞մ մի հատ կենաց ասեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր նախնիներն առանձնապես չէին սիրում երկարբարակ կենացներ լսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նամանավանդ՝ Նավասարդյան տոներին», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց եւ կմկմալով ասաց՝ «բայց Նավասարդն ու հիմիկվա նոր տարին իրարից տարբեր են», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «նույն զիբիլն են», եւ Ֆերեշեթն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «բայց կարծեմ Նավասարդյան տոներն օգոստոսին էին», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու աչքերը ճպճպացնելով ասաց՝ «փաստորեն, մեր նախնյաց հերոսական անցքերից բավականաչափ տեղեկացված եք, տիար Ֆերեշեթ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որոշ բաներ կարդացել եմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր նախնյաց հերոսական գործերից որոշ դրվագներ էլ ձեր խոնարհ ծառան է աչքի անցկացրել» եւ ինձ նայելով ու ժպտալով ավելացրեց՝ «տիար Շեկունցն «Առավոտ» թերթի վերջին էջի ներքեւի մասում պարբերաբար անդրադառնում է մեր նախնյաց հերոսական անցյալին, եւ ձեր խոնարհ ծառան երբեմն-երբեմն աչքի է անցկացնում դրանք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «բայց Արմենը որպես հումոր ա էդ բաները գրում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր հերոսաբարո եւ ազնվազարմ նախնիք երգիծանքի եւ հումորի վերաբերյալ մի չափազանց ճշգրիտ դիտարկում են կատարել», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «ի՞նչ դիտարկում», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «ասում էին՝ էլ ի՞նչ կատակ, որի առնվազն կեսը լուրջ չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երբեմն էլ ասում էին՝ լուրջ խոսքը կատակով կասեն», եւ Իշխանյան Վահանն ինչ-որ բան էր ուզում ասել, եւ դա նկատելով՝ Ներսիսյանը Վահանին հարցրեց՝ «կրտսեր Իշխանյանը հարցի կապակցությամբ միգուցե ուզում է արտահայտվել», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «Վարդա՛նն ա ուզում կենաց ասի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե այդքան շատ է ուզում, խնդրեմ, թող ասի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց՝ Նավասարդյան տոներին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մինչեւ օգոստոս համբերությամբ կսպասենք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ անհամբեր կսպասենք» եւ Ֆերեշեթին նայելով հարցրեց՝ «առարկություւններ ունե՞ք, պարոն հարգարժան», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «առարկություններ չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու կարմրելով ավելացրեց՝ «առարկություններ չունեմ, բայց կենաց ունեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու սիրալիր ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «օգոստոսին, պատվարժան եղբայր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենք համբերությամբ կսպասենք» եւ մեզ նայելով հարցրեց՝ «համաձայն չե՞ք, պարոնայք երդվյալ ատենակալներ» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե համաձայն չեք, կարող եք ձեր դիտողություններն ու նկատառումները ներկայացնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բանավոր, մեկ օրինակից», եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «կարող ա շատ կարեւոր կենաց ա ասում, պարոն Ներսիսյան», եւ Ֆերեշեթն ամոթխած ժպտալով ասաց՝ «ոչ թե կարեւոր, այլ՝ կարեւորագույն», եւ Ներսիսյանը խղճահարությամբ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «կարեւորագույն կենացները տեղափոխվում են օգոստոսի տապ» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մենք տափ արած կսպասենք օգոստոսի տապին», եւ Վահանը փռթկացնելով ասաց՝ «կարող ա շատ կարեւոր կենաց ա, պարոն Ներսիսյան», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարծում եմ՝ այդ կենացն օգոստոսի տապին առավել հաճելի եւ առավել ընդունելի կլինի» եւ ժպտալով ավելացրեց՝ «օգոստոսին մենք այդ կենացն իբրեւ զովացուցիչ կընդունենք» եւ ժպտալով նայեց ինձ ու ասաց՝ «այս առթիվ չէր խանգարի անտիպոետ Շեկունցի կարծիքը լսել» եւ ժպտալով ավելացրեց՝ «խնդրեմ. բանավոր, մեկ օրինակից», եւ ես ժպտալով ասացի՝ «թողենք՝ թող ասի», եւ Ներսիսյանը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ո՞վ ասի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ֆերեշեթյան Վարդանը», եւ Ներսիսյանն ավելի զարմացած ինձ հարցրեց՝ «Ֆերեշեթյան Վարդանն ի՞նչ ասի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կենաց», եւ Ներսիսյանը խեթ նայեց ինձ ու խիստ տոնով հարցրեց՝ «ի՞նչ կենաց», եւ ես ուսերս թոթվելով ասացի՝ «չգիտեմ», եւ Ներսիսյանը չափազանց խիստ տոնով ինձ ասաց՝ «եթե չգիտեք, ինչպե՞ս եք ձեր այդ առաջարկությանը պնդում» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «այդ առայժմ անհայտ կենացի ողջ պատասխանատվությունը վերցնո՞ւմ եք ձեզ վրա», եւ մինչ կմտածեի՝ ինչ ասեի, Վահանը ժպտալով ասաց՝ «ես պատասխանատվությունը վերցնում եմ», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Վահանին ու ժպտալով ասաց՝ «Իշխանյանները միշտ էլ աչքի են ընկել նախանձելի համարձակությամբ ու անձնվիրությամբ» եւ հիացմունքով Վահանին նայելով ու շողշողուն աչքերը ճպճպացնելով հարցրեց՝ «կրտսեր Իշխանյանի որոշումը վերջնակա՞ն է», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Ներսիսյանը ժպտալով Վահանին հարցրեց՝ «այսինքն, տիար Ֆերեշեթյանի ապագա կենացի ողջ պատասխանատվությունը ստանձնելու ձեր հերոսական որոշումը վերջնակա՞ն է», եւ Վահանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Վահանին հարցրեց՝ «տիար Իշխանյանը հետեւանքների պատասխանատվությունն է՞լ է ստանձնում», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ հետեւանքներ», եւ Ներսիսյանը միանգամայն լուրջ տոնով Վահանին հարցրեց՝ «տիար Իշխանյանը տիար Ֆերեշեթյանի ապագա կենացի հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը ստանձնո՞ւմ է», եւ Վահանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հա», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Վահանին, այնուհետեւ նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «կրտսեր Իշխանյանի համարձակությունն ու որոշումների հերոսականությունն ինձ ուղղակի ապշեցնում են, տիար անտիպոետ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կխնդրեի՝ «Առավոտի» վերջին էջի ստորին հատվածում առնվազն մի տողով անդրադառնալ այս հերոսական դրվագին, տիար անտիպատմահայր», եւ ես ժպտալով ասացի՝ «կփորձեմ անդրադառնալ», եւ Ներսիսյանը ժպտալով ինձ ասաց՝ «կփորձեմ հավատալ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հույս ունեմ, որ գոնե այս անգամ ձեր խոստմանը հավատարիմ կմնաք», եւ ես անմիջապես հասկացա, որ Ներսիսյանի ակնարկն իր արտասանած բանաստեղծությանս է վերաբերում, ու էդ պահին մտքիս մեջ ինքս ինձ խոստացա, որ առաջին իսկ հնարավորության դեպքում էդ բանաստեղծությունս կվերահրատարակեմ՝ «նվիրվում է Լեւոն Ներսիսյանին» ենթավերնագրով, ու մինչ էդ մասին էի մտածում, Ֆերեշեթն ինձ հարցրեց՝ «Էֆենդուն բան ես խոստացել՝ չես արե՞լ», եւ Ներսիսյանն անսպասելի գոռաց՝ «մենք միջնորդների կարիք չունենք, տիա՛ր կենացասաց» եւ մի քիչ մտածեց ու ձայնը մեղմացնելով ավելացրեց՝ «ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի կարող խոստանալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ առավել եւս ձեր խոնարհ ծառային որեւէ մեկը որեւէ բան չի կարող խոստանալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ ձեր խոնարհ ծառան երբեւէ որեւէ մեկից որեւէ բան չի խնդրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «սովորաբար խնդրողներին են խոստանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «ձեր խոնարհ ծառան որեւէ մեկից որեւէ բան խնդրելու սովորություն չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու Nemiroff-ի շշին նայելով ասաց՝ «բայց եթե որեւէ մեկն անկեղծ մղումներից մղվելով՝ ցանկություն է ներկայացնում իր մի պատառը ձեր խոնարհ ծառայի հետ ըմբոշխնել, ձեր խոնարհ ծառան սովորաբար չի մերժում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հատկապես ու առանձնապես այն դեպքերում, երբ անկեղծ մղումներից մղվողը հույժ արգահատելի մեկը չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին նայելով հարցրեց՝ «միտքս հասկանալի՞ ձեւակերպեցի, տիար կենացասաց, թե՞ ավելի պարզ ձեւակերպման անհրաժեշտություն կա», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու գլուխը տմբտմբացնելով ասաց՝ «անհասկանալի բան չկա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ցավոք սրտի՝ անհասկանալի շատ բան կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «փա՜ռք Բարձրյալին, որ դեռեւս ինձ էնպիսի իրավիճակ  չի հրամցրել, որպեսզի ստիպված լինեմ որեւէ մեկից որեւէ բան խնդրել», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ավելի լավ ա կենացդ ասես», եւ Ֆերեշեթը նեղսրտած ասաց՝ «թողում ե՞ք, որ ասեմ», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «ո՞վ չի թողում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց, նայեց Ներսիսյանին ու ոչինչ չասաց, եւ Ներսիսյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «եթե մեր մեջ մեկը կա՝ ով չի հասկանում, որ լռությունը համաձայնության նշան է, նրա առջեւ այս տան դռները բաց են» եւ Ֆերեշեթին սեւեռուն նայելով ավելացրեց՝ «ընդ որում՝ դեպի դո՛ւրս են բաց», եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «իզուր ես ձգձգում», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ձգձգում», եւ Վահանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կենացդ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «թողում ե՞ք, որ կենացս ասեմ», եւ Վահանը հարցրեց՝ «ո՞վ չի թողում», եւ Ֆերեշեթը նայեց Ներսիսյանին ու ոչինչ չասաց, եւ բավական երկար լռություն տիրեց, եւ Ֆերեշեթը նորից նայեց Ներսիսյանին ու վախվորած հարցրեց՝ «ասե՞մ», եւ Ներսիսյանը անսպասելի գոռաց՝ «եթե որեւէ մեկը չի հասկանում, որ լռությունը համաձայնության նշան է, այդ մեկի առջեւ իմ տան դուռը բաց է» եւ մի քիչ մտածեց ու զայրացած ավելացրեց՝ «դեպի դո՛ւրս է բաց, իհարկե», եւ նորից լռություն տիրեց, եւ Վահանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «դե ասա՝ տենանք ի՞նչ կենաց ես ասում», եւ Վարդանը երերալով տեղից վեր կացավ, բաժակը բարձրացրեց, խորը շունչ քաշեց ու ասաց՝ «էս բաժակով ուզում եմ խմել մեծ մտավորականի եւ նույնքան մեծ մարդու կենացը» եւ մի քիչ դադար տվեց, նորից խորը շունչ քաշեց ու ավելացրեց՝ «Լեւոն Ներսիսյանի կենացը», եւ Ֆերեշեթի խոսքի վրա Ներսիսյանը բռունցքով շատ ուժեղ խփեց սեղանին, եւ ափսեն սեղանից ընկավ հատակին ու փշուր-փշուր եղավ, եւ Ներսիսյանը ցասկոտ հայացքով նայեց Ֆերեշեթին ու գոռաց՝ «ես չէի էլ կասկածում, որ մի բացառիկ հիմարություն պիտի դուրս տաք», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ հիմարություն», եւ Ներսիսյանն ատելությամբ Ֆերեշեթին նայելով ասաց՝ «պարոն Ֆերեշեթ, ես ձեզ հազար եմ ասել, որ տարեմուտի երեկոյան անձնավորված կենացներ չի կարելի առաջարկել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ստույգ ասած՝ միայն տվյալ օջախի տիրոջն է վերապահված անձնավորված կենացներ առաջարկել», եւ Ֆերեշեթը վախվորած նայեց Ներսիսյանին ու կմկմալով ասաց՝ «դե դո՛ւ առաջարկի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, նայեց Վահանին, այնուհետեւ հայացքը խստացնելով նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «եւ կառաջարկեմ» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց հատակին թափթփված ափսեի փշուրներին ու ավելացրեց՝ «այս կտորտանքներն ինձ խանգարում են կենտրոնանալ», եւ Ֆերեշեթը տեղից վեր կացավ, գնաց ու քիչ անց ցախավելով վերադարձավ, մի քիչ մտածեց, նորից գնաց, վերարկուի գրպանից ինչ-որ թերթ հանեց եւ երբ փորձում էր ափսեի կտորտանքները ցախավելով թերթի վրա լցնել, Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին ու հարցրեց՝ «այդ ի՞նչ եք անում, պատվելի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «կենացիս հետեւանքներն եմ վերացնում», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթին, այնուհետեւ նայեց մեզ ու ժպտալով ասաց՝ «այս տղան անպայման մի նորարարություն պիտի մոգոնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե օրվա մեջ որեւէ նորարաություն չմոգոնի, էդ օրն իր համար օր չէ», եւ Ֆերեշեթը զարմացած նայեց Ներսիսյանին ու կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ նորարարություն», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Ֆերեշեթի ձեռքի թերթին ու հարցրեց՝ «այդ լրագիրն ինչի՞ համար է նախատեսված», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարդալու», եւ Ներսիսյանը բարկացած հարցրեց՝ «բա ինչո՞ւ չեք կարդում, տիար Ստախանով», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «նոր տարվա հաղորդումների ծրագիրը մեջը կա, դրա համար եմ առել», եւ Ներսիսյանն արհամարհանքով ասաց՝ «սակայն միանգամայն այլ նպատակով եք փորձում օգտագործել», եւ Ֆերեշեթն արդարանալով ասաց՝ «էս փշուրներն էի ուզում հավաքեմ», եւ Ներսիսյանն անսպասելի գոռալով Ֆերեշեթին հարցրեց՝ «առաջին անգա՞մն եք իմ օջախում փշուրներ հավաքում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «մի անգամ էլ ա պատահել», եւ Ներսիսյանը նայեց մեզ ու ժպտալով ասաց՝ «ընդ որում, միեւնույն առիթով» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «այս երիտասարդն իմ կենացն առաջարկելու հատուկ թուլություն ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդ որում, ձեր խոնարհ ծառայի կենացը հատկապես է՛ն ժամանակ է առաջարկում, երբ դրա կարիքը հատկապես չկա», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «երբ էլ առաջարկում եմ՝ նեղանում ես», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ես ոչ նեղանում եմ եւ ոչ էլ լայնանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես միշտ նույնն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ցավոք սրտի, դուք էլ եք միշտ նույնը, տիար Ստախանով» եւ մի  քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «արդեն ի խորոց սրտի եմ սրտնեղում ձեր այդ ներբողային ու ճռճռան կենացներից»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031