Այսօր ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին «Փաստարկ» ակումբում հրավիրեց հրապարակային դեբատի: Երբ վերջերս ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հրավիրել էր դեբատի, պարոն Բագրատյանը, ի պատասխան` հորդորել էր թուղթ բերել նախագահից կամ վարչապետից, որ Արամյանը հանդես է գալիս նրանց անունից, որ բանավիճի: Ուստի Aravot.am-ը Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեց` հիմա ձեր կալիբրը ներո՞ւմ է, որ Վարդան Օսկանյանի պես քաղաքական գործչի հետ բանավեճի մեջ մտնեք, թե՞ դուք էլ նման մի թղթի կարիք կունենաք: Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Դուք երեւի Վարդան Օսկանյանի կողմից չփորձեք ենթադրություններ անել, երբ որ Վարդան Օսկանյանը կգտնի պատասխան իմ առաջարկին` ես իրեն կպատասխանեմ»: Մենք ճշտեցինք` այսինքն` կարծում եք, որ կալիբրը ներո՞ւմ է` նա կրկնեց, որ իր մեկնաբանությունը կտա, երբ Վարդան Օսկանյանը պատասխանի:
ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը Արտաշես Գեղամյան-Խոսրով Հարությունյան-Հայկ Բաբուխանյան ՀՀԿ «եռյակին» անվանել էր ՀՀԿ-ի պատվերով ելույթ ունեցողներ: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք դա` Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Նա արդեն այն տարիքում է, որ մենք պետք է ներենք իր ասածները` տարիքային առանձնահատկություններից ելնելով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ