Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյանը՝ Օսկանյանի գործով դրսից հնչած մտահոգությունների մասին. «Շատ պարզ են ուզում հասկացնել ՀՀ իշխանություններին»

Հոկտեմբեր 12,2012 15:15

ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրման առնչությամբ վերջին օրերին իրենց մտահոգությունը հայտնեցին բազում միջազգային պաշտոնյաներ: Օրինակ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձ տարածեց, որտեղ նա մասնավորապես ասաց. «Այս զարգացումը, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:  Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին` անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց»: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցերով զեկուցող Աքսել Ֆիշերն էլ նշել էր. «Սա հատկապես մտահոգիչ է` հաշվի առնելով այն համառ հայտարարությունները, որ քաղաքական դրդապատճառներն են դեր խաղացել նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու գործում»:

Aravot.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ այս պաշտոնյաների նման հայտարարություններն արդյոք նշանակո՞ւմ են այն, որ Վարդան Օսկանյանի գործը արդեն վնասել է ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանը: Պարոն Բոզոյանը պատասխանեց. «Ոչ թե վնասել է արտաքին քաղաքականությանը, այլ արդեն երկրի վարկն է ընկել: Հենց այդպիսի քայլերն են, որ ի վերջո բերում են երկրի վարկի անկմանը: Այդ պաշտոնյաների դիրքորոշումներն ու գնահատականները արտացոլում են այն իրողությունը, որ Հայաստանի վարկը արտաքին աշխարհում ընկնում է այսպիս գործողությունների պատճառով»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք այն, որ նշված պաշտոնյաները իրենց խոսքում շեշտում են, ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին տեղի ունենալու հանգամանքը, այդպիսով ինչ-որ բան ուզում են հասկացնել ՀՀ իշխանություններին: Պարոն Բոզոյանը նշեց. «Շատ պարզ են ուզում հասկացնել, որ ըստ էության այսպիսի գործողությունները նախագահական ընտրությունների շեմին, երբ միտումնավոր փորձում են խաղից դուրս բերել մրցակցին, դա աշխարհում բացասական են գնահատում»:

Իսկ այն կարծիքներին, թե այս գործը, ըստ էության, Օսկանյանի PR-ն է, Եր. Բոզոյանն այսպես արձագանքեց. «Եթե ցանկացած հասարակ մարդու իշխանությունը բռնի և այդպիսի մեղադրանք ներկայացնի, ավտոմատ այդ մարդու PR-ը կլինի: Բայց ես չեմ ցանկանա, որ որևէ մեկին նման PR արվի: Ցակացած հիմարության արդյունքում, եթե անարդար ձևով տուժում է տվյալ անձը, նրա վարկանիշը կտրուկ բարձրանում է: Այստեղ այդ անձը մեղավոր չէ, որ իշխանությունները հիմարություն են գործում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031