Վերջին շրջանում մեծ աղմուկ հանեց Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման խնդիրը. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: ՀՀ վարչապետն էլ կատարվածը որակեց խայտառակություն, փաստելով, որ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող կարևորագույն օբյեկտի համար շուրջ 700 մլն դրամ է հատկացվել, որը, ըստ էության, փոշիացվել է: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Aravot.am-ի հետ զրույցում ազգային գրադարանի եւ ընդհանրապես գրքի հանդեպ վերաբերմունքի մասին իր մտահոգությունը հայտնեց բանաստեղծ, թարգմանիչ եւ գրականագետ Արտեմ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ գրքի, գրականության, գրված խոսքի հանդեպ վերաբերմունքը խոսում է տվյալ հասարակության մասին. եթե այն բարձիթողի է, ուրեմն հասարակությունն էլ դատապարտված է: Արտեմ Հարությունյանը, այնուամենայնիվ, լավատես է, համարում է, որ ամեն ինչ վերջնականորեն կորած չէ, գրքեր են տպագրվում, որոշակի աշխուժություն կա ոլորտում. «Գեղարվեստական գրականությունը մեր մանուկների հոգեւոր հայրն է, Մայն Ռիդը, Ժյուլ Վեռնը, Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»… դրանցով սնվել, վեր ենք բարձրացել, մարդ ենք դարձել, մարդու կերպարանք ձեռք բերել, թե չէ՝ առանց գրքի մարդը բիոլոգիական բավական տհաճ երեւույթ է: Եթե չի կրթվում, չի դառնում կոմունիկատիվ, չի դառնում երազանք եւ հույս ունեցող»: Դառնալով հիմնանորոգվելու փոխարեն քարուքանդված Հայաստանի ազգային գրադարանին, բանաստեղծն ասում է. « Դատապարտում եմ շինարարների գողությունը, որոնք գրադարանի հանդեպ պետության հոգատարությունը վերածել են քրեական գործի: Նրանք պետք է պատժվեն: Ի՞նչ է նշանակում սա՝ գրադարանի համար մի կերպ հայթայթած գումարը գողանում են, պատերի մեջ ճաքեր են, անմխիթար վիճակ է, ջերմաստիճանը չի կարող պահպանվել գրապահոցներում…Հո պարտադի՞ր չէ խանութ մտնեն ատրճանակով ու թալանեն: Սա էլ է հանցագործություն ու թալան, գրքի հանդեպ սպանություն է կատարվել, որը պետք է պատժվի: Ցավում եմ, որ անվերջ նման պատմություններ են ջրի երես դուրս գալիս: Կատարվածը նույնն է, ինչ շինարարներն իրենց երեխաներին զրկեն հացուջրից, որովհետեւ մարդ ծնվելու հրաշքից հետո մյուս հրաշքը մարդու հոգեւոր աշխարհի ձեւակերպումն է: Գիրքը նաեւ հավատք է բերում, մեզ բերում է ապագա, ու երբ էս բոլորը ոտնահարվում են, դառնում ենք հանցագործների հասարակություն: Մի թեմա էլ Գրողների միության շենքի տակ գտնվող ստրիպտիզանոցն է, դա էլ մի ուրիշ հանցանք է գիրք գրողների հանդեպ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի դեկտեմբերին տված հարցազրույցում Հայաստանի ազգային գրադարանի նորանշանակ տնօրեն Տիգրան Զարգարյանը նեղսրտել էր, որ գրադարանի տարածքից որոշակի մաս պետգույքի կառավարման վարչությունը տվել է տարբեր կազմակերպությունների՝ կարաոկե-բարի, «Հալեպ» խանութին, բոդիբիլդինգի ֆեդերացիային, իսկ հրաձգարանի ու «ոչ գրքային» այլ հաստատությունների հիմնումը գրադարանում մի կերպ կասեցվել է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ