Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) պատրաստվում է երկու դատական հայց ներկայացնել Ստրասբուրգի դատարան՝ Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ առաջինին կաշառք վերցնելու, մյուսին կաշառք տալու մեղադրանքով: Այսօր ասուլիսում այս մասին ասաց ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ստրասբուրգի կոնվենցիայի կոպիտ խախտում էր. «Ստրասբուրգի կոնվենցիան արգելում է այսպիսի արտահանձնումը եւ ներում շնորհելը: Փորձելու ենք դատի տալ Հունգարիայի վարչապետ Ուրբանին՝ կաշառակերության կասկածով: Հայաստանը հենց խառնվեց այս գործին , գործը կփչանա: Ստրասբուրգում պետք է հանդես գան իրավահաջորդները»: Պարոն Գրիգորյանի խոսքերով, Սաֆարովի գործին Հայաստանում ճիշտ գնահատականը դեռ չի տրվել.« Ոչ մեկը գլխի չի ընկել, որ Սաֆարովը սպանությունը կատարել է պաշտոնական ծառայության ընթացքում: Իսկ այդ ընթացքում ցանկացած անձի, առավել եւս սպայի կողմից կատարված հանցագործությունը պետական հանցագործություն է, պետական ահաբեկչություն»: Նա նաեւ նշեց, որ պետական ահաբեկչության մեղադրանքով հնարավոր է ԵՀՄՖ-ն հայց ներկայացնի դատարան: Պարոն Գրիգորյանը նաեւ դժգոհեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքից.«Ավելի վատ արտգործնախարար չեմ տեսել: ՀՀՇ-ի նկատմամբ խորին հակակրանք ունեմ, բայց նույնիսկ ՀՀՇ-ի արտգործնախարարն այդքան վատը չի եղել: Այս տղան՝ Էդվարդ Նալբանդյանը, միայն ման է գալիս, հայերեն ասած՝ կայֆ է բռնում, ոչ մի հարցում չի համագործակցում, տեղ- տեղ էլ մեզ դեմ է աշխատում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև