Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Երիտասարդ արեւելագետների լավագույն զեկույցները կտպագրվեն» (տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2012 14:36

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ արեւելագետների հանրապետական 33-րդ համաժողովը:

Բացման խոսքում ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ 1970-ականներից ի վեր Արեւելագիտության ինստիտուտը կազմակերպել է հանրապետական եւ միջազգային գիտաժողովներ՝  երիտասարդ արեւելագետների համար ճանապարհներ հարթելով գիտության ասպարեզում. «Համոզված եմ, որ այս գիտաժողովի ընթացքում երիտասարդ գիտնականները նոր գիտելիքներ կստանան իրենց ավագ գործընկերներից եւ հասակակիցների հետ կփոխանակվեն կարծիքներով: Արեւելագիտության բնագավառում կազմակերպվող  գիտաժողովներն արդիական են եւ համարվում են հանրապետական մաշտաբի լուրջ գիտական միջոցառումներ, քանի որ երիտասարդներին  հնարավորություն են ընձեռում ծանոթանալ գործընկերների աշխատանքներին»: Սաֆրաստյանը հավելեց, որ 33-րդ  համաժողովի լավագույն զեկուցումները կտպագրվեն. «Կարեւոր է, որ երիտասարդ արեւելագետների աշխատանքներն արժանանան ոչ միայն մասնագիտական գնահատականի, այլեւ՝ հանրության ուշադրությանը»:

«ՀԽՍՀ-ի արտգործնախարարությունը եւ Հայկական հարցի գիտական հետազոտությունները՝ 1945-1947թթ» զեկուցմամբ հանդես եկավ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի աշխատակից, պ.գ.թ.  Քրիստինե Մելքոնյանը: Նա հայտնեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի վարած հակախորհրդային քաղաքականության հետեւանքով ԽՍՀՄ-ը չեղյալ հայտարարեց վերջինիս հետ պայմանագիրը եւ պահանջեց վերադարձնել Կարսի պայմանագրով սահմանված վիճելի տարածքները. «Ռուսական կողմի տարածքային պահանջատիրությունը հանգեցրեց նրան, որ ՀԽՍՀ արտգործնախարարության քաղաքական ինֆորմացիայի բաժնի հայ գիտնականները սկսեցին Հայկական հարցի շուրջ լուրջ ուսումնասիրությունները: Մոսկվայի գնահատմամբ՝ հայ պատմաբաններին իրենց մասնագիտական կարողություններով գերազանցում էին ռուսերին, այդ իսկ պատճառով գործը նրանց վստահվեց: Հրապարակելով Հայկական հարցի եւ ցեղասպանության վերաբեյալ նյութեր եւ փաստաթղթեր՝ գիտնականները սկսեցին ներկայացնել պատմական ճշմարտությունը եւ հայ ժողովրդի անցած պատմական ուղին: Արդյունքում 1945թ-ին հրատարակվեց «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» աշխատությունը»: Մելքոնյանը հավելեց, որ հաջորդիվ գիտնականները փորձում էին ապացուցել, որ ցեղասպանությունը ոչ թե անկարգությունների, այլ նախապես ծրագրավորած քաղաքականության արդյունք էր. «1947թ-ին ԽՍՀՄ-ը սառեցրեց հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Ստալինի մահից հետո Մոսկվան հայտարարեց, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի եւ հարցը մտավ փակուղի»:

Զեկուցումներով հանդես եկան նաեւ պատմական գիտությունների այլ թեկնածուներ, արաբագետներ եւ թուրքագետներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031