Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տեղյակ եմ ԵԴ որոշումներից»

Հոկտեմբեր 12,2012 13:44

Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Վրաստանում  Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, կարծում եմ հետեւո՞ւմ եք վերջին իրադարձություններին՝ կապված Հայաստանի դատարանների քննած գործերով պետության վրա ֆինանսական պարտավորություններ դնելու հետ: Օրեր առաջ տեղեկացանք Գ. Վիրաբյանի եւ Ժ. Սեֆիլյանի գործերից: Երեկ եւս երկու գործով եղել են վճիռներ, որոնցով ասում են՝ տուգանվել ենք 100 հազար եվրոյից ավելի չափով:

– Այո, տեղյակ եմ, վերջին երկու գործերը պետական կարիքների համար իրացման գոտում հայտնված բնակիչների խախտված իրավունքներին էին վերաբերում։ Հրապարակվել են վճիռներ՝ «Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» եւ «Թունյանը եւ մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» գործերով: «Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանի կառավարությունը պարտավորվել է վճարել 95506 եվրո, իսկ «Թունյանը եւ մյուսները ընդդեմ ՀՀ-ի» գործով՝ 36 030 եվրո փոխհատուցում:

– Օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ 2007 թվականից այս կողմ, երբ ԵԴ-ն սկսեց քննել Հայաստանից ստացված գործերը, կառավարությունը ստիպված է եղել Եվրադատարանի վճիռների հիման վրա վճարել շուրջ 400 000 եվրոյի չափ գումար: Հայաստանը մինչ օրս չի ունեցել ԵԴ-ի վճիռներից հետո գումարների հետգանձման մեխանիզմ: Կարծես հասարակությունը արդարացի է համարում այդ գումարները գանձել դատավորներից:

– Հրաշալի հասկանում եմ, որ կարծիքս պոպուլյար չի լինելու: Սակայն ազնիվ եմ համարում անկեղծությունը նման կարեւոր հարցերում: Բացարձակապես համաձայն չեմ դատավորի հրապարակային խարազանման կամ ունեզրկման առաջարկին: Այո, հասարակության վերաբերմունքը, մեղմ ասած, դրական չէ: Այո, դրա համար կան հիմքեր եւ մեղքի հիմնական բաժինը դատարաններինն է: Բայց ես դեմ եմ երեւույթի բացարձակացմանը: Վստահության դեֆիցիտը դատարանների նկատմամբ ավելին չէ, քան իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ: Նման հարցերում պետք է գրագետ եւ հաշվենկատ լուծումներ գտնել, այլ ոչ թե՝ «ունքը սարքելու փոխարեն աչքը հանել»:

– Իսկ ի՞նչ իրավական ակտով պետք է կանոնակարգվի այդ գումարների գանձումը: Արդյո՞ք դա չի դիտվի որպես ոտնձգություն դատավորների անկախության նկատմամբ, միջամտություն նրանց գործունեությանը: Կա՞, արդյոք, նման պրակտիկա այլ երկրներում:

– ԵԴ որոշումներով գանձված գումարների՝ դատավորներից հետգանձման առաջարկն ինքնին հակասահմանադրական է, կոպիտ կերպով հակասում է դատավորի անկախության սկզբունքին: Եվրոպական փորձագետների հետ այս հարցերը մենք դեռեւս 2000-ականների կեսերին էինք քննարկում: Նրանք զարմացած էին նման առաջարկի նույնիսկ քննարկման փաստով: Եվրոպական դատարանում պարտվում են ոչ միայն Հայաստանը եւ զարգացման մեր մակարդակն ունեցող երկրներ: Բազմաթիվ գործերով ընդդեմ պետության վճիռներ են կայացվել Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ արեւմտաեվրոպական այլ երկրներից բողոքարկված գործերով: Եթե նման դեպքերում առաջարկ արվի պատժել դատավորին, այդ թվում նաեւ՝ ֆինանսապես, այդ երկրներում նման առաջարկն ընդամենը ծիծաղ կառաջացնի: Ընդ որում՝ մեզ մոտ նման առաջարկները համեմվում են «հարկատուների մասին մտահոգություններով»: Միգուցե անարդարության սուր զգացողությունից դառնացած մարդու համար սա կարող է թվալ արդարության վերականգնման ճիշտ ձեւ: Սակայն դա հարցի հիմնարար լուծման ճանապարհ չէ:

Արեւելյան Եվրոպայի,  Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի պետություններին օժանդակելու նպատակով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Կիեւում 2010 թվականին անցկացրեց դատական անկախության հարցերով փորձագետների տարածաշրջանային խորհրդակցություն, որին մասնակցած մոտ 40  անկախ փորձագետներ, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի մասնակից 19 պետությունների հայտնի գիտնականներ եւ բարձրաստիճան պրակտիկ աշխատողներ, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչներ, ընդունել են երաշխավորություններ, մասնավորապես՝ դատավորների կարգապահական պատասխանատվության հարցերով: Համաձայն այդ երաշխավորությունների՝ դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության,  այդ թվում՝  տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության,  դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար: Նրանք չպետք է որեւէ պարագայում գնահատվեն իրենց որոշումների կամ դատավճիռների բովանդակության հիման վրա (կամ ուղղակիորեն,  կամ  բեկանման տոկոսային ցուցանիշի հաշվարկով):   Դատավորի կողմից կոնկրետ գործի լուծումը չպետք է որեւէ պարագայում նրան պատասխանատվության ենթարկելու հիմք դառնա:

– Պարոն Մանուկյան, միգուցե այդ առաջարկը ոչ այդքան իրավական է, բայց ընդունեք, որ արդար է, երբ մեղավոր պաշտոնյան պատասխանատվություն է կրում: Թեեւ, ինքս էլ եմ հասկանում խնդրի բարդությունը: Օրինակ, Հայաստանում դատական երեք ատյանների պարագայում, որն է տրամաբանությունը պատժել մի ատյանի դատավորին:

– Շարունակեմ բարդությունների թվարկումը: Իսկ ինչո՞ւ է այս հարցը առաջանում միայն դատավորների մասով: Քիչ չեն դեպքերը, երբ երկիրը պարտվում է այն պատճառով, որ անձի նկատմամբ կիրառվել է ներքին օրենքը, որը սահմանափակել է Կոնվենցիայով երաշխավորված որեւէ իրավունք: Այս դեպքում ո՞վ պիտի վճարի հատուցումը. Ազգային ժողո՞վը, բոլոր պատգամավորնե՞րը, թե՞ այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել այդ օրենքի ընդունմանը: Կամ, ասենք, ինչո՞ւ միայն դատավորներից գանձենք այդ գումարը: Եկեք սկսենք ձերբակալությունն իրականացրած ոստիկանից: Տեսնո՞ւմ եք, որ հասնում ենք աբսուրդի:

– Այդ դեպքում, ո՞րն է լուծումը:

– Իսկ ինչո՞ւ ենք փորձում հատուկ լուծումներ գտնել: Կարծում եմ՝ հեծանիվ հայտնագործելն այս ոլորտում վտանգավոր է: Քանի դեռ կա պետությունը, այնքան ժամանակ նա որպես սուվերեն պետք է իրականացնի հանրային գործառույթներ (երկրի պաշտպանություն, հասարակական կարգի պահպանություն եւ այլն) եւ դրա համար վճարելու են հարկատուները: Աշխարհը այլ մոդել դեռ չի գտել: Եվ բացի այդ, «հարկատուների մասին մտահոգությունները» կարող են շատ հեռուն տանել. ասենք, կարելի է փորձել հանցագործներից գանձել ոստիկանների, քննիչների եւ դատախազների պահպանության ծախսերը: Շատ պարզ եւ արդար է թվում տրամաբանությունը. եթե չլինեին հանցագործները, մեր հարկատուները ստիպված չէին լինի պահել այս քանակի ոստիկաններ, քննիչներ եւ դատախազներ:

Ակնհայտ է մի բան՝ անձին պատճառված վնասը պետք է հատուցվի եւ դրա երաշխավորը պիտի լինի պետությունը:

– Պարոն Մանուկյան, իսկ ինչ պետք է անել, ըստ Ձեզ, կանխելու նման իրավիճակները: Չէ՞ որ, այնուամենայնիվ, պետության վրա ֆինանսական բեռից բացի, կոնկրետ գործով մարդկային ճակատագրեր են խեղվում, իրավունքներ ոտնահարվում:

– Խնդիրը պետք է լուծել արմատից, այլ ոչ թե սպասել, թե այս կամ այն դատավորի ո՞ր որոշումը ԵԴ-ն կհամարի ոչ իրավական: Պետք է իրականացվեն համալիր միջոցառումներ՝ սկսած համակարգը «ճիշտ» կադրերով համալրելուց, վերջացրած էթիկական վերահսկողության կտրուկ ուժեղացումով (այդ թվում նաեւ հասարակական վերահսկողության արդյունավետ գործիքների ներգրավմամբ) եւ դատավորի գործունեության գնահատման օբյեկտիվ համակարգի ներդրմամբ: Հետաքրքիր գաղափարներ կան ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ծրագրում: Հուսով եմ՝ դրանք կիրագործվեն:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031