Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գլխավոր օնկոլոգը կանգնեցրել է մեր երկրում օնկոլոգիայի բուժման զարգացումը»

Հոկտեմբեր 12,2012 13:42

Այս կարծիքին է Սեւակ Ավագյանը, որը «Ոսկրածուծի դոնորների ռեեստրի» բժշկի հետ առաջարկում է որոշ ուռուցքների բուժման արդյունավետ մեթոդ:

Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ փաստում են, որ Հայաստանում օնկոլոգիական բժշկությունը մնացել է դեռեւս 70-ականների մակարդակին, մինչդեռ ամբողջ աշխարհում այնպիսի արդյունքներ են արձանագրվում այս ոլորտում, որ ուռուցքային հիվանդություններից մարդկանց մահացությունը նվազագույնի է հասցված: Ընդ որում, ինչպես վստահեցրեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը, մեր երկրում էլ կա հնարավորություն մարդկանց լիարժեք ախտորոշելու եւ բուժելու, բայց օնկոլոգների «չուզողության» պատճառով այսօր բազմաթիվ մարդիկ են մահանում:

«Մեր երկրում ճիշտ քիմիաթերապիա չեն անում եւ խաբում են հիվանդներին: Ովքեր անցել են այդ աղացի միջով, սա նորություն չէ, գիտեն այս մասին: Այսինքն՝ Հայաստանում  ճիշտ եւ մեծ դոզայով քիմիաթերապիա չեն անում, կիսատ-պռատ բաներ են անում, իսկ կիսատ անելով սպանում են հիվանդին: Հենց բարձր դոզան է սպանում քաղցկեղային բջիջը»,- ասաց պարոն Ավագյանը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն էլ, որպես այս ոլորտի միջազգային փորձ ունեցող բժիշկ, մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչո՞ւ մեզ մոտ քիմիաթերապիայի բարձր դոզա չեն տալիս: Ըստ մասնագետի՝ այդ բարձր դոզան, որն ընդունված է եվրոպական կլինիկաներում, չեն կիրառում, քանի որ դրա հետեւանքով հիվանդի մոտ լեյկոցիտների, տրոմբոցիտների եւ արյան կարմիր գնդիկների քանակը բավականին իջնում է, իսկ մեր կլինիկաներում չեն կարող դրա դեմ պայքարել, արտերկրում դա հաջողվում է, ինչի շնորհիվ էլ հիվանդը փրկվում է: Պարոն Նազարեթյանի խոսքերով՝ այսօր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» օնկոլոգներին հնարավորություն է տալիս արտերկրի պրակտիկան կիրառել Հայաստանում: Բժշկի ներկայացմամբ՝ ուռուցքային խնդիրներ ունեցող հիվանդների բուժման համար անհրաժեշտ է աուտոփոխպատվաստում. «Այսինքն՝ հիվանդից ստանում ենք նրա ցողունային բջիջը, քիմիաթերապիայից հետո, երբ բուժող բժիշկը ցուցումը տա, մենք արդեն այդ հիվանդից ստացած ցողունային բջիջը ներարկում ենք նրան, եւ այդպես վերականգնվում են նրա արյան կարմիր գնդիկները, լեյկոցիտներն ու տրոմբոցիտները: Այ, հենց այս մեթոդը չկիրառելու պատճառով է, որ օնկոլոգիական կլինիկաները բարձր դոզայով քիմիաթերապիա չեն անում, ու ստացվում է, որ հիվանդներին մինչեւ վերջ չեն բուժում»:

Այս մեթոդը կիրառելու համար, ըստ բժշկի, նախեւառաջ անհրաժեշտ է ճիշտ՝ 100%-անոց ախտորոշում անել, ինչը Հայաստանում կրկին թերի է կատարվում. «Միայն 100%-անոց ախտորոշման դեպքում մենք կարող ենք հասկանալ՝ արդյոք այդ հիվանդին կարելի՞ է աուտոփոխպատվաստում կատարել: Ոչ բոլոր հիվանդությունների եւ ոչ բոլոր հիվանդներին է հնարավոր այս մեթոդով բուժել: Այսօր օնկոլոգիական հիվանդների դիագնոզը, որ գրում են, ընդամենը 2-3 բառ է նշված, դա ոչինչ չի ասում»:

Արյան քաղցկեղը ճիշտ ախտորոշելու համար սարքերն էլ կան Հայաստանում, բայց պարզվում է՝ դրանք էլ լիարժեք չեն կիրառվում: Ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանի խոսքերով՝ «Արյունաբանության ինստիտուտի համար պետությունը մոտ 2 տարի առաջ գնել է այդ սարքը՝ ֆլյուրոցիտոմետրը, բայց այն այդպես էլ մնացել է արկղի մեջ: Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ չեն օգտագործում: Մենք էլ ունենք այդ սարքից եւ առաջարկում ենք մերից օգտվել, էլի ոչինչ չեն անում: Արյան քաղցկեղի հետազոտության համար նաեւ անհրաժեշտ է ցիտոգենետիկ հետազոտություն, իսկ այդ սարքն էլ կա գենետիկայի կենտրոնում: Մենք առաջարկում ենք համագործակցել, ես նույնիսկ պատրաստ եմ ֆինանսական աղբյուրներ գտնել, բայց ոչ ոք չի համագործակցում: Ներկա եւ նախկին նախարարների ու մասնագետների հետ էլ ենք քննարկել, բայց քար լռություն է, իսկ ժամանակ կորցնելու իրավունք չունենք. խոսքը մարդկանց կյանքը փրկելու մասին է»:

Բացի ճիշտ ախտորոշումից, ինչպես բժիշկ Միհրան Նազարեթյանը ասաց, հիվանդի համար, աուտոփոխպատվաստումից հետո, կլինիկաներում հատուկ սենյակ է պետք, որը կրկին մեծ ծախսեր չի պահանջում, ընդամենը կատարյալ հիգիենիկ պայմաններ, պատրաստված կադրեր, բայց այս առաջարկին էլ կլինիկաների ղեկավարներն անտարբեր են մնացել. «Շատ պրիմիտիվ բաներ են պետք, այս տարբերակը չօգտագործել, նշանակում է՝ եթե ոչ հանցագործություն, ուրեմն, մեղմ ասած, անփութություն: Ճիշտ է, քաղցկեղով ոչ բոլոր հիվանդներին է կարելի աուտոփոխպատվաստում անել, բայց 100-ից 50-ին կարոող ենք արդյունավետ բուժել»:

Իսկ Սեւակ Ավագյանի խոսքերով էլ՝ համագործակցելու առաջարկ է արվել նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն եւ հանրապետության գլխավոր օնկոլոգ Հայրապետ Գալստյանին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել. «2 ամիս է անցել, ոչինչ չեն անում, իսկ դանդաղել չի կարելի: Հայաստանի բժշկական աշխարհում մի հատ պատնեշ ու ճահիճ է ստեղծվել, որտեղ սուսուփուս իրենց գործն են անում ու փողը ստանում: Գլխավոր օնկոլոգը մեր երկրում ամբողջ օնկոլոգիայի բուժման զարգացումը կանգնեցրել է: Այսօր ամբողջ աշխարհն առաջ է գնում, իսկ մերոնք մի բան էլ հետ են գնում: Վախենում են բարձրաձայնել, որ մինչ օրս սխալ են աշխատում: Մենք ժամանակ ենք կորցնում, էլեմենտար բաներ չեն անում, որից մարդու կյանք է կախված»:

Մեր այն դիտարկմանն էլ, որ գուցե անհրաժեշտ է հենց նախարարի միջամտությունն ու մի հատ հրաման ստորագրել, որպեսզի կլինիկաներն ուզած-չուզած սկսեն համագործակցել, Միհրան Նազարեթյանը, արդեն, որպես ՀՀ առողջապահության առաջին նախարար, ասաց. «Ես շատ լավ գիտեմ հրամանների արժեքը: Երբ դու այդ պոստում ես, բոլորը դեմքիդ ժպտում են եւ 3 տակ ծալվում են քո առջեւ, բայց… Այնքա՜ն հրամաններ կան տեղի ու անտեղի, որ մարդիկ մոռանում են: Նախ՝ պետք է բժշկական միջավայրը համախմբել, այս առաջարկը հիմնավորենք, գրած ու պատրաստ ներկայացնենք, մի հատ էլ քննարկում կազմակերպենք, որ համոզվեն, հասկանան՝ ինչի մասին է խոսքը, բայց ոչ ոք չի ուզում գոնե հավաքվենք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031