Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՜նչ պույպույ, ինչ վույվույ՝ Վարդանին փուռը տալուց հետո»

Հոկտեմբեր 12,2012 13:30

«Աղվան ապարանցի պարտակիչը», «կապիտալի առյուծազգի Ծառուկյանը», «բանդերլոգների որջը» եւ «Քաջ Նազարը»

Խորհրդարանում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «Աղվան ապարանցի պարտակիչին հանձնելու արարողակարգի ընթացքից» Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ապշած է. «Ես սպասում էի կապիտալի առյուծազգի Ծառուկյանի մուտքը քաղաքական մարտադաշտ՝ այնպես, ինչպես Կիպլինգի «Մաուգլիի» իմաստուն վիշապ Կան՝ բանդերլոգների ողջը ներխուժելիս: Ես սպասում էի, որ հանրապետական բանդերլոգներին իրենց իսկ որջում նա կոչնչացնի, հոգեբանական տեռորի կենթարկի: Հուսախաբ եղա, երբ նա Քաջ Նազարի նման փախուստի դիմեց»: Մարքսիստը Ծառուկյանին հիշեցնում է Պլուտարքոսի նկարագրությունը. «Երբ Կեսարը սրընթաց ներխուժեց Պոմպեոսի ճամբարը, Պոմպեոսն ահաբեկված ճողոպրեց՝ աղախնի հագուստ գցելով ուսերին՝ մոռանալով, որ ինքը մեծն Պոմպեոսն է: Հիմա՝ Ծառուկյանը մոռացավ, որ ինքը կապիտալի առյուծազգի Ծառուկյանն է, մեր Մանթաշովը: Գոնե այդ պահին հիշեր մուզկամանդի օրենքը: Իսկ դեմագոգիկ հայտարարությունները՝ բոյկոտի եւ այլնի, բացարձակապես օգուտ չտվեցին: Մինչդեռ Ծառուկյանի ներկայությամբ գոնե մի քանի արծաթապաշտ ՀՀԿ-ական բանդերլոգներ կարող էին նախապատրաստել, որպեսզի քվեարկության բալանսը հօգուտ Վարդանի ձեւավորվեր: Նա դա չարեց: Փոխարենը՝ իրենց գաղափարական հրետանին վայնասուն է բարձրացրել՝ մեր պույպույ մուկիկը, լիբերալիզմի կաղ էշը նստած, քաղաքական մեյդան է մտել՝ Ջիվանու քամանչեն առած ու օրն ի բուն ծլվլում է՝ փորձանք ու հալածանք Վարդանի գլխին: Ի՜նչ պույպույ, ինչ վույվույ՝ Վարդանին փուռը տալուց հետո: Ճիշտ այնպես, ինչպես ինձ մի երկու արծաթով ծախեց ՀՀԿ-ական խունտային ԲՀԿ Իջեւանի մարզային կառույցի ղեկավարը եւ իմ ընտրած քաղաքապետը»: Այսպիսով. «Առյուծազգի կապիտալի մեր Մանթաշովին սազական չէ անվճռողականությունը, վախկոտությունը, տատանողականությունը»,- ասում է մարքսիստը՝ հիշեցնելով ֆրանսիական բուրժուական հեղափոխության ժամանակ հնչեցված կոչը՝ «Համարձակություն, համարձակություն եւ եւս մեկ անգամ համարձակություն»: ԲՀԿ-ի անհամարձակությունն, ըստ մեր զրուցակցի, այն աստիճանի է հասել, որ վերածվել է թշվառության. «Չեն համարձակվում թեկնածուներ առաջադրել Ավանում եւ Լենինականում: Նախագահի շքախումբն էլ ԱԺ լրացուցիչ ընտրություններում իր թիմը գաղափարական ուղեղներով համալրելու փոխարեն՝ զբաղված է Տարոնի աներոջ պատվերը կատարելով: «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ. ամոթոյ աներեցոց ամոթոյ»,- ինչպես կասեր Խորենացին»: Մարքսիստը նախագահ Սարգսյանին հիշեցնում է, որ պրոտեկցիան եւ պրոտեկցիոնիզմը պետական մեքենան կազմալուծող ամենածանրագույն հանցագործությունն է, ավելին, քան կոռուպցիան:

«Օսկանյան Վարդան՝ դեսանտ վտառովա ֆյուրերա վ ԲՀԿ: ՀՀ երրորդ հանրապետության երկրորդ ֆյուրերի աջ ձեռքն է, ինչպես Մոլոտովը՝ Ստալինի համար, նվիրվածության առումով: ՀՀ երրորդ հանրապետության երկրորդ ֆյուրերի շողքը»,- ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քաղաքական դիմանկարն այսպես է նկարագրում Դավիթ Հակոբյանը: Նա գտնում է, որ իրավական առումով դատախազությունը եւ նախագահի շքախումբը «ապաշնորհ գտնվեցին հանցակազմի էլեմենտների ձեւավորման արվեստում», քանի որ մեղադրականում փողերի լվացման ոչ մի էլեմենտ չկա, որպես այդպիսին: Մարքսիստը կարծում է, որ ճիշտ մեղադրական ճառ ձեւավորելու համար կարող էին Օսկանյանին ներկայացնել «պաշտոնեական դիրքի չարաշահում» մեղադրանքը, քանի որ պաշտոնավարման ընթացքում Օսկանյանն իրավունք չուներ «հիմնադրամներ ձեւավորել, այն էլ՝ արտաքին թափառող կապիտալի հետ». դա արգելված է կառավարության «հատուկ հրովարտակով»: Մարքսիստը մեկ այլ հուշում էլ ունի՝ Օսկանյանին առաջարկված մեղադրանքի առումով. «Քանի որ Հանթսմանը մորմոնների վտանգավոր աղանդավորության ֆավորիտ է, առաքյալ, իսկ այդ աղանդը հոգեբանական վտանգ է ներկայացնում ազգի հոգեբանական դեստրուկցիայի համար, Օսկանյանին կարող էին դրանում մեղադրել՝ դա համարելով ազգային անվտանգության խնդիր, ինչն այդպես էլ կա: Մեղադրական ճառ ձեւավորելը եւս լուրջ արվեստ է ու, փաստորեն, մենք ականատեսը եղանք նրա, որ թե նախագահական շքախմբում, թե դատախազությունում ապաշնորհ գտնվեցին»: Օսկանյանի դեմ «հալածանքների գլխավոր սանձազերծողին եւ որպես ապագա նախագահի թեկնածու նրան ոչնչացնողին»՝ Սերժ Սարգսյանի շքախմբին մարքսիստը կոչ է անում սթափվել, քանի որ այդ ամենի ապաշնորհ ներկայացմամբ Վարդան Օսկանյանին դարձնում են Վարդան Մամիկոնյան:

Մարքսիստի աշխարհաքաղաքական վերլուծությունները բերում են նրան, որ մեկ ամսից ԱՄՆ-ը նոր նախագահ է ունենալու՝ ի դեմս Միթ Ռոմնիի, իսկ «նրա շքախմբի կորիզը կազմում է Հանթսման ընտանիքը. նախընտրական կապիտալի մեծ մասն այդ ընտանիքն է ներդրել»: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ՀՀ-ի արտաքին պարտքը ՀԲ-ին եւ ԱՄՀ-ին հինգ միլիարդ դոլար է կազմում, որի սպասարկման համար Հայաստանը տարեկան 420 միլիոն է ծախսում. «Այս պարագայում, պատկերացրեք, մենք հալածանք ենք սկսել Ամերիկայի կողմից վերբովկա եղած նախագահի թեկնածուի դեմ: Հինգ րոպեի ընթացքում Հայաստանին դեֆոլտ կհայտարարեն, այն էլ այն դեպքում, երբ ռուսական արքունիքը էշի ականջում քնած է. բացարձակ մտահոգված չէ ռուսամետ նախագահի թեկնածու ձեւավորելու հարցում: Այլ հակառակը՝ իր ֆորպոստ Հայաստանում հայաթափման գործընթացներով է տառապում՝ բնակչության խտությունն ավելացնելու փոխարեն: Չգիտեմ՝ ո՞վ է հեղինակը, բայց ռուսական արքունիքն իրեն խայտառակեց եւ տանուլ է տալիս Արեւելք-Արեւմուտք մրցապայքարում»: Այս պարագայում, մարքսիստի համոզմամբ, եթե մեր «իշխանական արքունիքը» արագ միջոցներ չձեռնարկի, արտաքին մարտահրավերներին դիմակայելու դոկտրին չձեւավորի, ուրեմն՝ «փետրվարին մենք կունենանք նոր նախագահ՝ հանձին Օսկանյան Վարդանի, եւ եթե հալածանքները շարունակվեն, նրան կհերոսացնենք մինչեւ վերջ»: Օսկանյանի ռեւերանսը ԲՀԿ-ին, որ եթե Ծառուկյանն իր թեկնածությունը չառաջադրի, ինքը պատրաստ է այդ բեռն անձամբ կրել, Դավիթ Հակոբյանը համարում է «քաղաքական մշակույթի կեղծ ռեւերանս»: Նրա համոզմամբ. «Օսկանյան Վարդանը բացարձակ ԲՀԿ-ի կարիքը չունի: ԲՀԿ-ի հովանավորչությունը նրա համար այսօր ոչինչ է, որովհետեւ նրա թիկունքին կանգնած է Արեւմուտքը: Վարդանն, ուղղակի, դրանով ցանկացավ հասարակությանը տեղյակ պահել, որ Ծառուկյանը առաջադրվելու նախաձեռնություն չի ցուցաբերի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031