Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զուտ ձեւականություն չէ

Հոկտեմբեր 12,2012 13:25

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ՝ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի «թագադրման» արարողության ժամանակ, ասաց՝ թող վրացիները գլուխ չգովեն, որ իրենք առաջինն են իշխանությունը խաղաղ, ընտրությունների միջոցով փոխանցում, իրականում առաջին անգամ դա տեղի է ունեցել Գյումրիում: Ցավոք սրտի, պարոն Գիզիրյանը սխալվում է. պարզապես նախորդ քաղաքապետն իր էքսցենտրիկ բնավորությամբ եւ քրեական հակումներ ունեցող զավակով սկսել է ազդել «նաչալստվայի» նյարդերին, որը եւ որոշեց փոխարինել նրան ավելի հավասարակշռված անձնավորությամբ: Դա իշխանության խաղաղ փոխանցում չէ: Բայց նույնիսկ այս պարագայում ես պատկերացնում եմ որոշ արարողակարգ, որը նախկին եւ ներկա քաղաքապետերը պետք է հարգեին: Սամվել Բալասանյանը եւ Աշոտ Գիզիրյանը պետք է ներկա լինեին Գյումրիի տոնին եւ միջոցառման ժամանակ կանգնեին Վարդան Ղուկասյանի կողքին՝ ինչպիսին էլ նա լիներ: Վարդան Ղուկասյանը պետք է ներկա գտնվեր Բալասանյանի «օծման» արարողությանը եւ շնորհավորեր նրան՝ անկախ նրանից, թե ինչպես է նոր քաղաքապետին վերաբերվում:

Ոմանց դա գուցե ձեւականություն եւ դերասանություն թվա: Բայց հենց նման «ձեւականություններն» են, որ տարեցտարի կրկնվելով՝ դառնում են մշակույթ: Իմաստը հետեւյալն է՝ մենք նույն երկրի քաղաքացիներն ենք, նույն պետության պաշտոնյաները, եւ այդ կոչումը շատ ավելի բարձր է, քան մեր անձնական կամ, հնարավոր է, կուսակցական հակասությունները: Հայաստանում հակառակն է կրկնվում եւ ավանդույթ, մշակույթ դառնում. նա ով գնում է (համապետական, թե քաղաքային մակարդակով), իր կյանքի իմաստն է դարձնում ապացուցել, թե որքան հրաշալի էր իր ժամանակ, եւ ինչպես են նոր եկածներն ամեն ինչ փչացրել: Նոր եկածներն էլ, հակառակը, ամեն գնով ուզում են ապացուցել, թե որքան էր կյանքը սարսափելի «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակ, ինչ ծանր ժառանգություն են նրանք ստացել, եւ ինչպիսի հերոսական ջանքեր են պահանջվում՝ այդ ամենը շտկելու համար:

Սկսած 1998 թվականից՝ ընդդիմություն-իշխանություն պայքարը, մեծ հաշվով, հենց դրան է հանգում՝ «բա մեր ժամանակ այդպե՞ս էր», «ձեր ժամանակ ավելի վատ էր»: Հասարակությունն էլ սովորում է, որ դա է «քաղաքական բանավեճերի» առանցքը, եւ երբ որեւէ գործիչ կամ որեւէ ուժ առաջարկում է երկրին առնչվող հարցերը քննարկել ըստ բովանդակության, այդ առաջարկը պարզապես արհամարհվում է, եւ տվյալ ուժը կամ գործիչը հայտնվում են երկրորդական դերերում: Փոխարենը ինչպիսի՛ հաճույքով է «քաղաքականացված» զանգվածը կլանում ՀՀԿ-ԲՀԿ երկխոսությունը, երբ երկու կուսակցությունների ներկայացուցիչներն իրար թունոտ «խորհուրդներ» են տալիս:

Այնպես որ՝ էթիկան, էթիկետը, արարողակարգը (ինչպես ուզում եք՝ անվանեք) զուտ ձեւականություն չեն: Դրանք իրական խնդիրները քողարկելու կամ բացահայտելու միջոց են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031