Երեկ Aravot.am-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ) հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ամփոփվեցին այս տարի մայիսին հայտարարված ընտրությունների եւ օրենսդրական դաշտի լուսաբանման թեմայով մրցույթի արդյունքները, ովքե՞ր ի վերջո հաղթեցին, ինչպե՞ս եւ ովքե՞ր որոշեցին հաղթողներին:
Բանն այն է, որ հաճախ նման մրցույթներում, հատկապես, երբ գործ ունենք միջազգային կազմակերպության եւ բավականին գայթակղիչ մրցանակների հետ, մրցույթներն անցկացվում են ձեւական, հայտարարությունները պատշաճ չեն տարածվում՝ «ավելորդ ուշադրություն» չգրավելու համար: Մրցույթի վերջում այդպես էլ չեն հայտարարվում հաղթողների անունները, եւ լուրջ կասկածներ են առաջանում, թե ում է բաժին հասել մրցանակային ֆոնդի ողջ գումարը: Այս դեպքում եւս GIZ-ը չի հայտարարել մրցույթի հաղթողների մասին եւ չի էլ պատրաստվում դա անել, թեեւ մրցույթի վերջնաժամկետը լրացել դեռ հունիսի 14-ին:
Ինչպես պարզեցինք՝ մրցույթի պատասխանատուն Անի Չիլինգարյանն է: Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ իսկապես հայտարարություն չեն տվել. «Բայց հաղթողները տեղեկացվել են, եկել են եւ ստացել են իրենց մրցանակները»: Մեր հարցին՝ իսկ կարո՞ղ ենք իմանալ ովքեր են հաղթել՝ նա մի քանի րոպե սպասեցնելուց հետո խնդրեց իրեն զանգահարել 5 րոպե հետո, այնուհետեւ խնդրեց զանգել 2 ժամ հետո, իսկ 2 ժամ հետո արդեն տվեց այսպիսի պատասխան. «Ուրեմն գիտեք, քանի որ մրցույթն ավարտվել է բավականին վաղուց, այս պահին մենք այլեւս նպատակահարմար չենք գտնում դրա վերաբերյալ որեւէ տեղեկություն հրապարակել՝ հատկապես, որ մեր ծրագրի ղեկավարը Հայաստանում չէ, եւ առանց նրա գիտության չենք կարող տրամադրել որեւէ տվյալ»: Ուշագրավ է, որ հենց այդ օրը, երբ իրենց ծրագրի ղեկավարը «Հայաստանում չէր», նույն կազմակերպության ղեկավարը հանդիպում էր ունենում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Հայաստանո’ւմ:
Մրցույթի մի քանի մասնակիցներ, ինչպես նաեւ մի քանի լրագրողներ արդեն 4 ամիս է, փորձում են պարզել, թե ովքե՞ր են հաղթողները, ի՞նչ սկզբունքով են գնահատվել աշխատանքները, կա՞ արդյոք մրցույթի հանձնաժողովի արձանագրություն, որտեղ հայտերը գնահատված են որոշակի բալերով, կամ կարծիքներով կամ էլ ընդհանրապես եղե՞լ է մրցութային հանձնաժողով, թե չէ: Մի դեպքում Անի Չիլինգարյանը հետաքրքրվողներից մեկին պատասխանել է, թե ինքն ու ոմն Նորայր Սագսյանն են հանձնաժողովը, մի դեպքում նշել է, թե կազմը գաղտնի է, մի դեպքում էլ նշել է, թե ժյուրի ստեղծելու կարիք չի եղել, իրենք-իրենցով որոշել են եւ այլն:
Ի վերջո, դժգոհություններից մեկը հասել է GIZ-ի գլխավոր գրասենյակ` կորպորատիվ հաղորդակցության տնօրեն եւ այս կազմակերպության խոսնակ Դորոթի Հաթերին: Այս փաստը ստիպել է, որ Իրինա Կաուշը «բաց մնացած» հարցեր քննարկելու համար մասնակցին հրավիրի իր գրասենյակ՝ դեռեւս հուլիսի 31-ին թվագրված մի նամակով: Հանդիպման օրվա եւ ժամի փոփոխությունների վերաբերյալ մասնակցի խնդրանքին դոկտոր Կաուշը պատասխանել է միայն հոկտեմբերի 10-ին` 70 օր անց: Պատասխանն էլ հանդիպման եւ բաց հարցերը քննարկելու մասին չէր: Նա նշել է, թե քանի որ մրցույթը վաղուց է եղել, այս թեմայով էլ այս ընթացքում հրապարակումներ չեն եղել, «թվում է, թե այլեւս պատճառ չկա հանդիպելու» եւ շնորհակալություն է հայտնել ժամանակ ծախսելու համար:
Առ այսօր մութ է մնում, այնուամենայնիվ, ինչպե՞ս է միջազգային այս կազմակերպությունը անցկացրել մրցույթը, ի՞նչ մեթոդով է կատարել ընտրությունը, քվեարկե՞լ է, համեմատե՞լ է: Արդյո՞ք լրագրողական այս մրցույթի ժյուրիի կազմում գոնե մեկ լրագրող է ընդգրված եղել:
Կարդացեք նաև
Անի Չիլինգարյանը Aravot.am-ի այն հարցին, թե գոնե չե՞ք ասի, ի՞նչ սկզբունքներով են հաղթողներն ընտրվել՝ միանշանակ պատասխան չտվեց. «Գիտեք, ես արդեն ասեցի ձեզ, որ որեւէ ինֆորմացիա այդ կապակցությամբ այլեւս չեմ կարող ասել: Սկզբունքները եղել են ե՛ւ հայտարարության մեջ, ե՛ւ դրանից հետո ասվել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ