Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ՍԻՄ առաջնորդ եւ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վստահեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը իրենց սպառել են եւ ի վիճակի չեն Հայաստանում իրականացնել «նարնջագույն հեղափոխություն»: Դա, ըստ նրա, չի կարող անել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Րաֆֆին չկարողացավ կառավարել ընդամենը 4 հոգու, էլ ուր մնաց, որ նա կառավարի նարնջագույն իշխանափոխության լուրջ գործընթացը»: Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ՝ պետք էր գտնել նոր դերակատար, որն ի հայտ եկավ Օսկանյանի դեմքով, որը եւ ամերիկացիներին խոստացավ իրականացնել լիբիական տարբերակը՝ ՆԱՏՕ-ի օդուժի եւ հատուկ ջոկատների կիրառումով, քաղաքացիական պատերազմի միջոցով հեղաշրջում եւ իշխանափոխություն. «Ի՞նչ պատահեց՝ համընկան երկու ուժի շահերը՝ արտաքին ուժերի, ովքեր ցականում են ունենալ Հայաստանում կամակատար ռեժիմ եւ ներսում՝ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունը: Այստեղ այդ երկու ցանկությունները հատվեցին Օսկանյանի ֆիգուրի վրա: Իրականում Օսկանյանի փողերի պատմությունը սկսվեց 99-ին: 99-ի նոյեմբերի 4-ին՝ Հոկտեմբերի 27-ից օրեր անց Ռոբերտ Քոչարյանը ընդունեց օրենք՝ Հանթսմանին սեփականաշնորհեց հայտնի գործարան, այսինքն՝ նվեր տալու մասին օրենք ընդունեց: Այն ժամանակ 4 օր Քոչարյանը չէր թրաշվում, որովհետեւ չէր կարողանում դուրս գալ շոկից, որովհետեւ տրամադրված էր տալ հրաժարական: Հանթսմանին տվեց այն գործարանը, որը այսօր տվեց համարյա երկու միլիոն դոլար (խոսքը երկաթբետոնի գործարանի մասին է): Ես կարող եմ ենթադրել, որ գործարանը եւ այդ փողերը իրականում Ռոբերտ Քոչարյանի փողերն են: Այն խոսակցությունները, որ Հանթսմանի փողերը տրվում էին Սիվիլիթասին՝ բարեգործության նպատակով, մաքուր ծխացած կույտ է: Իրականում դրանք տրվել են Ռոբերտ Քոչարյանի կադր Օսկանյանին՝ քաղաքական նպատակներով: Իսկ թե որ նպատականերն են՝ դրանց մասին Օսկանյանն ասել է սույն թվականի ապրիլին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Նա ասել է, որ Հայատանում պետք է իրականացնել իշխանափոխության լիբիական տարբերակը: Սույն թվականի հունիսի 14-ին, երբ Օսկանյանին ոչ մի մեղադրանք առաջադրված չէր, ընդամենը քննվում էր գործերը, ԱՄՆ դեսպանը արդեն իսկ փորձեց ճնշում գործադրել քննության վրա: Այն ժամանակ մեր կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ կոչ արեց զերծ մնալ Հայաստանի ներքին գործերին խառնվելուց եւ քննչական մարմինների գործերին»:
Ամերիկյան իշխանությունները այն ժամանակ, Հայկ Բաբուխանյանի ասելով՝ անսացել են ՀՀԿ-ի հորդորներին ու զերծ են մնացել միառժամանակ խառնվելուց Օսկանյանի գործին:Ըստ Հայկ Բաբուխանյանի, Օսկանյանի ստաժը ԲՀԿ-ում մի քանի ամսական է, ակնհայտ է, որ նա օտար մարմին է այնտեղ: Նա վստահեցրեց, որ Օսկանյանը ֆինանսավորվում է մորմոնական կառույցի կողմից, որն ունի Հանթսմանը. «Սա է ամբողջ իրավիճակը: Երբ Օսկանյանը հանդես եկավ լիբիական տարբերակ իրականացնելու իր հայտարարությամբ, ես Օսկանյանին հրավիրեցի հրապարակային բանավեճի: Հիմա նույնպես հրավիրում եմ պարոն Օսկանյանին կամ իրեն ջանասիրաբար պաշտպանող քաղաքական գործիչներին բանավեճի՝ այս ակումբում»: Հայկ Բաբուխանյանը առաջարկեց անմիջապես ընդունել օրենք՝ օտարերկրյա գործակալների մասին՝ մեր ազգայինն անվտանգությունը պահպանելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև