Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը քնել կամ ճոճաթոռին նստած «ճոճվել է» նիստերին

Հոկտեմբեր 12,2012 13:04

Որովհետեւ պատվեր է ունեցել Բաղրամյան 26-ից

 Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում կայացել է  այս տարվա  հուլիսի 20-ին առաջին ատյանի դատարանի կողմից  երկուսից մինչեւ վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների վերաքննիչ բողոքի քննության երկրորդ նիստը։ Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանության մեջ։ Հենց այս միջադեպի արդյունքում առկախվեց ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, իսկ քաղբանտարկյալների թիվը Հայաստանում ավելացավ եւս մի քանիսով։ Երեկ երիտասարդների ներկայացուցիչները պահանջել են բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ։

Նիստը նախագահել է դատավոր Արմեն Դանիելյանը, որն առանց տրամաբանական բացատրության, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զգուշացրել է, որ տեսաձայնագրում կարող է կատարվել միայն առաջին 10 րոպեների ընթացքում։ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը խնդրել է ներկայացնել տեսաձայնագրումն արգելելու պատճառները, քանի որ դռնբաց նիստի ժամանակ օրենքը չի արգելում այն, կան որոշակի սահմանափակումներ միայն հստակ պատճառների հիմնավորմամբ։ Դատավոր Արմեն Դանիելյանն էլ իր պատկերացումների շրջանակներում «շուստրի խոդ է» արել. վերջինս նախ հարցրել է, թե արդյոք փաստաբանը հարց ուղղում իրեն, եւ երբ ստացել է դրական պատասխան, չի պատճառաբանել իր որոշումը՝ նշելով, թե փաստաբանն իրավունք չունի հարց ուղղել դատավորին։

Ինչպես առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում նիստն ընթացել է լարված մթնոլորտում, ավելին՝ այստեղ պաշտպանական կողմը հրապարակել է մի շարք աղաղակող խախտումներ, որոնք առաջին ատյանի դատարանը չի էլ կարեւորել։ Մասնավորապես փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ որոշ փաստարկներ, մասնավորապես՝ տուժող կողմի որոշ ցուցմունքներ, ներկայացվում են առաջին անգամ։ Դատախազը համաձայնել է ՀԱԿ ակտիվիստների այն պնդմանը, որ ավտոմեքենայի ներսում օդի անբավարարություն, ճնշվածություն, որոշակի նեղվածություն կարող էր լինել, եւ դա սովորական բան է, քանի որ դրանով ոստիկանների գործողությունները ուղղված են եղել սահմանափակելու երիտասարդների ազատությունը։ Նրա խոսքով՝ Կոնգրեսի երիտասարդների գործողությունները չեն կարող դիտվել որպես պաշտպանություն։ Վերջինս չի համաձայնել բողոքարկող կողմի այն փաստարկին եւս, թե Տիգրան Առաքելյանը չէր կարող ձեռբերը կապված վիճակում գլխով այնպես հարվածել հետեւում գտնվող մարդուն, որ կպչեր թիրախին՝ ոստիկանի քթին։

«Զարմանալին այն էր, որ նիստը նախագահող դատավորը պարբերաբար չխոսելու կոչով դիմում էր ամբաստանյալներին, երբ վերջիններս միջամտում էին դատախազի կողմից բերվող փաստարկներին՝ հակափաստարկ ներկայացնելով։ Որպես օրինակ՝ երբ դատախազը վկայակոչեց Տիգրան Առաքելյանի նախնական ցուցմունքը, Տիգրան Առաքելյանն առարկեց՝ փաստելով, որ ինքը չի տվել նախնական որեւէ ցուցմունք։ Դատավորը դժգոհեց ու հորդորեց Տիգրան Առաքելյանին չընդհատել դատախազի ելույթը, որից հետո դատախազն ինքն իրեն ուղղեց՝ ասելով, որ իսկապես, Առաքելյանը նախնական ցուցմունք չի տվել։ Դատավորը անբարեհաճ էր նաեւ երիտասարդների փաստաբանների՝ Ստեփան Ոսկանյանի ու Վահե Գրիգորյանի նկատմամբ, ամեն անգամ, երբ վերջիններս շշուկով բառեր էին փոխանակում, դատավորը կանգնեցնում էր նիստը եւ ասում՝ «միք խոսի»: Իսկ դատավոր Աղրամանյանն էլ աչքի ընկավ հեգնական վերաբերմունքով։ Որպես օրինակ՝ երբ ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը ջուր խնդրեց, Աղրամանյանը հակադարձեց, թե միգուցե եւ վերջինս սոված լինի ու ուտելու բա՞ն ուզի», նիստի ընթացքից տեղակացրել էր «iLur.am»-ը։

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից միայն Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ ազատազրկումը չպետք է կիրառել, երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը կրկնել է առաջին ատյանի դատարանում ներկայացրած իր դիրքորոշումը Դավիթ Քիրամիջյանին պայմանական ազատազրկման

դատապարտելու մասին։ (Ընդհանուր իրավասության դատարանը Դավիթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ խուլիգանության մեղադրանքով): Իսկ առհասարակ երեկ մեղադրողը պնդել է, որ ՀԱԿ երիտասարդներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով վերաքննիչ բողոքները հիմնավորված չեն եւ չեն բխում գործի քննությամբ ձեռբ բերված ապացույցներից։ Պարզապես մեղադրողը առաջին ատյանի դատարանի բացթողումն է համարել, որ Արտակ Կարապետյանի պարագայում հաշվի չի առնվել, որ նրա խնամքի տակ են 2 անչափահաս երեխաներ։

Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանի պատժաչափին՝ 6 տարվա ազատազրկմանը, ապա մեղադրոդը այն համարժեք է գնահատել նրա արարքին։ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն գործադրելռւ եւ խուլիգանության մեջ։

Ավելացնենք նաեւ, որ երեկ քաղաքացիները պահանջել են պատժել ՀԱԿ-ի երիտասարդների դեմ վճիռ կայացրած դատավոր Գագիկ Պողոսյանին։ Չորս ակտիվիստների դատերին մշտապես մասնակցած քաղաքացիները Երեւանի Կենտրոն եւ նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին դատավորի կոչումից զրկելու նամակներ են պատրաստվում ուղարկել հայաստանյան մի շարք գերատեսչություններ։ Գագիկ Պողոսյանը հենց այն դատավորն է, օրը հուլիսի 20-ին վճիռ էր կայացրել, համաձայն որի՝ ՀԱԿ չորս երիտասարդների դատապարտել էր 2-ից 6 տարվա ազատազրկման՝ Տիգրան Առաքելյանին՝ վեց տարի, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի,  Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին՝ երկու¬ական տարի։ Քաղաքացիների նամակում նշված է, որ երիտասարդների դեմ ցուցմունք են տվել հիմնականում ոստիկաններ, մի քանի քաղաքացի, որոնց ծեծել են եւ ստիպելով բերել են դատարան։ Նամակի հեղինակները նշում են, որ մեկին էլ պետք է դատեին կատարած հանցագործության համար, սակայն դա չանելու դիմաց ստիպել են, որ ցուցմունք տա երիտասարդների դեմ։ Նամակում նաեւ նշված է, որ բոլոր դատական նիստերի ընթացքում Գագիկ Պողոսյանը չի լսել եւ ոչ մի կողմին եւ «ճոճաթոռին նստած կամ ճոճվել է, կամ քնել»։

Նամակում անդրադարձ է կատարվում նաեւ օգոստոսի 31-ին արդարադատության խորհրդում Սերժ Սարգսյանի ելույթին, որի ժամանակ նա պահանջել է հատկապես ուշադրության դարձնել քաղաքացիների բողոքների վրա, եւ նշել, որ ոչ մի դատավոր անպատիժ չի մնալու քաղաքացու բողոքից։ Դրանից ելնելով՝ քաղաքացիները ներկայացնում են հիմնավորված փաստեր եւ պահանջում են պատժել Գագիկ Պողոսյանին։ Նրանք մեկ այլ նամակ էլ են պատրաստում՝ պահանջելով մի շարք երկրների դեսպանատներից Գագիկ Պողոսյանին զրկել այդ երկրների մուտքի վիզաներից։

Այս պահին ստորագրահավաքը շարունակվում է եւ մի քանի օրից այն կուղարկվի նշյալ հասցեատերերին։ Նամակներն ուղարկվելու են ՀՀ Արդարադատության նախարարության խորհուրդ, ԱԺ դատաիրավական հանձնաժողովի նախագահին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահին եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմին։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031