Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներն ավելի վաղ էին կատարվել

Հոկտեմբեր 12,2012 12:50

Զոլյանի գործով փաստաբանը հանդես է եկել հայցի լրացմամբ

 Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես է եկել հայցի հիմքերը լրացնելու վերաբերյալ դիմումով:

Հիշեցենք, որ Սուրեն Զոլյանը դատարան է դիմել եւ բողոքարկում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` կարգապահական տույժեր կիրառելու, աշխատանքից ազատելու հրամանները, պահաջում անվավեր ճանաչել դրանք և իրեն վերականգնել աշխատանքում:

Փաստաբանը այսօր aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ 17.04.2012թ. թիվ 173-Ա հրամանին, որով իր վստահորդը՝ Ս.Զոլյանը ենթարկվել է կարգապահական տույժի: «Պատասխանող կողմը չի հստակեցրել, թե կոնկրետ որ օրենքներով նախատեսված ներքին իրավական ակտեր է խախտել հայցվոր կողմը»:

Ըստ նրա՝ հրամանի «բ» ենթակետով նախարարությունը որպես կարգապահական տույժի ենթարկելու հիմք է համարել այն, որ հայցվորը աշխատանքի է ընդունել դասախոսի, որը չունի բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով` ՀՀ կառավարության որոշման պահանջը: Փաստաբան անդրադարձավ նաեւ «ուսուցման անհատական ձևերի մասին» վերոնշյալ հրամանին.« Նշեմ, որ անհատական ժամանակացույցով ուսուցումը ուսուցման կազմակերպման ձև է, այլ ոչ թե ուսուցման ձև, քանի որ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` ուսուցման երեք ձև է առանձնացվում` առկա, հեռակա, հեռավար, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.09.2003թ հ 1412-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային բնակավայրերի», «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ներ մանկավարժական կադրեր գործուղելու կարգի 4-րդ կետի համաձայն. «… նախավերջին և ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ` ուսման անհատական ժամանակացույցի տեղափոխվելուց հետո: Հետևապես, անհատական ժամանակացույցի առկայության մասին տեղեկատվություն կարելի է գտնել նաևՀՀ կառավարության համապատասխան որոշումով հաստատված կարգի վերոնշյալ կետում:

Ուսանողների հեռացումներն ու վերականգնումները մինչև ս/թ հունվարի 29 ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «ՀՀ բուհերում ուսանողների հեռացման /ազատման/ և վերականգնման» կարգի ուժի մեջ մտնելը կատարվել է ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի կամ ռեկտորատի որոշմանբ հաստատված ներքին իրավական ակտերի համաձայն, իսկ ուսանողուհու 1-ին կուրսի 1-ին կիսամյակում հրամանագրելը զուտ տեխնիկական սխալի արդյունք է դեկանատի կողմից, քանի որ հունիսին հնարավոր չէր ուսանողուհուն վերականգնել 1-ին կիսամյակում: Հետևապես «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը չի խախտվել»:

Ինչ վերաբերում է որակավորման անվանման սխալ ամրագրմանը, ապա նշվածի առնչությամբ փաստաբանն ասում է, որ «Շնորհվում է» բառերից հետո փոքրատառով գրվել է լեզվաբանության և հաղորդակցման որակավորման անվանումը /համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի», այլ ոչ թե «լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության»(անգլերեն լեզու և միջազգային տուրիզմ) որակավորումը»:

Ըստ փաստաբանի, այն բոլոր խախտումները, որոնք հայտնաբերվել են ուսումնասիրությունների ընթացքում, ընդգրկում են ավելի վաղ ժամանակահատված, ուստի դրանց համար կիրառելի են վաղեմության ժամկետները, ավելին, նման պայմաններում կարգապահական տույժի ենթարկելու մասին խոսք լինել անգամ չի կարող:

Լ.Գրիգորյանը պահանջում է անվավեր ճանաչել Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի N 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի N 173-Ա հրամանները., նրա լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ի N 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ՀՀ կրթության և գիտութ֊յան նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի N 58-Ա1 հրամանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031